Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը
14 Նոյեմբեր 2025
Այսօր՝ նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը եւ Արթուր Խաչատրյանը հանդես եկան մամուլի ասուլիսով։
Նրանք ամփոփեցին խորհրդարանական շաբաթն ու պատասխանեցին լրագրողների հարցերին:
Արթուր Խաչատրյանը անդրադառնալով ՀՀ 2026 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ քննարկմանն ասաց. «Բյուջեն, որ ներկայացրել է կառավարությունը կարող ենք վստահաբար կոչել ձախողումների ամփոփման բյուջե։ Կառավարության վարած խայտառակ տնտեսական քաղաքականության արդյունքում, երբ արտածին գործոնները վերացան, մենք տեսանք, որ տնտեսական աճը գահավիժեց 5.2-5.4%-ի միջակայքում՝ այն դեպքում երբ կառավարությւոնը խոստացել էր բարենպաստ պայմաններում 9 %, իսկ սովորական պայմաններում 7%»:
Նա նշեց,որ պետական պարտքն ընթացիկ տարվա վերջին 15 մլրդ դոլարից է անցնում, իսկ 2026 թվականին 6 տրիլիոն դրամ անցնելու է, իսկ իշխանության ներկայացուցիչները չեն էլ կարողանում հաշվարկել պարտքի ազդեցությունը տնտեսության վրա՝ հավելելով որ 330 հազարից ավել անհուսալի վարկ կա ՀՀ բանկային համակարգում։
Խաչատրյանը նշեց, որ այդ ամենին զուգահետ ՀՀ բնակչության ¾-ը միջին աշխատավարձից ցածր է ստանում։
Նա նաև արձանագրեց, որ Փաշինյանը հայտարարում է, որ պետական բյուջեով ոչ թե մարտունակ, այլ պաշտպանունակ բանակ է կառուցում։
Արթուր Խաչատրյանը անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված հայտարարությանը, թե առաջին և երկրորդ նախագահների առաջնորդած ուժերը չպետք է լինեն խորհրդարանում՝ ասաց. «Փաշինյանը չի որոշում, թե որ քաղաքական ուժերը պետք է լինեն խորհրդարանում: Կա ժողովուրդ, ընտրողներ, որոնց Փաշինյանը ժամանակին կոչում էր 3 մլն վարչապետ, և ընտրությունների մեխանիզմներից մեկը, որով ձևավորվում է կառավարությունը, ընտրություններն են»,–ասաց նա։
Խաչատրյանը նշեց, որ դեռևս 2021-ի ընտրություններից սկսած՝ Փաշինյանը տարբեր ուժերի կոչում է ազդեցության գործակալներ։ «Նման հայտարարություններ ինքն անում է երևի 5–6 տարի, պարբերաբար հարցումներ են ուղղվում դատախազություն, իրավապահ մարմիններ՝ արդյո՞ք նման ազդակներ ստացել են, նման գործեր կան, թե՞ ոչ, բայց որևէ պատասխան չկա։ Կա՛մ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա՝ ովքեր են ազդեցության գործակալները և դատարանում պաշտպանի իր հայտարարությունը, կա՛մ իրավապահները պետք է ջոկատներ ուղարկեին տարբեր մարդկանց հետևից»,–ասաց նա։
Խաչատրյանը չի բացառում, որ Փաշինյանը տարբեր կուսակցությունների կարգելի, որովհետև հասկանում է, որ արդար պայքարում կկորցնի իշխանությունը։
«Արցախի կորստից հետո հաջորդ ցավալի ապտակը, որի մեջ մենք շարունակում ենք ապրել, Բաքվում ընթացող կեղծ դատավարություններն են»,- իր հերթին ասաց Լիլիթ Գալստյանը՝ արձանագրելով որ այդ բեմականացված դատավարության ժամանակ ադրբեջանցի դատախազը պահանջում է ցմահ և 15-20 տրավա ազատազրկում։
Նրա խոսքով՝ բաքվի կեղծ դատավարությանը զուգահետ ՀՀ իշխանությունների տոտոլ մերժողական պահվածքն է։
«Տոտալ բառը մեղմ է ասված, այն պղծության հասած ուրացում է, երբ այսօր ցեղասպան Ադրբեջանում, Բաքվում կեղեքվում և դատապարտվում են ռազմաքաղաքական ղեկավարներ, ովքեր Արցախի անկախության և այսօր արդեն Հայաստանի անվտանգության համար են զոհասեղանին հայտնվել»,-ասաց Գալստյանը։
Նա հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները չեն պաշտպանել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բանաձևում հայ գերիների վերաբերյալ առաջարկի ներառումը։
«Արցախի ուրացումից հետո ավելի ոչ բարոյական վարքագիծ ՀՀ քաղաքական իշխանություների կողմից դժվար է պատկերացնել»,-ասաց նա։
Անդրադառնալով կրթության ոլորտին՝ Գալստյանն ասաց, որ ուսուցիչների ընդամենը 7%-է ստանում 300 հազար և ավել դրամ աշխատավարձ։
Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ քաղաքական մեծամասնությունը ծածանում է 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը, որը իրենց խոստացել էր մինչև 2026 թվականը։
«Իրենց կառավարության գործունեությանը լավագույն դեպքում 6 ամիս է մնացել, իսկ մինչև 2026 թվական՝ 2 ամիս, բայց ՀՀ-ում խոստացված 300 դպրոցի փոխարեն մենք ունենք ընդամենը հանձնված և ավարտված 59 դպրոց»,-ասաց նա։
Ըստ նրա՝ վերջին 4 տարիների ընթացքում բյուջեի կատարողականը 40 տոկոսը չի գերզանցում։
Մանրամասները՝ տեսանյութում
