Բողոքի ակցիա Հովհաննես Սուքիասյանին սպանողին վաղաժամկետ ազատ արձակելու դեմ
18 Հոկտեմբեր 2019 «Մարդասպանը իրավունք չունի դուրսը լինելու, որովհետև արդեն սովոր է, նորից է մարդ սպանելու, մարդկությունից նրան պետք է առանձնացնել». Yerkir.am-ին ասացին Վանո Սիրադեղյանի բանդայի կողմից քաղաքական հողի վրա 1992 թ-ին սպանված ՀՅԴ անդամ Հովհաննես Սուքիասյանի համագյուղացիները:Նրանք այսօր՝ հոկտեմբերի 18-ին, բողոքի ակցիա են իրականացրել բանդայի անդամ-դահիճ Ալիկ Գրիգորյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու դեմ՝ դատարանի շենքի առջև:
Համագյուղացիներից՝ Համլետ Ռաֆայելյանը նրան բնութագրեց իբրև աշխատասեր, հայրենիքին նվիրված անձնավորություն. «Շրջանի բոլոր բնակիչների համար, Սումգայիթից բռնագաղթած մարդկանց համար շատ էր ցավում, օգնում ամեն ինչով: Եվ այդ դեպքն էլ հենց պատահեց, երբ գնում էր նրանց մոտ»:

Համգյուղացիները մտահոգություն հայտնեցին, որ չի կարելի մարդասպանին ազատ արձակել, նա սպանել է մարդկությանը, պետությանը պիտանի անհատի:
«Եկել եմ, որ զորակցություն հայտնեմ, որ նրան բաց չթողնեն, մենք չենք ցանկանում, որ նա և նրա նմանները ազատության մեջ լինեն: Սխալ էր էլի գնդակահարությունը հանելը»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցը:
Համագյուղացի և կուսակցական ընկեր Արշակ Գևորգյանն ընդգծեց սպանության՝ միտումնավո, քաղաքական ենթատեքստով կազմակերպված լինելը. «Այն ժամանակվա ՀՀՇ վարչությունում է սպանության որոշումը կայացվել՝ բոլոր նյութերը կան: Իմ կուսակցական ընկերն է եղել: Կոշի կոլտնտեսությունում բանվորից հասել է մինչև շրջսովետի գործկոմի նախագահի պաշտոնի, նրա բարության, մարդ լինելու մասին հեքիաթներ են պատմում: Ինչպես փորձեն նման ճիվաղին ազատել, մանավանդ որ քաղաքական սպանություն է՝ պատվիրված կիլերների գործողություն: Եթե նման նախադեպ ստեղծեն, շղթայական ռեակցիայով դեռ շատ մարդիկ կազատվեն՝ նոր հոկտեմբերի 27 առաջ կգա»,-ասաց նա:
«Ախպերության ֆոնդին». Հովհաննես Սուքիասյանի որդիները՝ հորը սպանելու հանգամանքների մասին
Երբ Արմեն Տեր-Սահակյանին բանդայի անդամները հարց են տալիս՝ ո՞վ է Հովհաննես Սուքիասյանը, ինչի՞ պիտի սպանենք, ձեռքի արհամարհական շարժումով ասում է՝ «ախպերության ֆոնդին». Yerkir.am-ին պատմեց Վանո Սիրադեղյանի բանդայի կողմից քաղաքական հողի վրա 1992 թ-ին սպանված ՀՅԴ անդամ Հովհաննես Սուքիասյանի որդին՝ Թադևոս Սուքիասյանը: Նա և եղբայրը այսօր՝ հոկտեմբերի 18-ին, մասնակցել են բողոքի ակցիային, որը կազմակերպվել էր դատարանի շենքի առջև՝ բանդայի անդամ-դահիճ Ալիկ Գրիգորյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու դեմ:
Թադևոս Սուքիասյանը հոր սպանության տարում եղել է 11 տարեկան:
«27 տարի առաջ ՀՀՇ-ի բարձրագույն իշխանությունների հովանավորությամբ և անմիջական աջակցությամբ են տեղի ունեցել քաղաքական սպանությունները»,-ասաց նա:
Նա մտահոգություն հայտնեց, որ սպանությունից անցել է 27 տարի և սերունդ է մեծացել, որը բացարձակ տեղյակ չէ՝ ինչ է կատարվել 1990-ականների սկզբներին:
«Հերս իր անձնական միջոցներով և հարակից շրջանների շրջխորհրդի նախագահների աջակցությամբ 500 որբ էր պահում արցախյան ազատամարտի տարիներին, հիմա ասեք՝ թուրքն էր ավելի վատ, թե այս թուրքանման հայերը՝ որ հորս սպանելով նորից որբացրին այդ 500 որբին ու այն փախստականներին, որոնց հոգսերը ծառացած էր հորս ուսերին: Ակամայից հիշում ես մեծ Նժդեհի խոսքը, որ՝ մեր դժբախտությունը այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ որ կան թուրքանման հայեր: Հիմա սրանք են՝ Վանոյի և Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ»,-ասաց Հովհաննես Սուքիասյանի որդին:
Եղբայրը՝ Հարություն Սուքիասյանը, վրդովված պատմեց, որ իրենց հորը սպանողն ասել է, թե իր «թիկունքը» այն ժամանակվա Ներքին գործերի նախարարն ու երկրի նախագահն են: