ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպն ազատագրվելուց հետո քիչ-քիչ վերականգնվում է: Արդեն զգալի աշխատանքներ են արվել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, Հալեպում քաղաքի փակ ճանապարհները բացված են:

«Արդեն քարակույտերի, հողակույտերի, որոնք փակել էին ճանապարհները, հեռացման ուղղությամբ աշխատանքները բավական առաջ են գնացել: Մանավանդ այն ճանապարհների դեպքում, որոնք երկար ժամանակ փակ են եղել: Ինչ վերաբերում է տներին, ապա պետք է ասեմ, որ փոքր նորոգություններ արվում են: Յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում վնասված տները կարգի է բերում: Շինությունների ավելի մեծ վնասներն արդեն այլ ծրագրի մեջ պետք է ներառվեն»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Տեղի իշխանությունների ջանքերով աշխատանքներ են կատարվել կենտրոնական շուկան վերագործարկելու համար, որտեղ գյուղացիները մեծաքանակ արտադրությունը դուրս են բերում վաճառքի:

«Զգալի աշխատանքներ են կատարվել Հալեպի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ: Կարելի է ասել, որ աշխատանքները վերջնական փուլում են: Շրջակայքի ապահովության քայլեր են իրականացվում»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Ջրամատակարարման հարցը դեռ կարգավորված չէ: Ժիրայր Ռեիսյանը տեղեկացրեց, որ ջրամատակարարումը, դժբախտաբար, բավական երկար ժամանակ է խնդիր է: Զինյալ խմբավորումներն ուղղակի կենտրոնից անջատել էին ջրի մատակարարումը և ջուր քաղաք չէր մտնում:

«Բայց արդեն անցնող օրերին բանակն իր առաջխաղացմամբ կարողացավ հասնել այդ շրջանները: Զգալի աշխատանքների շնորհիվ ջուրը հասել է քաղաքի մերձակայք: Ենթադրվում է, որ այս օրերին արդեն մեզ մոտ կսկսվի ջրամատակարարումը»,-ավելացրեց Ժիրայր Ռեիսյանը: Ինչ վերաբերում է էլեկտրականությանը, ապա նա տեղեկացրեց, որ առայժմ մի քանի ժամով է հոսանք տրվում:

Ժիրայր Ռեիսյանը տեղեկացրեց, որ Հալեպում հայկական դպրոցները գործում են, վերադարձել են իրենց բնականոն աշխատանքին:

Ինչ վերաբերում է պատերազմի տարիներին այլ երկրներ տեղափոխված սիրահայերի հնարավոր վերադարձին, ապա Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ այդ հարցում արդեն որոշակի տեղաշարժ կա:

«Սիրիահայերի տեղաշարժ արդեն կա, որոշ ընտանիքներ գործանական քայլերի են դիմել և վերադարձել: Իհարկե, կոնկրետ թիվ չեմ կարող ասել, բայց վերադարձողներ կան: Վերադարձողները և’ Լիբանանից են, և’ արևմտյան երկրներից»,-հավելեց Ժիրայր Ռեիսյանը:

Հալեպն ազատագրվել է 2016 թվականի դեկտեմբերի 12-ին: Ժողովուրդը ցնծությամբ է տոնել բազմաչարչար Հալեպի ազատագրումը: