Գանձասար – Հալեպի եկեղեցիների զանգերը 5 տարվա լռությունից հետո ղողանջել են՝ Արամ Ա. վեհափառի այցելության առիթով
Հունվարի 7-ը նշանակալից և պատմական թվական պիտի դառնա հալեպահայերի հիշողության և պատմության մեջ. գրում է Հալեպի «Գանձասար» պարբերականը։

Այսօր առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. վեհափառ հայրապետը իրեն ընկերակցող շքախմբով՝ պետական, ազգային մարմինների ներկայացուցիչների հետ այցելել է նախ Հալեպի Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի և ականատեսը եղել ահաբեկչական հրթիռակոծումների պատճառած ավերներին։

Նրան ուղեկցել են Բերիոյ Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տեր Շահան Սրբ. Արք. Սարգիսյանը, որը վեհափառին իրազեկել է եկեղեցու կառույցի մասնակի վնասների մասին:

Այցելության հաջորդ վայրը եղել է Հալեպի Օմայադ պատմական մզկիթը, որն ունի 1300 տարվա պատմություն։ Մզկիթի մուտքի մոտ վեհափառ հորն ու նրան ուղեկցողներին ընդունեցին իսլամ հոգևորականները։

Հալեպի հոգևոր կալվածքների տնօրենը տեղեկացրել է, թե ինչպես են ահաբեկիչները քանդել մզկիթն ու թալանել պատմական գանձերը՝ դրանց մի մասը փախցնելով Թուրքիա, մյուս մասը՝ Հալեպի հյուսիսային արվարձաններ։

Այնուհետ Արամ Ա. կաթողիկոսն այցելել է Հալեպի պատմական բերդ, տեսել դրա շուրջ եղած ավերներն ու համատարած քանդումները, հարցազրույց է տվել լրատվամիջոցներին՝ մեջբերելով Վիկտոր Հյուգոյի խոսքը «Այստեղից թուրքերն են անցել» Նա հավելել է, որ ցեղասպան թուրքը ինչպես 100 տարի առաջ մեր պատմական հայրենիքում, այժմ էլ Սիրիայում է մահ ու ավեր սփռում։

«Հալեպը խորհրդանիշն է սիրո և խաղաղության ու ես վստահ եմ, որ այն պիտի վերականգնվի»,- նշեց վեհափառ հայրապետը։

Վեհափառն իր ուղեկիցների հետ եղել է նաև Նոր Գյուղ հայաշատ թաղամասում, այցելել ահաբեկիչների կողմից հրկիզված Սուրբ Գևորգ եկեղեցին։

Այստեղ հայ տղաները նրան պատմել են 2013 թվականին եկեղեցու հրկիզման մանրամասներըԱրամ Ա. վեհափառը շրջել է եկեղեցում և աղոթել, ապա ասել. «Գտնվում եմ Սուրբ Գևորգ եկեղեցում՝ հրկիզված, քանդված, կողոպտված, նույն Ցեղասպան թուրքի հետքն եմ տեսնում այստեղ։ Քիչ առաջ շրջեցի Հալեպի տարբեր թաղամասերում, տեսա ահավոր ավեր, սարսափ ու մահ։ Որքան ճիշտ է ֆրանսիացի մտավորական Վիկտոր Հյուգոյի խոսքը, թե. «Այստեղից թուրքն է անցել, հետևաբար ամեն տեղ մահ է, քանդում ու սարսափ»: Մեր ժողովուրդը կարող է վկայել այս մասին: Արևմտյան Հայաստանով, Կիլիկիայով դարձյալ թուրքն է անցել ու քանդել, ավերել ու մեկուկես միլիոն հայ ջարդել։ Եվ այսօր այս տագնապահար Հալեպի մեր սիրելի ժողովրդի դիմաց, մենք հավաքական հավատով, հույսով ու կամքով պետք է դիմագրավենք ու մանավանդ վերակերտենք Հալեպի հայության կյանքը, մեր կառույցները։ Վերաշինենք ոչ միայն ֆիզիկական իմաստով, այլ նաև մեր համայնքը վերակազմակերպելով։ Ես այս հուսով ու հանձնառությամբ ողջունում եմ Հալեպի մեր սիրելի ժողովրդին և վստահ են, որ հայությունն ամեն տեղ զորակից, լծակից ու մասնակից պիտի դառնա սիրիահայության և հատկապես հալեպահայության վերականգնման ու վերածաղկման աշխատանքներին»։

Վեհափառն այցելել է նաև Սիրիայի Օգնության խաչի բժշկական կենտրոն, տեսել դրա վնասները։

Այցելության հաջորդ կայանը եղել է Հալեպի Կարեն Եփփե ազգային ճեմարանը։ Ճեմարանի տնօրեն Հակոբ Քիլեճյանն ու խնամակալություն ներկայացուցիչները հաստատել են, որ առաջիկա տարում աշակերտները դարձյալ պետք է հաճախեն ճեմարան՝ շենացնելով 70-ամյա կրթօջախը։

Արամ Ա.-ի գլխավորած պատվիրակությունը նաև մոմ է վառել հայկական թաղամասերի պաշտպանության ղեկավար, նահատակված Րաֆֆի Բչաքճյանի հիշատակին նվիրված մատուռի մոտ, ապա այցելել Ազգային Սահակյան վարժարան, որտեղ զրուցել է նվիրյալ հայ տղաների հետ ու բարձր գնահատեց նրանց ազգանվեր ծառայությունը՝ պատերազմական այս ծանր պայմաններում։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում վեհափառը գոհաբանական աղոթք է մատուցել առ Աստված, ապա հանդիպել Ազգային պատսպարանի պատասխանատուների և սաների հետ։

5 տարի շարունակ Հալեպի բախումնային շրջաններում գտնվող հայկական եկեղեցիների անգերը կրկին ղողանջեցին՝ ավետելով ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ հայրապետին այցելությունն ու Հալեպի խաղաղության վերահաստատումը: