Թող հանրաքվեն պարզի՝ ժողովուրդն ինչ է ուզում
23 Օգոստոս 2019 Օրերս ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը Ամուլսարի շահագործման առնչությամբ հայտարարություն տարածեց, որում մտահոգիչ էր համարվում այն իրողությունը, որ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ հրապարակված եզրակացությունները բավարար համոզում և վստահություն չեն ներշնչում ինչպես հանրային, այնպես էլ մասնագիտական շրջանակներում։ ՀՅԴ-ն նաև կոչ էր արել հանրաքվեի ճանապարհով հասնել Ամուլսարի հարցի լուծմանը:2016 թ.-ին, երբ Ամուլսարում մեկնարկել էին շինարարական աշխատանքները, բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում բացատրեց, թե ինչու է ՀՅԴ-ն այժմ հանրաքվեի անհրաժեշտություն տեսնում, իսկ 2016 թ.-ին դեմ չէր արտահայտվում Ամուլսարում շինարարական աշխատանքների իրականացմանը:
«Հանքի շահագործման թույլատրությունը տրվել էր շատ ավելի վաղ, քան Արծվիկ Մինասյանի նախարար նշանակվելը: Բացի այդ, մի մոռացեք, որ 2016-ին հանրային այսպիսի հուժկու ընդդիմություն չկար: Հարցը կար, խոսվում էր դրա մասին, բայց կուլմինացիան վերջերս եղավ: Հիմա իրավիճակ է փոխվել: Իշխանություններն ասում են, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուղղակի ժողովրդավարության կողմնակից են:
Մենք էլ ասում ենք՝ եթե իրական ժողովրդավարության կողմնակից եք, պետք է լայնաֆորմատ քննարկում ծավալվի, և քաղաքացիները որոշում կայացնեն: Հասարակությունն իսկապես այս հարցի շուրջ երկփեղկված է, ELARD-ի փորձաքննությունն էլ փորձագիտական շրջանակներում վստահություն չի ներշնչում»,- ասաց նա:
Արթուր Խաչատրյանը նշեց, որ Ամուլսարի հարցում հանրաքվե անցկացնելու առաջարկով՝ Դաշնակցությունը ստեղծված իրավիճակի լուծման մեխանիզմ է առաջարկում: Ըստ նրա՝ հանրաքվեն հասարակության համերաշխությունն ապահովելու գործիքներից մեկն է:
«Ամուլսարի շուրջ նման իրավիճակն առաջացավ նաև այս իշխանությունների անգործության հետևանքով: Անցյալ տարվա մայիսից Ամուլսարում պրոցեսներ էին տեղի ունենում, իսկ իշխանություններն ընդհանրապես չէին խառնվում: Ժողովրդի, ջերմուկցիների, բնապահպանների մոտ սպասումներ էին առաջացրել, հիմա հուսախաբ են անում: Դրա համար ասում ենք՝ հիմա թող տարբեր փորձագետները խոսեն բնապահպանական, տնտեսական ազդեցության մասին, հարցը դրվի հանրաքվեի, մենք էլ մեր դիրքորոշումը կասենք»,- ասաց Արթուր Խաչատրյանը:
«Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ ճիշտ չեն համարել հանրաքվեի միջոցով Ամուլսարի հարցի լուծումը: Մասնավորապես, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարել էր, որ չէր ցանկանա՝ Ամուլսարի հարցում որոշիչ լիներ «անգրագետ Պողոսի» ձայնը: Իսկ Հովիկ Աղազարյանի կարծիքով՝ ջերմուկցիների և սարի հարակից համայնքների բնակիչների քվեարկությունը շահագործման նպատակահարմարության իրական պատկերը չի արտահայտի: Ըստ պատգամավորի՝ նրանց դիրքորոշումը կանխատեսելի է. «Պարզ ա, որ ջերմուկցին կասի, որ ես չեմ ուզում»:
Արթուր Խաչատրյանը համաձայն չէ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների տեսակետների հետ: Նրա խոսքով՝ ընտրություններից առաջ էլ կուսակցությունները տնտեսական, արտաքին, պաշտպանական և այլ ոլորտների քաղաքականություններ են առաջարկում, «բա այդ «անգրագետ» մարդիկ ինչպե՞ս էին ընտրում, որոշում կայացնում»:
«Հիմա շատերն ասում են՝ ժողովուրդը ո՞նց կարող է այդ տեխնիկական որոշումը կայացնի: Ես էլ ասում եմ՝ իշխանությունները հայտարարում էին, որ Ղարաբաղի հարցը հրապարակում է լուծվելու, բա ինչո՞ւ որևէ մեկը չասեց՝ ժողովուրդը ո՞նց կարող է հրապարակում տենց կարևոր որոշում կայացնի: Եթե իշխանությունները պատրաստ էին Արցախի հարցը հրապարակում լուծել, Ամուլսարի հանքի շահագործումն ինչո՞ւ չեն կարող: Վերջիվերջո, նաև իրենց բնորոշմամբ հենց այդ «անգրագետ պողոսներն» են իշխանություն ձևավորում: Իրենք ի՞նչ է, առաջարկում են ընտրական իրավունքը վերացնե՞լ: Հիմա ասում են՝ որոշում կայացնելը ժողովրդի վրա թողնելը պատասխանատվությունից խուսափել է նշանակում: Այդ դեպքում Արցախի հարցում ինչո՞ւ եք պատասխանատվությունից խուսափում, չէ որ՝ Արցախն ազգի գոյության հարցն է»,- նկատեց Արթուր Խաչատրյանը:
Հեղինակ Հակոբ Ասլանյան