Երեւան-Ռիադ կապերը դուրս են գալիս խորհրդանշական բնույթից և տեղափոխվում գործնական մակարդակ
08 Նոյեմբեր 2025
Սաուդյան Արաբիայի պաշտոնական պատվիրակության այցը Երեւան կարելի է դիտարկել որպես տարածաշրջանային քաղաքականության նոր շրջափուլի սկիզբ։ Այս այցը ոչ միայն երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների բնական շարունակությունն է, այլ նաեւ արտացոլում է Ռիադի նոր աշխարհաքաղաքական ուղղությունը՝ հավասարակշռել Անկարայի ազդեցությունը և ընդլայնել ներկայությունը Հարավային Կովկասում։
Այս թեմայով Նոյյան տապանը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։
– Պարոն Գանտահարյան, Սաուդյան Արաբիայի առաջին պաշտոնական այցը Հայաստան ինչ նախապատմություն ունի։
– Այս այցը նախապատմություն ունի դեռ երկու տարի առաջ հաստատված համաձայնությունից՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու շուրջ, որն ստորագրվեց Արաբական Էմիրություններում։ Սակայն մինչև այդ էլ արձանագրվել էին մի շարք իրադարձություններ, որոնք նախանշեցին այս ընթացքը։ Տարիներ շարունակ Ռիադը ոչ միայն չէր ճանաչել Հայաստանի Հանրապետությունը, այլև չուներ որևէ կապ Երեւանի հետ։ Պատճառն այն էր, որ Սաուդյան Արաբիան տարբեր ոլորտներում խորացրել էր համագործակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
– Ո՞րն էր այն կետը, որից հետո իրավիճակը սկսեց փոխվել։
– Շուրջ յոթ տարի առաջ Սաուդյան Արաբիայի դեսպանը Լիբանանում անակնկալ այցելեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարան և հանդիպեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին։ Այդ այցը խորհրդանշական էր, քանի որ դրանով բացվեց մի նոր էջ՝ դեսպանի մասնակցությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը։ Հետագայում դեսպանը հանդիպեց նաև ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի և հայկական պատգամավորական խմբի ներկայացուցիչների հետ։ Այս հանդիպումները փաստորեն նախանշեցին ապագա ուղին։
– Կարո՞ղ ենք ասել, որ այդ ժամանակ սկսվեց Ռիադի քաղաքական ուղղության փոփոխությունը։
– Այո՛։ Ռիադի և Անկարայի միջև սկսեցին ի հայտ գալ մրցակցային տարրեր։ Առաջին անգամ արաբական լրատվամիջոցներն ու վերլուծական կենտրոնները սկսեցին անդրադառնալ Օսմանյան կայսրության կատարած հայերի կոտորածներին։ Թեև «ցեղասպանություն» եզրը դեռ չէր օգտագործվում, բայց հստակ հակադրություն էր ստեղծվում իսլամական հավատքի և օսմանցիների վայրագությունների միջև։
– Իսկ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ինչպե՞ս իրականություն դարձավ։
– Դա տեղի ունեցավ 2023-ին, սակայն դրան նախորդեց փոխադարձ բարեմաղթանքների և ազգային տոների առիթով ուղերձների փոխանակման փուլը։ Այդ ընթացքում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը այցելեց Ռիադ՝ մասնակցելու արհեստագիտությանը վերաբերող քննարկումների։ Այդ այցը կարելի է դիտարկել որպես պաշտոնական հարաբերությունների նախերգանք։
– Ինչպե՞ս կգնահատեք այս ամենի աշխարհաքաղաքական համատեքստը։
– Պետք է հիշել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Սաուդյան Արաբիան արգելեց թուրքական ապրանքների ներմուծումը իր տարածք։ Սա ցույց էր տալիս, որ Անկարայի նկատմամբ դիրքորոշումը փոխվում է։ Միևնույն ժամանակ, Սիրիայի տարածքներում երկու կողմերն էլ՝ Անկարա և Ռիադ, ներգրավված էին տարբեր զինյալ խմբավորումների միջոցով։ Այս մրցակցությունը հիմա տեղափոխվում է Հարավային Կովկաս։
– Իսկ ինչպե՞ս է Ռիադը պատկերացնում իր դերակատարությունը այս նոր տարածաշրջանային իրականությունում։
– Սաուդյան Արաբիան հետաքրքրված է տնտեսական նախագծերով, որոնք կկապեն Ծոցի արաբական հատվածը Իրանի տարածքի միջոցով՝ Հայաստանի վրայով դեպի Սև ծով։ Այս ուղղությունը դիտվում է որպես Թուրքիային հակակշռող ռազմավարական հնարավորություն։ Ավելին՝ Ռիադի տարածաշրջանային քայլերը հաճախ համակարգվում են ԱՄՆ-ի հետ։
– Կարո՞ղ ենք ասել, որ այս այցը նոր քաղաքական շրջափուլի սկիզբ է։
– Անպայման։ Սա Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականության նոր ուղղության արտահայտություն է՝ խորը աշխարհաքաղաքական հաշվարկներով։ Երեւան-Ռիադ կապերը դուրս են գալիս խորհրդանշական բնույթից և տեղափոխվում գործնական մակարդակ։ Կարելի է ասել, որ Սաուդյան Արաբիայի պաշտոնական պատվիրակության այցը Հայաստան ոչ միայն դիվանագիտական քայլ է, այլև ազդակ՝ տարածաշրջանում ձևավորվող նոր ուժային հավասարակշռության մասին։
