Ա. Ընդհ. Ժողով, Թիֆլիս, 1892

ՀՅԴ առաջին Ընդհանուր ժողովը տեղի ունեցած է1892 թուականի Յուլիս-Սեպտեմբեր ամիսներուն, Թիֆլիսո, Վրաստան (Ռուսական կայսրութիւն):

Հ.Յ. Դաշնակցության առաջին Ընդհանուր ժողովը ճակատագրական դեր խաղաց ինչպէս մայր կուսակցութեան, այնպէս էլ ողջ հայ ազատամարտի պատմութեան մէջ: Նրա մշակած գաղափարական ու կազմակերպական սկզբունքները որոշեցին արեւմտահայերի մի ամբողջ տասնամեակ տեւած հերոսական պայքարի ուղղութիւնն ու եղանակները:
Ժողովը պարզութիւն մտցրեց 1890ին ստեղծուած «Հայ Յեղափոխականների Դաշնակցութեան» նպատակների ու գործելակերպի մէջ: Տեղի ունեցաւ այն որակական տեղաշարժը, որի հետեւանքով ստեղծուեց «ոչ այնքան յեղափոխականների դաշնակցութիւն, այսինքն՝ յեղափոխական մարդկանց միութիւն, այլ յեղափոխական դաշնակցութիւն, այսինքն՝ յեղափոխական մի որոշ ծրագիր հետապնդող կուսակցութիւն, որ ունի յեղափոխական գործելակերպ: Եւ աստիճանաբար Դաշնակցութիւնը դարձաւ ոչ թէ առհասարակ յեղափոխականների միութիւն, այլ դաշնակցական իմաստով յեղափոխկաանների կազմակերպութիւն»*:

Այս տեղաշարժի հետեւանքով փոխում էր նաեւ Հ.Յ. Դաշնակցութեան շուրջը համախմբուած երիտասարդների գաղափարական նպատակամշուածութիւնն ու գործունէութեան եղանակը:

Ազատականների ու յեղափոխականների պայքարը աւարտւում էր: 1890ին յստակօրէն գծագրուած միասնական նպատակից անցում էր կատարւում դէպի գաղափարական ու կազմակերպական սկզբունքների միասնութիւնը: Ձեւաւորւում էր յեղափոխական, մարտական, ապակենտրոն, իր քաղաքական նպատակներով՝ խորապէս ազգային, ընկերային յենարանով՝ ժողովրդա-աշխատաւորական մի կուսակցութիւն, որը առաջին պլան մղելով արեւմտահայերի ազատագրութեան խնդիրը միաժամանակ պահպանում էր հաւատը ընկերվարութեան յաղթանակի նկատմամբ:
Դրանով իսկ կուսակցութիւնը ամուր կերպով կանգնելով ազգային խնդիրների լուծման հողի վրայ կարողանում էր կապ ստեղծել իր դարաշրջանի արժէքների հետ եւ կատարել ազգայինի ու համամարդկայինի սինթեզը, որն էլ դառնում էր նրա ուժի ու կենսունակութեան աղբիւրը:

*Ն. Հանգոյց, «Մտածումներ ՀՅ Դաշնակցութեան մասին», Փարիզ, 1930, էջ 75

Գէորգ Խուդինեան
«Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Առաջին ընդհանուր ժողովը» (Գումարման 100-ամեակի առթիւ)

Երեւան, 1992, էջ 30

-Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան Պատմութեան Համար. Բ. Հատոր