28-րդ (Ի.Ը.) Ընդհ. ժողով. Ծաղկաձոր, 2000

ՀՅԴ քսանութերորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել  2000 թվականի հունվարի 31-ից Փետրուար 12-ը՝ Ծաղկաձորում, Հայաստանի Հանրապետություն:

Հ.Յ.Դ. 28-րդ Ընդհանուր Ժողովը հայ ժողովրդի ներկա կացության եւ հայոց պետականության ու առհասարակ հայ քաղաքական կյանքի հիմնախնդիրների ամբողջական քննարկում կատարելուց հետո, որդեգրեց համապատասխան որոշումներ եւ ավարտեց իր աշխատանքները 2000 թվականի փետրվարի 12-ին՝ Հայաստանում։

Ժողովը, ոգեւորությամբ հաստատեց, որ հաղթանակով է պսակվել Դաշնակցության տունդարձի ութսունամյա պայքարը։ Նվաճել է սեփական հայրենիքի ու ժողովրդի եւ հայոց անկախ պետականության պայմաններում լիարժեք ու ազատորեն գործելու Դաշնակցության իրավունքը՝ իբրեւ համահայկական կառույց եւ համազգային առաքելություն ունեցող կուսակցություն։

Ընդհանուր Ժողովի գումարումը զուգադիպեց Հայաստանի եւ հայ ժողովրդի կյանքի դժվարին հանգրվանի հետ ։

Արցախյան պայքարի ճակատի վրա, Հայաստանը եւ Արցախը դիմագրավում են Կովկասյան տարածաշրջանը աքցանող մեծապետական ուժերի դիվանագիտական գրոհին։ Վտանգված է արյամբ նվաճված ազգային մեր իրավունքների իրավական ամրագրումը։

Հայաստանի ընկերային¬տնտեսական տագնապը ահավոր չափերի է հանգել և սպառնում է նույնինքը Հայոց Պետական Տան ազգային անվտանգությանը։

Այս լույսի տակ Ընդհանուր Ժողովը քննարկեց Դաշնակցության անցյալ քառամյակի գործունեությունը եւ մշակեց առաջիկա հանգրվանի Հ.Յ.Դ. ռազմավարությունն ու քաղաքական ուղեգիծը՝ միջազգային թե ներազգային ճակատների վրա։

Դաշնակցությունը կենսական ու առաջնահերթ նկատում է Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումը՝ հայրենի ու սփյուռքյան քաղաքական ուժերի հավաքագրումով։ Շեշտվում է համազգային մեր ներուժը լարելու եւ պետականոօրեն հաստատագրելու հրամայականը։ Միայն այդ ճամփով Հայաստանը եւ Արցախը կարող են դիմագրավել միջազգային բանակցության ընթացքում հայկական կողմին պարտադրվող զիջումները։

Փաստորեն՝ Հայ Դատի պայքարը թեւակոխած է բախտորոշ մի հանգրվան, ուր մեծ պայքար ու մրցակցություն է ծավալվել՝ տարածաշրջանի քաղաքական քարտեզը մի նոր դարաշրջանի համար վերանայելու եւ վճռորոշելու նպատակով։ Այդ բոլորի դեմ հանդիման՝ Դաշնակցությունը ավելի քան երբեք կառչած է մնում հողահավաքի եւ ազգահավաքի իր հիմնական առաջադրանքներին։ Շեշտվում է անժամանցելիությունը մեր ազգային պահանջների եւ Թուրքիայի կողմից գործադրված Հայկական Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու համապատասխան հատուցմանը։

Այս մարտահրավերների հարաճուն ճնշումը հաջողապես դիմագրավելու համար, Հայաստանն ու հայությունը, հայրենաբնակ թե աշխարհացրիվ մեր ժողովրդի ամբողջական զորաշարժով եւ պետական մեր կռվանների ու ազգային¬քաղաքական ուժերի առավելագույն համադրումով, կոչված են գործելու Պահի պահանջած հզորությամբ, մարտունակությամբ եւ հաստատակամությամբ։

Առ այդ՝ Դաշնակցությունն անհրաժեշտ է համարում Հայաստանի եւ Սփյուռքի ենթակառույցների անհապաղ արդիականացումը եւ մեր ժողովրդի շարունակական քաղաքականացումը։ Այս առումով կարեւոր դերակատարության կոչված է հատկապես հայ երիտասարդությունը ՝ մեր ազգային պահանջատիրության նոր թափ հաղորդելու մարզում։

Միաժամանակ՝ Դաշնակցությունը պահանջում է իր ընկերներից եւ մարմիններից վերանորոգ ուխտով նվիրվել Հ.Յ.Դ. գաղափարական, կազմակերպական ու բարոյական ավանդների վերահաստատմանը ու ճառագայթմանը։ Հայ կյանքից ներս պետական կառուցումի եւ ներքաղաքական գործակցության դաշտի ընդլայնումը շեշտակի կարիքը ունի դաշնակցական ոգով կենդանի գործի վարակիչ օրինակին։

Դաշնակցությունն ամբողջական պատրաստակամություն ունի գործակցելու ազգային այն բոլոր ուժերի հետ, որոնք Հայ Դատի այս կարեւոր հանգվանում զինվորագրված են հայոց զույգ պետականության շուրջ բոլորելու եւ հայության ազգային¬քաղաքական հզորացումը իրականացնելու մեծ գործին։ Միասնական ճիգերով մենք կարող ենք հայոց պետական համակարգը դուրս բերել իր ներկայի կաթվածահար վիճակից. սրբագրել գործող սահմանադրության անկատարությունը եւ կառուցել իրավական, ժողովրդավարական ու ընկերային ուղղուածությամբ պետականություն. ապահովվել օրենքի լիարժեք եւ անվերապահ կիրառումը. պայքարել կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ. աշխուժացնել անշարժության մատնված Հայաստանի տնտեսությունը եւ դարմանել մեր ժողովուրդի ընկերային-տնտեսական տագնապալի վիճակը. արմատական լուծումներ գտնել սպառնալի չափերի հասած գործազրկության եւ արտագաղթի չարիքին։

Ի վերջո, Դաշնակցությունը կոչ է ուղղում բոլորին միասնականությամբ եւ վճռականությամբ դիմագրավելու Հայաստանի եւ հայության առջեւ ծառացած սուր խնդիրները՝ միավորելով Հայաստանի ու Արցախի իշխանություններին, ազգային քաղաքական ուժերի եւ համայն հայության կարողականությունն ու ներուժը, ի խնդիր հայ ժողովուրդի գերագույն տեսլականին՝ Միացյալ, Ազատ եւ Անկախ Հայաստանի կերտմանը։

Հ.Յ.Դ. 28-րդ Ընդհանուր Ժողով
Ծաղկաձոր, 12 Փետրվար 2000

-«Ավարտվեց ՀՅԴ 28-րդ Ընդհանուր Ժողովը»-Հ.Յ.Դ. Մամլո Դիվան