ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հայ համայնքի, Հայ առաքելական եկեղեցու և մի շարք բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ Վաշինգտոնում մասնակցել են Սիրիային հումանիտար օժանդակություն տրամադրելու վերաբերյալ քննարկումներին, որոնք կազմակերպվել էին ԱՄՆ պետդեպարտամենտի և Միջազգային զարգացման գործակալության կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, հանդիպման ընթացքում բարձրացվել են ամերիկահայ համայնքին հուզող բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում առնչվել են սիրիահայությանը տրամադրվող աջակցությանը:

Որպես օժանդակության հիմնական ուղղություններ նշվել են Հալեպի հայ համայնքին առաջնային օգնության տրամադրումը, մասնավորապես քաղաքում ստեղծված բարդ իրավիճակի հետևանքով: Միաժամանակ ընդգծվել է քաղաքում առանձին բնակչության խմբերի շրջափակումների բացառման անհրաժեշտությունը: Առաջնային անհրաժեշտություն է համարվել նաև Հայաստանի կառավարությանը և հասարակական կազմակերպություններին օժանդակության տրամադրումը` Հայաստան տեղափոխված սիրիահայերի առաջնային խնդիրների լուծման նպատակով: Կարևորվել է նաև Հայ առաքելական եկեղեցուն և Լիբանանի հայկական բարեգործական ընկերությունների օժանդակության տրամադրումը` Սիրիայից Լիբանան տեղափոխված փախստականների խնդիրների լուծմանը նպաստելու համար:

Սիրիայում երկու տարուց ավելի շարունակվող քաղաքացիական պատերազմից տուժել են բազմաթիվ սիրիահայեր, որոնք հիմնականում կենտրոնացած են Հալեպում, հայ համայնքներ կան նաև Դամասկոսում, Քեսաբում և այլուր:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում արդեն երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 70 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: Փախստականների թիվի մասին նշվում էր, որ այն գերազանցել է մեկ միլիոնը: