Եըլդըզի մահափորձը
21 Հուլիս , 1905
Ի սկզբանե, Հ.Յ. Դաշնակցության անխախտ համոզումը եղել է, որ հայ ժողովրդի դժբախտության գլխավոր պատասխանատուն Սուլթան Համիդն է: Այդ չարիքի վերացումը դարձել էր կուսակցության նպատակներից մեկը:
Կուսակցության Երրորդ Ընդհանուր Ժողովը, որը գումարվել է Սոֆիայում, ընդունում է Կ. Պոլսում սուլթանին ահաբեկելու որոշում։ Գործին ղեկավարությունը հանձնվում է Քրիստափոր Միքայելյանին։
1905 թվականի մարտի 17-ին, Սոֆիայի մոտիկ Վիտոշ լեռան վրա կատարված ռմբային փորձի ընթացքում դժբախտ արկածի ժամանակ զոհվում են Քրիստափորն ու իր գործակից Վռամշապուհ Քենտիրյանը: Գործի ղեկավարությունը հանձնվում է Սաֆոյին:
Քրիստափորի մահից չորս ամիս հետո 1905 հուլիսի 21-ին մահափորձն իրականացվում է: Ձիակառքում ինքնագործ ռումբը պայթում է ճիշտ որոշված ժամանակին, Ելտզ պալատին կից մզկիթի դռան մոտ, բայց Սուլթանն անվնաս է մնում։ «Սելամլըք»-ի արարողության ավարտին Սուլթանը պատահական խոսակցություն է ունենում Շեյխ-Իվլ-Իսլամի հետ, որի պատճառած մեկ ու կես վայրկյանի ուշացումը հեռու է պահում ռումբը կրող կառքից եւ նրան ազատում է մահից։
Քրիստափորի անակնկալ մահը, ձեռնարկի ձախողությունը անկասկած մեծ հարված եղավ Հ.Յ. Դաշնակցության համար: Բայց հեղափոխության համար հավելյալ արյուն թափելու քրիստափորյան պատգամը՝ նրա հեղինակին իսկ ինքնազոհության օրինակով է նվիրագործում: