azatutyun.am – Հալեպում լույս տեսնող «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Պողիկյանի փոխանցմամբ, վերջին շաբաթվա ընթացքում քաղաք են վերադարձել հայեպահայ երկու ընտանիքներ:
Թամար Պողոսյանի ընտանիքը Լիբանանից է վերադարձել: «Ազատության» հետ հեռախոսազրույցում հալեպահայ կինը փոխանցեց, թե քաղաքում խաղաղ է, «վիճակը շատ լավ է»:

Պողոսյանների ընտանիքը երկուսուկես ամիս առաջ, երբ Հալեպը վերածվել էր Սիրիայի կառավարական զորքերի և զինյալների բախումների թատերաբեմ, տեղափոխվել էր Լիբանան, որտեղից մտադիր էին մեկնել Կանադա, սակայն, լսելով, որ վիճակը Հալեպում կարգավորվում է, որոշել են հետ վերադառնալ:

Թամար Պողոսյանը ոգևորությամբ պատմեց, որ Վիլլաներ կոչվող թաղամասի իրենց տունն անվնաս վիճակում է․ – «Կարևորն իմ տունիս մեջն եմ, հանգիստ եմ: Ատի ամենամեծ բանն է արդեն»:

Նա վերհիշում է երկուևկես ամիս առաջվա Հալեպն ու ուրախությամբ հավելում՝ Հալեպը խաղաղ են գտել․ – «Այո, փառք Տիրոջ, շատ խաղաղ է Հալեպում հիմա։ Հուսամ՝ աս ձևով շարունակվի»։

Հալեպից հեռանալուց առաջ Թամար Պողոսյանն ուսուցչուհի էր աշխատում, ամուսինը ոսկերիչ է։ Կարծում է, որ կկարողանա վերականգնել աշխատանքը, իսկ ամուսինն արդեն սկսել է աշխատել։

Ընտանիքը մեծ հույսեր ունի, որ աստիճանաբար հայրենի Հալեպը նախկինը կդառնա նաև իրենց՝ հալեպահայերի շնորհիվ։

«Գանձասար»-ի խմբագիր Զարմիկ Պողիկյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում փոխանցեց նաև, որ տեղի իշխանությունները սկսել են քաղաքը վերականգնելու ծրագիր մշակել: Համայնքային կառույցների և հայերի բնակարանների վերականգնման ծրագրերի քննարկմանը մասնակցում են հայկական համայնքի ներկայացուցիչները: