ՀՅԴ Բյուրոյի ուղերձը Անկախության օրվա առթիվ
21 Սեպտեմբեր 2021
Սիրելի՛ հայրենակիցներ․
մեր նորօրյա անկախ պետականության 30-ամյա տարեդարձը ստիպված ենք դիմավորել ծանր պայմաններում։ Վերջին պատերազմի վերքերը խորն են, կորուստները ցավալիորեն շատ։ Վտանգված է աշխարհի քաղաքական քարտեզի վրա մեր ինքնիշխան գոյության իրավունքը։ Առկա մարտահրավերներին ու արտաքին ուժերին դիմակայելու անհրաժեշտ նախապայմանը ներքին ամրությունն է։ Նախևառաջ այդ խաթարված ամրությունը վերականգնելու հարց ունենք։
Ցավոք, արտահերթ խորհրդարանական ընտրությունները չնպաստեցին այդ խնդրի լուծմանը։ Ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև միտում ունի ավելի խորանալու։ Մանիպուլյացիաներով, վարչա-իշխանական լծակների գործադրմամբ ձեռք բերված ընտրական քվեները օրվա իշխանությունը ընկալել է որպես իր ձախողումների, ապաշնորհ կառավարման և կործանարար քաղաքականության ինդուլգենցիա։ Շարունակ խոսելով ժողովրդի անունից և թաքնվելով ժողովրդի թիկունքում իշխող վարչախումբը այդ նույն ժողովրդին տարել և տանում է պարտության ու հայրենազրկման։
Խոսելով ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից, ազատություններից ու քաղաքական հանդուրժողականությունից օրվա իշխանությունները դրսևորում են բռնապետական բացահայտ հակումներ, ոտնակոխ են անում օրենքն ու մարդկանց օրինական իրավունքները, զբաղված են թշնամանք սերմանելով ու ատելության քարոզելով։
Սթափվելու, անցած ճանապարհը արժեւորելու, վերագնահատումներ կատարելու, հստակ ազգային օրակարգ և ծրագիր որդեգրելու ու հետևողականորեն գործադրելու հրամայականի առջև ենք։
Շնորհավորելով մեր ժողովրդին անկախության տոնի առիթով՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, իբրև համահայկական կազմակերպություն, վերահաստատում է իր հանձնառությունը` շարունակելու պայքարը թե ներքին, թե արտաքին ճակատների վրա ի շահ ազգային, ուժեղ պետականության և Արցախի ինքնորոշման ու ազատության։ Խորապես համոզված ենք՝ անկախ պետականությունը բացարձակ արժեք է ու նաեւ՝ ազգի բնականոն զարգացման նախապայմանը։ Իշխանությունները անցողիկ են, պետականության տերը բոլորս ենք ու բոլորս անելիք ունենք։ Հայաստանի Հանրապետությունը աշխարհասփյուռ հայության հայրենիքն է և ըստ այդմ՝ հայոց անկախ պետականության հզորացումն ու ամրապնդումը համայն հայության գերխնդիրն է: Արյամբ, զոհողություններով ու քրտինքով կերտված մեր անկախ պետականությունը այսօր առավել քան երբեւէ մեր բոլորի հոգածության ու նվիրումի կարիքն ունի։ Մեզ պարտադրվող փորձությունները կարող ենք եւ պետք է հաղթահարենք։
ՀՅԴ Բյուրո
21-ը Սեպտեմբերի, 2021 թ.
(Արեւմտահայերեն տարբերակը՝ ստորեւ)
ՀՅԴ Բիւրոյի ուղերձը Անկախութեան օրուայ առթիւ
Սիրելի՛ հայրենակիցներ․
Մեր նորանկախ պետականութեան 30-րդ տարեդարձը ստիպուած ենք դիմաւորելու ծանր պայմաններու մէջ։ Վերջին պատերազմին վէրքերը խորունկ են, կորուստները՝ ցաւալիօրէն շատ։ Վտանգուած է աշխարհի քաղաքական քարտէսի վրայ մեր ինքնիշխան գոյութեան իրաւունքը։ Առկայ մարտահրավերները եւ արտաքին սպառնալիքները դիմագրաւելու անհրաժեշտ նախապայմանը ներքին ամրութիւնն է։ Առաջին հերթին խաթարուած ամրութիւնը վերականգնելու հարց ունինք։
Ցավօք, խորհրդարանական արտահերթ ընտրութիւնները չնպաստեցին այդ հարցին լուծման։ Ճգնաժամը ոչ միայն չէ յաղթահարուած, այլեւ կը հակի առաւել խորացման: Խարդաւանքներու, վարչա-իշխանական լծակներու օգտագործմամբ ձեռք բերուած քուէները իշխանութիւնը ընկալած է որպէս իր ձախողութիւններուն, ապաշնորհ կառավարման եւ կործանարար քաղաքականութեան մեղքերու թողութիւն: Շարունակ խօսելով ժողովուրդին անունով եւ պահուըտելով անոր ետեւ, իշխող վարչախումբը այդ նոյն ժողովուրդը տարած է ու կը շարունակէ տանիլ պարտութեան ու հայրենազրկման։ Ճառելով ժողովրդավարութենէ, մարդու իրաւունքներէ, ազատութիւններէ ու քաղաքական հանդուրժողականութենէ, իշխանութիւնները կը դրսեւորեն բռնապետական բացայայտ հակումներ, կ‘ոտնակոխեն օրէնքն ու քաղաքացիին իրաւունքները, զբաղած են թշնամանք սերմանելով ու ատելութիւն քարոզելով։
Սթափելու, անցած ճանապարհը արժեւորելու, վերագնահատումներ կատարելու, յստակ ազգային օրակարգ եւ ծրագիր որդեգրելու ու հետեւողականօրէն գործադրելու հրամայականի առջեւ ենք։
Շնորհաւորելով մեր ժողովուրդը՝ անկախութեան տօնին առիթով, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, իբրեւ համահայկական կազմակերպութիւն, կը վերահաստատէ իր յանձնառութիւնը` շարունակելու պայքարը թէ՛ ներքին, թէ՛ արտաքին ճակատներու վրայ, ի շահ ազգային, ուժեղ պետականութեան եւ Արցախի ինքնորոշման ու ազատութեան։ Խորապէս համոզուած ենք, որ անկախ պետականութիւնը բացարձակ արժէք է, ինչպէս նաեւ՝ ազգի բնականոն զարգացման նախապայման։ Իշխանութիւնները անցողիկ, գնայուն են, պետականութեան տէրը բոլորս ենք ու բոլորս անելիք ունինք։ Հայաստանի Հանրապետութիւնը աշխարհասփիւռ հայութեան հայրենիքն է, առ այդ՝ հայոց անկախ պետականութեան հզօրացումն ու ամրապնդումը համայն հայութեան գերխնդիրն է: Արեամբ, զոհողութիւններով ու քրտինքով կերտուած մեր անկախ պետականութիւնը այսօր աւելի քան երբեք մեր բոլորին հոգածութեան ու նուիրումին կարիքն ունի։ Մեզի պարտադրուող փորձութիւնները կրնանք եւ պէ՛տք է յաղթահարենք։
ՀՅԴ Բիւրօ
21 Սեպտեմբեր 2021