25-րդ (Ի.Ե.) Ընդհ. ժողով. Երեւան-Փարիզ, 1992

ՀՅԴ քսանհինգերորդ Ընդհանուր ժողովը սկսվել է 1992 հունիսի 29-ին՝ Երևանում, ընդհատվել է, ապա շարունակվել է նույն թվականի հոկտեմբերին՝ Փարիզում, Ֆրանսիա։

Հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման այս փուլում, երբ Հայաստանի անկախ պետականության ամրապնդումը եւ Արցախի տարածքում զինված ինքնապաշտպանության հզորացումը ամենագլխավոր խնդիրներն են, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը գումարեց իր 25րդ Ընդհանուր Ժողովը եւ հայ ազգի առջև ծառացած հիմնահարցերի վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացրեց:

Անկախ Հայաստանի Հանրապետության գոյության բնական թելադրանքով Հ.Յ. Դաշնակցության Ընդհանուր Ժողովը տեղի էր ունենալու Երևանում: Այս իմաստով բառացիորեն կիրականանար նախորդ Ընդհանուր Ժողովի «ԴԵՊԻ ԵՐԿԻՐ» կարգախոսը, որը վերջին չորս տարիներին հայրենի հողի վրա մեր կազմակերպական ներշնչման աղբյուրն էր: Երկու տարի շարունակ Հայաստանում գործում էին Հ.Յ. Դաշնակցության շարքային անդամներն ու գործիչները, իսկ Արցախում, հայրենիքը ազատագրելու ուխտին հավատարիմ, կռվում ու զոհվում էին մեր ազատամարտիկները: Հ.Յ. Դաշնակցությունը իր Ընդհանուր Ժողովը գումարելու էր ազգային, քաղաքական, գաղափարական առաջընթացքի այս մթնոլորտում: Պարզ էր, որ Դաշնակցության վերադարձը հայրենիք միանշանակ չեր ընդունվելու: Սակայն, հին ու նոր քաղաքական ուժերի ծավալած հակադաշնակցական պայքարը այսօր անցել է ամեն սահման: Այդ պայքարն իր գագաթնակետին հասավ Հայաստանի Հանրապետության նախագահի հունիսի 29ի հակադաշնակցական հեռուստաելույթով, որի ստեղծած քաղաքական լարված կացությունը ստիպեց դադարեցնել Ընդհանուր Ժողովը՝ ավելի բնականոն պայմաններում շարունակելու որոշումով: Վերջին չորս ամիսների իշխանությունների կազմակերպած հակադաշնակցական քարոզչության հետևանքով մթնոլորտը չխաղաղվեց, ուստի 25րդ Ընդհանուր Ժողովը հարկադրաբար շարունակվեց արտասահմանում:

Հանգամանօրէն քննարեկլով համահայկական բովանդակութիւն ունեցող եւ սփիւռքահայութեանն առընչուող հարցերը, Ընդհանուր Ժողովը ամրագրեց անկախ Հայաստանի Հանրապետութեան ինքնահաստատման գործընթացքին աջակցելու եւ Արցախի ազատագրման պայքարը նոր ուժով շարունակելու որոշումներ: Ժողովը քննութեան առաւ նաեւ Հայաստանի պետական վերնախաւի մի շարք բարձրաստիճան անձանց հակադաշնակցական հետեւողական կեցուածքը եւ գտաւ, որ այդ վարքագիծը անյարիր է պետական մտածողութեանը եւ հիմնովին վնասում է նորաստեղծ պետականութեան ամրապնդման համահայկական ջանքերին, ազգային-ազատագրկան պայքարի այս վճռական փուլում ժողովրդին այնքան անհրաժեշտ միասնականութեանը:

 

Ժողովը նշեց, որ Դաշնակցության շարքային անդամների եւ ղեկավար ընկերների հասցեին ու մարմինների գործունէությանն ուղղված Հանրապետության նախագահի ամբաստանությունների հիմնական նպատակը Հայաստանի քաղաքական կյանքում Հ.Յ. Դաշնակցության հետզհետե աճող հեղինակության նսեմացնելը, եւ ի վերջո նրան քաղաքական թատերաբեմից հեռացնելն է: Այդ նպատակն ու Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցչին հայրենիքից արտաքսելու հրամանագիրը Հայաստանում Դաշնակցության գործունէությունն արգելող կոմունիստական որոշումների տառն ու ոգին են հիշեցնում: Ընդհանուր Ժողովը խստիվ դատապարեց Հանրապետության նախագահի հունիսի 29ի ելույթը՝ նրանից պահանջելով սրբագրել այդ ազգավնաս քայլը եւ դրա հետևանքները՝ Դաշնակցության հետ գործակցության կարելիություններ ստեղծելու համար:

25րդ Ընդհանուր Ժողովը անվերապահ վստահություն հայտնեց Հ.Յ.Դ. Բիւրոյի գործունեությանը և հաստատեց, որ Բիւրոյի ներկայացուցիչները միշտ առաջնորդվել են Ընդհանուր Ժողովի որոշումներով:

Մեկնելով այն հաստատումից, որ հայկական պետականության հզորացումը Հ.Յ. Դաշնակցության գերխնդիրն է և չի առընչվում իշխանության գլուխ կանգնած մարդկանց անձնական վարքագծին, Ընդհանուր Ժողովը վերահաստատեց, որ Դաշնակցությունն իր ողջ կարողականությամբ շարունակելու է նվիրաբերվել իրապես ազգային պետականության կառուցմանը, հայրենի ժողովրդի ազգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանությանը եւ Արցախի ազատագրության պայքարին: Հ.Յ. Դաշնակցության 25րդ Ընդհանուր Ժողովը նորընտիր Բիւրոյին եւ կազմակերպական շրջաններին հանձնարարեց, հակառակ բոլոր դժուարություններին, այսուհետև ևս ծառայել հայ ժողովրդի ամբողջական շահերին, միասնականության ապահովմանը, ազգային ինքնագիտակցության զարթոնքին, ժողովրդավարության արմատավորման ու համայն հայության նպատակների իրագործամը:

Հ.Յ.Դ. 25րդ Ըբդհանուր Ժողով
Փարիզ, 30 Հոկտեմբեր, 1992 թ.