Yerkir- Սիրիական կառավարական բանակը դեռևս պաշտոնապես չի հայտարարել Հալեպի ազատագրման մասին, սակայն բանակի նվաճումները հրաշալի են և լայնածավալ. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց հալեպահայ գրող, վերլուծաբան Հարութ Օրդեքյանը:

Նրա խոսքով՝ Հալեպի մի քանի փոքր շրջաններ՝ մոտավորապես 8 կմ քառակուսի տարածք, դեռևս ազատագրված չէ, սակայն կառավարական բանակն այդ ուղղությամբ աշխատանքները շարունակում է:

Մեր հարցին, թե Հալեպ քաղաքին մոտ ո՞ր շրջաններն են, որ դեռևս գտնվում են ահաբեկիչների տիրապետության տակ, Օրդեքյանը պատասխանեց. «Անսարի, Սըքարի, Ամիրիե, Մաշհատ, Զըպտիե և մի քանի այլ շրջաններ, սակայն ամեն րոպե կարելի է ազատագրել ևս մեկ շրջան: Եթե զինյալների նահանջի համար ճանապարհ բացելու նպատակով ռուս-ամերիկյան համաձայնությամբ կարճատև հրադադար հայտարարվի, ամեն ինչ շատ արագ կընթանա»:

Մեզ զրուցակիցը նաև նշեց, որ Հալեպում երեկվա նվաճումներից հետո գերազանց է հալեպահայ գաղութի և տեղի ժողովրդի տրամադրությունը:

«Ժողովուրդը գերուրախ է և լիահույս. վերջապես 4 տարիների երազանքն իրականանում է: Ժողովուրդը քաջ գիտակցում է, այսպես կոչված, հեղափոխության իսկությունը և ցանկանում րոպե առաջ վերջնականապես դադարել ահաբեկիչների «թնդանոթի միս» դառնալը»,- նշեց Օրդեքյանը՝ հավելելով, որ վտանգը հայկական թաղամասերում համարյա չեզոքացվել է, ծնողներն առաջին անգամ հանգիստ մտքով իրենց երեխաներին ուղարկում են վարժարան, ազատագրված շրջաններում հայ արհեստավորներն սկսել են վերանորոգման աշխատանքները, գաղութի ներսում տիրում է վերականգնումի հոգեբանություն:

«Պետք է նշել, սակայն, որ հայ մայրերի սիրտը վերջնականապես կհանգստանա, երբ վերջին ահաբեկիչը հեռանա քաղաքից»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է էլեկտրականության, ջրի և համացանցի հասանելիությանը, Օրդեքյանը նշեց, որ ժողովուրդը էլեկտրականություն է ստանում թաղամասերում տեղադրված գեներատորներից, ջրի մատակարարումը վերականգնված է, իսկ համացանցը հասանելի է բոլորին: