Հայ Յեղափոխական Դաշնակցության կազմակերպական կառույցը բաղկացած է ժողովներից եւ մարմիններից:

ՀՀ Դաշնակցության ժողովներն են

ա. խմբական ժողով.
բ. խմբերի Ընդհանուր ժողով.
գ. Ներկայացուցչական ժողով.
դ. Շրջանային ժողով.
է. Հայաստանի Գերագույն ժողով.
զ. Ընդհանուր ժողով:
Կուսակցության մարմիններն են

ա. խումբ
բ. ենթակոմիտե.
գ. կոմիտե.
դ. կենտրոնական կոմիտե
է. Հայաստանի Գերագույն Մարմին.
զ. ՀՅԴ Բյուրո։
Շրջանային ժողովը եւ Հայաստանի Գերագույն ժողովը կարող են ձեւավորել շրջանի պայմաններին ու հնարավորություններին համապատասխան ներքին կառույց, ըստ որի վերը հիշատակած ժողովներից ու մարմիններից առաջին երեքը (մինչեւ ներկայացուցչական ժողով եւ կոմիտե ներառյալ) կարող են փոխարինվել այլ ժողովներով եւ մարմիններով, պայմանով, որ ստեղծված կառույցը չհակասի կազմակերպական կանոնների հիմնական ըմբռնումներին եւ անպայման հարգվեն կազմակերպական ապակենտրոնացման ու ընկերների ձայնի իրավունքի հավասարության սկզբունքները:

Ժողովները բարձր են մարմիններից: Երբ գումարվում են հաշվետու ժողովները, համապատասխան մարմինները լիազորությունները վայր են դնում: Ժողովների միջեւ ընկած ժամանակահատվածում կուսակցական կառույցների ղեկավարությունն իրականացվում է մարմինների կողմից:

Կուսակցական մարմինների կարգավիճակը պայմանավորված է նրանց ղեկավարած կառույցների ընկերների թվով: Բացի ՀՅԴ Բյուրոյից, որը լինելով Դաշնակցության կազմակերպական ամբողջ կառույցի գերագույն գործադիր մարմինը, ղեկավարում եւ համադրում է կազմակերպական շրջանների ժողովների ու մարմինների գործունեությունը ուղղակիորեն չղեկավարելով որեւէ կառույց:

Ընդհանուր ժողովները որոշում են կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությեւնը: Շրջանային ժողովները եւ Հայաստանի Գերագույն ժողովը որոշում են իրենց ղեկավարած շրջանների առաջիկա տարիների գործունեության մարտավարությունը: Ստորին ժողովների որոշումները չեն կարող հակասել վերին ժողովների որոշումների ոգուն եւ սկզբունքին: Կազմակերպական շրջանները, որոնք ղեկավարվում են շրջանային ու Գերագույն ժողովների, ինչպես եւ կենտրոնական եւ Գերագույն մարմինների կողմից, ունենում են իրենց ներքին կանոնագիրը: Ելնելով կազմակերպական ապակենտրոնության սկզբունքից, ներքին կանոնագրերը համապատասխանեցվում են տվյալ շրջանների առանձնահատկություններից բխող պահանջներին առանց հակասելու մայր կանոնագրին:

Ժողովների բանաձեւած որոշումներն իրագործելու համար մարմինները կարող են իրենց կից ստեղծել հանձնախմբեր եւ խմբակցություններ (ֆրակցիաներ): Խմբակցություններն ունենում են մասնագիտական բնույթ եւ այդպիսիք կարող են ստեղծվել նաեւ ոչ կուսակցական կառոյցներում աշխատող դաշնակցական ընկերներից: