Հատվածներ ՀՅ Դաշնակցության ծրագրից․

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր էությամբ, աշխարհայացքով եւ ավանդներով ազգային, ընկեր­վա­րական, ժողովրդավարական եւ հեղափոխական կու­սակ­ցություն է:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր ուժերով պայքարում է հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակութային բովանդակ շահերի պաշտպա­նության համար:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը հիմնավորում է իր գաղափարաբանությամբ: Նա առաջադրում է անհատի ազա­տության, ազգային ինքնորոշման, անկախ պետականության, ընկերության, համերաշխության եւ բարօրության ճանա­պարհով հայ մարդու եւ հայ ազգի անկաշկանդ, բազմակողմանի եւ ներդաշնակ զարգացման ապահովումը:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ձգտում է Հայ Դատի լուծմանը՝ ամբողջական հայությամբ ամբողջական հայրենիքի կերտմանը:

ՆՊԱՏԱԿ

ՀՅ Դաշնակցությունը նպատակադրում է.

Ա.   Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանի կերտում: Միացյալ Հայաստանի սահմանների մեջ պիտի մտնեն Սեւրի դաշնագրով նախատեսված հայկական հողերը, ինչպես նաեւ՝ Արցախի, Ջավախքի եւ Նախիջեւանի երկրամասերը:

Բ.   Թուրքիայի կողմից հայության դեմ գործադրված եւ մինչեւ այժմ անպատիժ մնացած Ցեղասպանության ոճիրի միջազգային դատապարտում, բռնագրավված հողերի վերադարձ եւ վնասի արդար հատուցում հայ ազգին:

Գ.   Տարագիր ու աշխարհասփյուռ հայության հա­մա­խմբում ամբողջական Հայաստանի տարածքում:

Դ.   Հայաստանի պետականության հզորացում, ժողո­վրդա­վարության եւ իրավական պետության նվիրա­գործում, ժողովրդի բարօրության ապահովում եւ ընկերային արդարության հաստատում:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ելնելով վերոհիշյալ նպատակներից՝ ՀՅ Դաշնակցությունը հետապնդում է հետեւյալ քաղաքական առաջադրանքները.

  1. Ապահովել Արցախյան պայքարի հաղթական ելքը՝ իբ­րեւ Հայ Դատի լուծման առաջնահերթ հանգրվան:
  2. Հիմնական նկատել Հայաստանի պետական ռազմա­վարության կազմավորման գործում Հայ Դատի ա­ռանց­քային դերը:
  3. Ամրապնդել Սփյուռքի ազգային ինքնությունը եւ կազմակերպել քաղաքական դերակատարությունը՝ նրա կարողականություններն ուղղելու համար դեպի Հայաստանի պետականության հզորացում եւ Հայ Դատի հետապնդում:
  4. Ապահովել յուրաքանչյուր հայ անհատի Հայաստանի քաղաքացի դառնալու իրավունքը:
  5. Հայաստանի օրենքները պետք է ներառեն հետեւյալ հիմնական սկզբունքները.

–   Բոլոր քաղաքացիների հավասարությունը օրենքի առջեւ:

–   Մտքի, խոսքի, ստեղծագործության, մամուլի, հրատարակության եւ արտահայտության այլ միջոցների, խղճի, քաղաքական եւ այլ կազ­մակերպությունների գործունեության, հավաք­ների եւ տեղափոխության ազատություն:

–   Գործադուլի եւ ցույցերի իրավունք:

–   Անձի, բնակարանի, սեփականության եւ հաղոր­դակցության միջոցների անձեռնմխելիություն:

–   Ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգում: