34-րդ Ընդհ. Ժողով. Դիլիջան, 2022

ՀՅԴ երեսունչորսերորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 2022 թվակականի փետրվարի 28-ից մարտի 8՝ Դիլիջանում, Հայաստանի Հանրապետություն:

Աշխարհի շուրջ 30 երկրներից ժամանած 100 պատվիրակները քննարկեցին և արժևորեցին համահայկական կառույցի հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ուղենշեցին ՀՅԴ առաջիկա քառամյակի ռազմավարությունը՝ որդեգրելով քաղաքական գործունեության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները։

Ժողովը արձանագրեց, որ.

•Ողջ հայությունը, Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները, հայտնվել են մեր նորագույն պատմության ճակատագրական փուլերից մեկում, որն աննախադեպ սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի ինքնիշխանության եւ անվտանգության համար։
•ՀՀ իշխանությունների որդեգրած ապազգային քաղաքականությունը, արտաքին եւ ներքին ճակատներում առաջ եկած մարտահրավերներին անհամարժեք արձագանքն ու սխալ գործողությունները հանգեցրել են 44-օրյա աղետալի և կորստաբեր պատերազմի՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների համար ստեղծելով լինելիության վտանգ։
•ՀՀ իշխանությունները խորացրել են ներազգային պառակտումներն ու ջրբաժանները, որոնք ուղեկցվում են քաղաքական հետապնդումներով, բանտարկություններով եւ ճնշումներով։ Փլուզված է Հայաստանի անվտանգային ողջ համակարգը, կազմաքանդվում են պետական և ժողովրդավարական ինստիտուտները։
•Սփյուռքը բազմաթիվ աշխարհաքաղաքական, տնտեսական, ընկերային պայմաններով թելադրված, համազգային պառակտման եւ հատկապես 44-օրյա պատերազմում պարտությունից եւ հետպատերազմյան զարգացումներից հետո գտնվում է հուսալքության, ահռելի դժվարություններ հաղթահարելու եւ ելքերի փնտրտուքի փուլում, որն հարկ է հունավորել ու արդյունավորել։
•Տարածաշրջանում ակտիվացել է թուրք-ադրբեջանական տանդեմը, իսկ Հայաստանի իշխանությունները դադարել են լինել Արցախի Հանրապետության և արցախահայության անվտանգության երաշխավորը։

ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը հաստատեց, որ.

•Ստեղծված իրավիճակը և հայկական զույգ պետությունների վտանգված հեռանկարը հնարավոր է բեկել հայ ժողովրդի վճռական կամքով, Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնական ներուժով։
•Հայության ներուժի, ազգային արժեքների նահանջի պայմաններում Դաշնակցությունը պարտավոր է ստանձնել ազգային նպատակներ բանաձևողի, ապազգային իշխանություններին երկրի ղեկավարումից հեռացնելու գործընթացի որոշիչ դերակատարությունը։
•Սփյուռքը իբրեւ գլխավորաբար Հայոց ցեղասպանության ծնունդ, Արեւմտահայաստանի կորուստի արդյունք եւ արեւմտահայերենի պահպանման կռվան՝ ռազմավարական նշանակություն ունի հայության մղած պայքարի համար: Անհրաժեշտ է նոր ավյուն ներարկել Սփյուռքի առավել կազմակերպման եւ համահայկական քաղաքական նպատակների իրականացման պայքարին։
•Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հնարավոր հաստատումը չի կարող լինել ի հաշիվ Հայաստանի, Արցախի եւ համայն հայության օրինավոր եւ անժամանցելի իրավունքների:
•Արցախում ստեղծված նոր կացությունը անհրաժեշտություն է առաջացնում պայքարի նոր մոտեցումների եւ ռազմավարության որդեգրման՝ մեկնակետ ունենալով արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումը։
•ՀՅԴ-ն իր ողջ ներուժով, համահայկական կառույցի կարողականությամբ և նվիրումով ձեռնամուխ է լինելու Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, կայունության ու զարգացման ապահովման եւ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման ու ընկերային արդարության հաստատման աշխատանքներին։
•ՀՅԴ-ն հավատարիմ Հայ դատի պայքարին՝ հանդես է գալու ցանկացած գործընթացի դեմ, որը կհակասի 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ Անկախության եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հրապարկված համահայկական հռչակագրերին։
•Ապազգային քաղաքականություն վարող և երկրին ծանր կորուստների բերած իշխանությունների հեռացումը առաջնահերթ օրակարգ է և կուսակցությունը շարունակելու է ընդլայնել հունավորվող ազգային դիմադրության շարժումը:

ՀՅԴ-ն իր համահայկական կառույցով եւ համակիրների աջակցությամբ վճռական է իրականացնելու որդեգրած ուղեգիծն ու ռազմավարությունը։

ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողով
8 Մարտ, 2022

-Տեսադարան

-Լուսանկարներ

-Այցելություն Եռաբլուր՝ ՀՅԴ Ընդհանուր ժողովի նախօրյակին

-Տեղի ունեցավ ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի պաշտոնական բացումը

-ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ելույթը

-ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը

-Ամերիկահայ բարերար Մայք Սարյանը հաջողություն է մաղթել ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքներին

-Դաշնակցությունն ուժեղ է իր աջակիցներով. Հակոբ Տեր-Խաչատուրյան

-ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովն ավարտեց իր աշխատանքները

-ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովի հայտարարությունը

-Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամներին

-ՀՅԴ նորընտիր Բյուրոյի մամուլի ասուլիսը