Հատվածներ ՀՅ Դաշնակցության ծրագրից․
Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր էությամբ, աշխարհայացքով եւ ավանդներով ազգային, ընկերվարական, ժողովրդավարական եւ հեղափոխական կուսակցություն է:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր ուժերով պայքարում է հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակութային բովանդակ շահերի պաշտպանության համար:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը հիմնավորում է իր գաղափարաբանությամբ: Նա առաջադրում է անհատի ազատության, ազգային ինքնորոշման, անկախ պետականության, ընկերության, համերաշխության եւ բարօրության ճանապարհով հայ մարդու եւ հայ ազգի անկաշկանդ, բազմակողմանի եւ ներդաշնակ զարգացման ապահովումը:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ձգտում է Հայ Դատի լուծմանը՝ ամբողջական հայությամբ ամբողջական հայրենիքի կերտմանը:
ՆՊԱՏԱԿ
ՀՅ Դաշնակցությունը նպատակադրում է.
Ա. Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանի կերտում: Միացյալ Հայաստանի սահմանների մեջ պիտի մտնեն Սեւրի դաշնագրով նախատեսված հայկական հողերը, ինչպես նաեւ՝ Արցախի, Ջավախքի եւ Նախիջեւանի երկրամասերը:
Բ. Թուրքիայի կողմից հայության դեմ գործադրված եւ մինչեւ այժմ անպատիժ մնացած Ցեղասպանության ոճիրի միջազգային դատապարտում, բռնագրավված հողերի վերադարձ եւ վնասի արդար հատուցում հայ ազգին:
Գ. Տարագիր ու աշխարհասփյուռ հայության համախմբում ամբողջական Հայաստանի տարածքում:
Դ. Հայաստանի պետականության հզորացում, ժողովրդավարության եւ իրավական պետության նվիրագործում, ժողովրդի բարօրության ապահովում եւ ընկերային արդարության հաստատում:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Ելնելով վերոհիշյալ նպատակներից՝ ՀՅ Դաշնակցությունը հետապնդում է հետեւյալ քաղաքական առաջադրանքները.
- Ապահովել Արցախյան պայքարի հաղթական ելքը՝ իբրեւ Հայ Դատի լուծման առաջնահերթ հանգրվան:
- Հիմնական նկատել Հայաստանի պետական ռազմավարության կազմավորման գործում Հայ Դատի առանցքային դերը:
- Ամրապնդել Սփյուռքի ազգային ինքնությունը եւ կազմակերպել քաղաքական դերակատարությունը՝ նրա կարողականություններն ուղղելու համար դեպի Հայաստանի պետականության հզորացում եւ Հայ Դատի հետապնդում:
- Ապահովել յուրաքանչյուր հայ անհատի Հայաստանի քաղաքացի դառնալու իրավունքը:
- Հայաստանի օրենքները պետք է ներառեն հետեւյալ հիմնական սկզբունքները.
– Բոլոր քաղաքացիների հավասարությունը օրենքի առջեւ:
– Մտքի, խոսքի, ստեղծագործության, մամուլի, հրատարակության եւ արտահայտության այլ միջոցների, խղճի, քաղաքական եւ այլ կազմակերպությունների գործունեության, հավաքների եւ տեղափոխության ազատություն:
– Գործադուլի եւ ցույցերի իրավունք:
– Անձի, բնակարանի, սեփականության եւ հաղորդակցության միջոցների անձեռնմխելիություն:
– Ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգում: