Օր առաջ պետք միավորվել՝ թույլ չտալու սահմանադրական կարգի տապալում
31 Հունվար 2020 Հայցադիմում է ներկայացվել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ՝ խորհրդարանում իր ելույթի ժամանակ հնչեցված արտահայտությունների վերաբերյալ, այսօր, հունվարի 31-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
«Այսպիսի արտահայտություններ անում է Ազգային ժողովի պատգամավորը, որը օրենքով պարտավոր է նախեւառաջ իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերել։ Երկրորդ՝ մի մարդ, որը հանդիսանում է լրատվամիջոցի հիմնադիր։ Երրորդ՝ հնչեցվում են այդպիսի արտահայտություններ քաղաքական ամենաբարձր՝ Ազգային ժողովի ամբիոնից, ուստի պատվի եւ բարի համբավի պաշտպանության այս մեխանիզմով մենք ուզում ենք մեր երկրում ձեւավորել նախադեպ, որովհետեւ մեզ հայտնի չէ դեպք, երբ մեր երկրում կուսակցությունը այսպիսի հայցադիմում է ներկայացրել»,-նշեց նա։
Ասուլիսին ներկա փաստաբան Հայկուհի Սեդրակյանն էլ պարզաբանեց խոսքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով նախատեսված դեպքրի (Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ) մասին է: «Այս պահին ունենք դատարանի որոշումը հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ, ինչը նշանակում է, որ գործը կքննվի Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Այս պահին առաջին դատական նիստի վերաբերյալ տեղեկություն չունենք։
Հայցի փաստական հիմքը դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովի ամբիոնից հնչած ելույթն է ու դրանում տեղ գտած արտահայտությունները։
Վիրավորանքի համար պահանջում են հրապարակային ներողություն եւ 1 դրամ սիմվոլիկ փոխհատուցում, եւ զրպարտության համար եւս 1 դրամ փոխհատուցում»։
«Իշխանության՝ «ամեն ինչ գիտեմ» մոտեցումը ոչ մի տեղ տանող ճանապարհ է»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների մասին քննարկումներին:
«Չկա երկխոսություն, չկա առողջ բանավեճ, ուստի ակնկալել, թե իշխանությունը սահմանադրական փոփոխություններում միայն ազնիվ նպատակ է հետապնդում՝ առնվազն այս պահին մշուշոտ է»,-ասաց նա:
Մինասյանը նշեց, թե ակնհայտ է, որ իշխող քաղաքական ուժի որոշ ներկայացուցիչներ լայնամասշտաբ հարձակում են կազմակերպել Սահմանադրական դատարանի, անհատապես դատարանի նախագահի և առանձին դատավորների նկատմամբ, անգամ նկատի չեն առնում տարրական, բարոյական մոտեցումներն ու նորմերը: «Իրենց նպատակին հասնելու այս ցանկությունը՝ վկայակոչելով ամենատարբեր բաներ, մենք համարում ենք ոչ ճիշտ, ոչ նպատակային, և ոչ արժեք ստեղծող վարքագիծ»,-ասաց նա:
Անդրադառնալով գրիչի հայտնի պատմությանն ու ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին հայտարարությանը, Մինասյանն ասաց.
«Ամոթ եմ համարում գրիչի մակարդակի կամ ԱԺ փոխնախագահի մակարդակով արտաբերած այս ցածրակարգ մոտեցումները: Հիմնավորում էլ չեն, չգիտեմ՝ ինչ են: Այս մակարդակի զրույցները պատիվ չեն բերում երկրի կառավարման համակարգում ներգրավված մարդկանց: Բայց այն, որ գործող քաղաքական իշխանությունը՝ թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մակարդակներում, և նաև իրավապահ մարմինների միջոցով ակնհայտորեն, անթաքույց հարձակում է գործել դատական իշխանության նկատմամբ, վաղուց է հայտնի»:
Նա ընդգծեց, թե պետք է զսպվի քաղաքական իշխանության հակաօրինական ախորժակը: «Ատելության, թշնամանքի, մեկին մյուսի դեմ հանելու՝ իշխանության այս վարքագիծը տանելու է առճակատման, և օր առաջ պետք միավորվել՝ թույլ չտալու սահմանադրական կարգի հերթական տապալումը: Մեզ մոտ ամեն գնով սեփական ՍԴ ունենալու՝ քաղաքական մեծամասնության ձգտումը պատրաստ է արհամարհել բազմաթիվ սկզբունքներ, առանց գիտակցելու, որ վաղը, երբ իրենք փոխվեն, կգա նոր իշխանություն կգա ու կձևավորի իր ՍԴ-ն»,-նշեց նա:
Մինասյանն անդրադարձավ նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի այն հայտարարությանը, թե ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Հրայր Թովմասյանի արժանապատվությունը վիրավորել է 2014 թ., և պատգամավորն ակնկալում է, որ Թովմասյանը դատի կտա Ռուստամյանին:
«Պատգամավոր Քրիստինե Պողոսյանին և ընդհանարապես շատ պատգամավորների ու մեր կառավարման համակարգում գտնվող անձանց, իմ խորին համոզմամբ, պակասում են նվազագույն իրավական գիտելիքները, և սա ես չարախնդությամբ չեմ ասում, մտահոգությամբ եմ ասում: Հաճախ լսում ես արտահայտություններ, որոնք իրավունքի տարրական իմացության հետ կապ չունեն»,-ասաց նա:
