ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Իրական և վիպական Դրոն

26 Մայիս 2020 Պատմության լուսարձակ

Ես չեմ ճանչնար, Արամի մահից յետոյ ուրիշ ոեւէ մէկին, որ Հայաստանում այդ օրերին աւելի ժողովրդական լինէր, ավելի համակրանք վայէլեր, ավելի սիրուէր ժողովրդի բոլոր խավերի կողմից, քան Դրոն-ընկեր Դրոն: Տիտղոս չունէր նա: Տիտղոսը երէք տառից էր բաղկացած-ԴՐՕ, կամ շատ-շատ ԸՆԿԵՐ ԴՐՕ: «Ընկեր» բառի ամենամտերիմ ու հարազատ իմաստով:
Սիմոն Վրացյան



Վարդան Պետրոսյան

19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ազգային ազատագրական պայքարի պատմությունը հարուստ է նվիրական անուններով, որոնցից հատկապես Նիկոլ Դումանի, Աղբյուր Սերոբի, Անդրանիկի, Հրայր Դժոխքի, Գևորգ Չավուշի, Քեռու, Եփրեմ խանի (1), Սեբաստացի Մուրադի և Սեպուհի ներկայությունը կարող է պատիվ բերել մարտական խիզախումների նույնիսկ ամենահարուստ պատմությունն ունեցող ժողովրդին: Գործի ու գաղափարի դյուզացունների այդ փաղանգում իր անուրանալի տեղն ունի առասպելական Դրոն՝ Դրաստամատ Կանայանը՝ «… քաջերուն մէջ շքեղօրէն քաջը և հերոսներուն մէջ կախարդօրէն հերոսը …» (2), իբրև 20-րդ դարասկզբի հայոց դյուցազնապատումի կրտսեր արքայազնը: Սակայն քաջությունը, լինելով Դրոյին բնութագրող հիմնական գծերից մեկը, որը խոստովանել են նույնիսկ նրա գափարական հակառակորդները (հմմտ. «Իսկ Դրոն, իգդիրցի այդ խմբապետը // Որ եղել է հերոս, անվախ տեռորիստ … » (3)), խիստ անբավարար է առհասարակ Դրո երևույթը ճանաչելու և արժևորելու համար: Դրոյի ժամանակաշրջանը քաջերի ժամանակաշրջան էր, և քաջության պակաս չէր զգացվում …
Դրոյի կենսագրության հայաստանյան փուլ՝ գաղափարական ահաբեկիչից մինչև ռազմական նախարար, տևել է շուրջ տասնհինգ տարի՝ 1905-1920 թթ.: Այդ ընթացքում նրա ղեկավար մասնակցությամբ ձեռքբերված հաղթանակներից ու գործերից յուրաքանչյուրը (հայ-թաթարական ընդհարումներ, իբրև գնդի հրամանատար՝ 1914-16 թթ. մասնակցություն կամավորական կռիվներին, Երևանի նահանգի թուրքական տարրի «խաղաղեցում» 1917-18 թթ., Բաշ-Ապարանի հերոսամարտ, հայ-վրացական պատերազմ, Զանգեզուրի մահմեդական ապստամբ օջախների ճնշում և Ղարաբաղյան «էքսպեդիցիա» 1920 թ., Սուրմալուի ճակատամարտ ևն) բավարար էր, որպեսզի նրա անունը փառքով պսակվեր հայոց պատմության մեջ, իսկ իր գործունեությունն ամբողջությամբ և առհասարակ նրա բացառիկ ներկայությունը հայության փոթորկվող կյանքում իրավունք են տալիս նրան դասելու մեր հազարամյա պատմական երթի Մեծ երախտավորների շարքում: Կարծում ենք՝ լիովին իրավունք ուներ Ս. Վրացյանը, երբ Դրոյին Արամ Մանուկյանի հետ համարում էր «գլխաւոր կերտիչն ու ոգին նորածին պետութեան» (4), որովհետև այն գործունեությունը, որ ծավալեցին «Երևանի նահանգի զինվորական կոմիսար» Դրոյի գլխավորած զորաջոկատները 1917-18 թթ., բացառիկ նշանակություն ունեցավ Արևելյան Հայաստանի տարածքում իրադարձությունների հետագա զարգացումների առումով: Ըստ էության, Մայիսյան հերոսամարտերում մեր հաղթանակների, հետևաբար նաև անկախ պետականության հիմնադրման նախադրյալները ստեղծվեցին հենց այդ ընթացքում: Չլիներ ներքին թշնամուն (=թուրքերին) զսպող այդ երկաթյա բռունցքը, երկիրը պարզապես կպայթեր ներսից և այլևս անկարելի կլինեին Սարդարապատի, Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերը:

Դրոն պարզապես «քաջ խմբապետ» չէր, այլ ա՛յն խմբապետը, որի ռազմագիտական ձեռնարկումներին ամենայն լրջությամբ էին վերաբերվում ցարական բանակի փորձառու գեներալները, ինչպես զորավարներ Թ. Նազարբեկյանն ու Հախվերդյանը, ովքեր առհասարակ մեծ վերապահումով են վերաբերվել մեր մյուս անվանի խմբապետներին, այդ թվում՝ Անդրանիկին՝ որպես զինվորական գործչի (5). «Դրօն անունով խմբապետ էր, կոչումով յեղափոխական, հմտութեամբ ու փորձառութեամբ՝ զինուորական»,- գրել է Ս. Վրացյանը (6): Դրոն նաև ա՛յն խմբապետն էր, որը ազգային իշխանության ներկայացուցիչների և կադրային զինվորականների, այդ թվում՝ անվանի զորավարների հետ հարաբերություններում զսպում էր մյուս խմբապետներին: Այնինչ, եթե հավատանք Չարենցին, Դրոն վախենում էր Շավարշի շուրջը խմբված զինվորներից՝ իգդիրցի Եգորից, Ղարսեցի Հարոյից, Մշեցի Թաթիկից ու «Սաքոյից Ղաչաղ» (7): Ստացվում է՝ ա՛յն Դրոն, որին հարգել, որի հետ հաշվի են նստել, որից, մեղմ ասած, նաև զգուշացել են թե՛ խմբապետները և թե՛ կադրային զինվորականները, որից պատկառել է նույնիսկ հեղինակություններ չճանաչող Անդրանիկը (8), այդ նույն Դրոն իբրև թե վախեցել է կամավորական կռիվների բովով անցած և բարոյալքված մի քանի զինվորից:

Ի դեպ, ինչպես հուշագրական, այնպես էլ պատմագիտական աշխատություններում ոչ հազվադեպ խոսվել է Դրո-Անդրանիկ իբրև թե լարված հարաբերություների մասին: Ըստ իրազեկ աղբյուրների, այդ խոսակցությունները խիստ չափազանցված են, եթե չասենք, որ իրականության հետ գրեթե կապ չունեն: Հանգամանքների բերումով մեր երկու մեծ հերոսները երբեմն հայտնվել են «բարիկադի» տարբեր կողմերում, բայց դրա պատճառները անձնական չէին: Այդպիսի մի դրվագ է 1919 թ. ապրիլի 20-ին Ծիծեռնակաբերդի բարձունքից Հայաստանի կառավարության շենքը գնդակոծելու Անդրանիկի փորձը, որը կասեցվում է Դրոյի շնորհիվ: Չնայած որ ակադեմիկոս Հ. Սիմոնյանը Անդրանիկի հետքայլը բացատրել է Երևանից նրան ընդառաջ եկած պատվիրակության հաշտության խնդրանքներին տեղի տալով (9), մեր կարծիքով, սակայն, ով ծանոթ է 1916-ից ի վեր ազգային իշխանությունների հետ հարաբերություններում Անդրանիկի դրսևորած վարքագծին, կընդունի, որ նրան կանգնեցրել է առաջին հերթին Դրոյի ուղարկած նամակը: Անդրանիկը, քաջատեղյակ լինելով Դրոյի կարողություններին, ռազմիկի իրեն բնորոշ սուր զգացողությամբ արագ ըմբռնել է պարտության անխուսափելիությունը, եթե փորձեր իր սպառնալիքն իրագործել (10):

Իսկ անձնապես նրանց միջև եղել է փոխադարձ համակրանք:

Չարենցը իր հերոսի՝ խմբապետ Շավարշի անունից Դրոյին վերագրում է նաև նենգ, դավադիր էություն (հմմտ. «Ո՞վ գիտե Դրոյին: Ո՞վ գիտե: // Կարող է սարքել հազար դավ: Դրոն: // Դժվար է կռվել հետը: // Չուզեց խաթրով անի – կանի զոռով: // Կհանի իր վրեժը: » (11)): Հատկանիշներ, որոնք առհասարակ խորթ են եղել իրական Դրոյին: Ընդհակառակը, ըստ ժամանակակիցների վկայությունների՝ Դրոն օժտված էր բարձր ասպետականությամբ: Հայտնի է, որ սկզբունքային հարցերի շուրջ նա հակասություններ է ունեցել կուսակցական-պետական առանձին ղեկավար գործիչների, այդ թվում՝ Ռուբեն Տեր-Մինասյանի հետ: Բացառված չէ, որ այդ հակասություններն ինչ-որ չափով նաև անձնական նստվածք տային նրանց մեջ, որը ևս մարդուն խորթ զգացում չէ, սակայն Հայաստանի խորհրդայնացումից հետո (1920 թ. դեկտեմբերի 2), երբ մինչև բոլշևիկյան Հեղկոմի ժամանումը Դրոյի ձեռքում էր փաստական իշխանությունը, նա շտապեց երկրից դուրս բերել առաջին հերթին այդ գործիչներին, քանզի գիտեր, որ մայիսյան խռովությունները ճնշելու պատճառով բոլշևիկները նրանց դեմ հատկապես տրամադրված էին և ձերբակալելու դեպքում չէին խնայի (12): Մի բան, որն ակնհայտ դարձավ Բյուրո-կառավարության վարչապետ Հ. Օհանջանյանի օրինակով. վերջինս ստույգ մահվանից խուսափեց միայն Փետրվարյան ապստամբության շնորհիվ:

Խորհրդային պատմագրության մեջ Դաշնակցությունը և նրա նշանավոր խմբապետները նույնացվել են մաուզերիզմի հետ: Նույնացնողները, իհարկե, գիտեին, որ իրենք զբաղված են պատմության կեղծարարությամբ (այդպիսին էր խորհրդային քարոզչամեքենայի պահանջը. դրա դասական նմուշը 1920-ական թթ. այսպես կոչված անաստասմիկոյանական տրամաբանությունն է): Չարենցի պոեմում, ի պատիվ մեծ բանաստեղծի, այդպիսի նույնացում չկա: Դրոն մաուզերիստ չէ: Ընդհակառակը, նա պայքարում է մաուզերիզմի դեմ, որի ներկայացուցիչներն էին տվյալ դեպքում խմբապետ Շավարշն ու իր «տղերքը», որոնց նմանները կարող էին «կառքից իջեցնել» մինիստրին, «դեմքին թքել» ու «նստել նրա կառքը» (13): Դրոյի երկաթյա բռունցքը սաստում էր հենց այդպիսիներին: Չսաստե՞ր: Ներքին ու արտաքին թշնամիների դեմ շարունակական պատերազմների մեջ գտնվող երկիրը, որի հետևանքը զինված խմբավորումների համատարած ներկայությունն էր, փորձում էր վեր բարձրանալ ավերակների միջից, դառնալ համայն հայության երազանքների հայրենիքը: Իսկ կդառնա՞ր, եթե ազատագրական պայքարում շատ թե քիչ վաստակ ունեցող յուրաքանչյուր ոք շավարշային վարքագիծ դրսևորեր և մնար անպատիժ: Հետևաբար շավարշներին զսպելը անխուսափելի անհրաժեշտություն էր, որը ևս հանգամանքների բերումով ծանրացել էր Դրոյի ուսերին, բայց վերջինիս «գաղտագողի հնձելու» մեղադրանք ներկայացնելը (թեկուզև Շավարշի անունից) առնվազն իրականության խեղաթյուրում էր և որևէ աղերս չունի ասպետական խառնվածքով Դրոյի, այսինքն՝ իրական Դրոյի հետ:

Բայց և այնպես, «հոգեբանական դրամայի» չարենցյան հանգուցալուծումը իրականության տրամաբանության մեջ է. Շավարշը չէր կարող Դրոյի հրամանն անտեսել ոչ միայն այն պատճառով, որ գիտեր՝ անպատիժ չի մնա, այլև այն պատճառով, որ Դրոյի կողքին էին նաև Շավարշի «կնքահայր» խմբապետ Սմբատի նման գաղափարական և հոգեկան բարձր նկարագրով ռազմիկները, որոնք իրենց հերթին լրացուցիչ արգելք էին շավարշիզմի ճանապարհին (14):

Չնայած որ Դրոյի ողջ կյանքը նման էր փոթորկված օվկիանոս դուրս եկած նավի, բայց և այնպես նրա որոշ դրվագներ հատկապես փոթորկուն էին: Այդպիսին էր նրա և համախոհների՝ Գ. Նժդեհի և մյուսների«համագործակցությունը» նացիստական Գերմանիայի հետ: Այս պատմության վիպական արտացոլումը տեղ է գտել Վ. Ոսկանյանի «Շշուկների մատյան» տաղանդավոր վեպում. «Զորավար Դրոյի զենքերը» հատվածը Դրոյի այդ շրջանի գործունեության միֆականացված պատումն է: Նացիստական Գերմանիայի հետ Դրոյի «համագործակցությունը», թերևս, նրա անդադրում կյանքի ամենից բարդ և խնդրահարույց դրվագն է, որը սկզբնապես ոչ միանշանակ է ընդունվել նաև ՀՅԴ-ի շարքերում (15): Դրա գնահատականը միանշանակ չէ նաև «Շշուկների մատյանում»: Դրոյի կերպարի շուրջ վեպում ստեղծված դրական խորհրդավորությունը առնվազն վկայում է նրա անձի նկատմամբ Եվրոպայի, մասնավորապես՝ Ռումինիայի հայության մեջ եղած մեծ համակրանքի մասին, բայց դա չի խանգարում, որպեսզի հեղինակը, այնուամենայնիվ, վերապահումով, եթե չասենք՝ քննադատաբար վերաբերվի նացիստական Գերմանիայի հետ նրա «համագործակցությանը»: Ըստ հեղինակի, Դրոյի՝ այդ համագործակցությամբ պայմանավորված նպատակները, այն է՝ « … գերմանացիների գրաված Եվրոպայի հայերին պաշտպանելն ու բոլշևիկների գրաված Հայաստանն ազատագրելը» իրականություն չդարձան (16): Այս ձևակերպումը ճշմարտանման լինելով, սակայն, ամբողջ ճշմարտությունը չէ: Նախ, դա իրողությունների վիպական, այլ ոչ թե քաղաքագիտական և պատմագիտական գնահատական է, երկրորդ՝ նրանում բացակայում է երրորդ խնդիրը՝ հայկական լեգեոն կազմակերպելու քողի տակ գերմանական ռազմաճամբարներից ազատել անմարդկային պայմաններում գտնվող և ստույգ մահվան դատապարտված հայ (=խորհրդահայ) ռազմագերիներին: Այդ «համագործակցությամբ» Դրոն իր համախոհների հետ փրկել է շուրջ 40 000 հայի կյանք (17): Մի՞թե դա փոքր նպատակ էր: Ինչ վերաբերում է բոլշևիկներից Հայաստանը ազատագրելուն, ապա առաջնահերթ խնդիր էր, նախ, Գերմանիայի միջոցով զսպել Թուրքիայի ախորժակը, որը, լինելով գերմանացիների դաշնակիցը Երկրորդ աշխարհամարտում, հարմար պահի էր սպասում Խորհրդային Հայաստան ներխուժելու և 1915-ին անավարտ մնացածն ավարտին հասցնելու համար …

Ի տարբերություն «Խմբապետ Շավարշի» հեղինակի, նկատելի է, որ «Շշուկների մատյանի» հեղինակը փորձել է հնարավորինս անկողմնակալ լինել Մեծ հայի մասին իր գնահատականներում: Կարծում ենք՝ ասվածի վկայություններն են «Զորավար Դրոյի զենքերը» հատվածը եզրափակող հետևյալ տողերը. « … Ինչ վերաբերում է Դրոյի զենքերին, եթե գոյություն են ունեցել կամ որևէ տեղ թաղված են, դրանք օգտակար եղան գեթ պատրանքներով սնելու համար նրանց, որոնց համար այլևս ոչ մի հույս չկար: Ինչը որ այդ ժամանակների համար քիչ բան չէր» (18):

Դրոյի մեջ զարմանալի կերպով համադրվել են հանդուգն քաջությունը և իրատեսությունը: Ասվածի վկայություններն են, մի կողմից, միայն հայկական կամավորական գնդերի ուժերով դեպի Տարոն արշավելու նրա ծրագիրը 1915 թ., որը չիրագործվեց գնդերի հրամանատարների միջև անհամաձայնության, ինչպես նաև առհասարակ ռուսական զորքերի անակնկալ նահանջի պատճառով, մյուս կողմից՝ 1918-ին ռուսական զորամասերի հեռանալուց հետո ռազմաճակատի գիծը կրճատելու և խորացված պաշտպանություն կազմակերպելու առաջարկությունը (իսկ դա նշանակում էր հրաժարվել Արևմտյան Հայաստանի ազատագրված տարածքներից): Այդ օրերին այդպիսի առաջարկություն կհանդգներ անել միայն Դրոն, որովհետև ոչ ոք չէր կարող կասկածի տակ դնել նրա ո՛չ քաջությունը և ո՛չ էլ հայրենասիրությունը, բայց, միևնույն է, այդ առաջարկության նշանակությունը չընկալվեց ժամանակի պատասխանատուների կողմից, որի պատճառով շատ մեծ էր նաև Արևելյան Հայաստանը կորցնելու վտանգը, եթե չլինեին մայիսյան հաղթանակները և առհասարակ տարածաշրջանում չփոխվեր աշխարհաքաղաքական իրավիճակը:

Դրոյին բնորոշ էին ռոստոմյան տիպի գործնական մտածողությունը և տիրական ազդեցությունը զինակիցների շրջանում. «Դրոյի խոսքը օրենք էր բոլորիս համար»,- գրել է խմբապետ Մարտիրոս Աբրահամյանը (19):
Չնայած որ Դրոն նախորդ դարի Հայոց ազատամարտի և առհասարակ հայկական իրականության այն մեծերից է, որոնց գործունեությունը շատ է լուսաբանվել և արժևորվել, մեր կարծիքով, սակայն, նրա գործի իրական՝ համազգային չափանիշներով գնահատումը մեծ հաշվով դեռևս տեղի չի ունեցել: Դրոյի մեծության իրական գիտակցումը առայժմ մնում է կուսակցական-պատմագիտական նեղ շրջանակների սեփականությունը: Մի հանգամանք, որը, նրա առավելությունը լինելով, ցավոք, դարձել է նաև «խոցելի» կողմը (20): Ում համար արժեք են անկախ պետականությունը և ազատ հայրենիքը, նա կհասկանա, թե ովքեր են Դրոները, իսկ ով կրողն է «ամբոխային տրամաբանության», Դրոները նրա համար միայն բախտախնդիրներ են, ովքեր խռովում են իր ճորտային անդորրը: Դրո երևույթը գնահատելու համար կարևոր է ընդունել առնվազն մի բան. Բագրատունիների թագավորության կործանումից ի վեր Հայաստանի առաջին հանրապետության կերտումը հայ ժողովրդի մեծագույն նվաճումն է, իսկ Դրոն, Արամ Մանուկյանի հետ միասին, այդ հանրապետության «գլխավոր կերտիչն» է:

Ծանոթագրություններ

1.Եթե մյուս անունները արդեն բավականաչափ հայտնի են ընթերցողին, ապա նույնը չի կարելի ասել Պարսկական սահմանադրական հեղափոխության հերոս և փաստական ղեկավար Եփրեմի (Եփրեմ Դավթի Դավթյան) մասին, որովհետև նրա մարտական կենսագրությունը հանկարծակի ընդհատվեց իր սրընթաց վերելքի ընթացքի մեջ՝ 1912 թ.: Եփրեմի մեծության վկայություններից մեկը Դ. Վարուժանի «Եփրեմ» բանաստեղծությունն է՝ գրված հերոսի նահատակության առիթով:
2.Տե՛ս Համլետ Գևորգյան, Դրո, Եր., 2014, էջ 892:
3.Եղիշե Չարենց, Խմբապետ Շավարշը // Երկերի ժողովածու 4 հատորով, հ. 2, Եր., 1986, էջ 199:
4.Տե՛ս Ս. Վրացեան, Մրրկածին Դրոն // նույնի՝ Կյանքի ուղիներով, հ. IV, Պէյրութ, 2007, էջ 177:
5.Տե՛ս Թ. Նազարբեկյանի անտիպ հուշերը, ՎԷՄ, 2019 թ., թիվ 1, էջ 287, ՎԷՄ, 2019 թ., թիվ 3, էջ 213:
6.Ս. Վրացեան, նշվ. աշխ., էջ 179:
7.Տե՛ս Եղիշե Չարենց, նշվ. աշխ., էջ 198:
8.Տե՛ս Ս. Վրացեան, նշվ. աշխ., էջ 175:
9.Տե՛ս Հրաչիկ Սիմոնյան, Անդրանիկի ժամանակը, գ. Բ, Եր., 1996, էջ 574:
10.Տե՛ս Ս. Վրացեան, նշվ. աշխ., էջ 179,- Վարդգէս Ահարոնեան, Անդրանիկ. Մարդը եւ ռազմիկը, Եր., 2019, էջ 308-326, Համլետ Գևորգյան, նշվ. աշխ., էջ 462-469:
11.Տե՛ս Եղիշե Չարենց, նշվ. աշխ., էջ 199:
12.Տե՛ս Ս. Վրացեան, նշվ. աշխ., էջ 192:
13.Տե՛ս Եղիշե Չարենց, նշվ. աշխ., էջ 200:
14.Խմբապետ Շավարշի նախատիպը Շավարշ Բասենցյանն է, իսկ «կնքահայր» Սմբատի նախատիպը՝ խմբապետ Սմբատ Բարոյանը (Մախլուտո): Փետրվարյան ապստամբությանը հաջորդող քառասնօրյա քաղաքացիական կռիվների ժամանակ խմբապետ Շավարշը եղել է Սմբատ Բարոյանի (Վարիչ Սմբատ) օգնականը Ղամարլուի ռազմաճակատում:
15.Տե՛ս Վ. Նավասարդեան, Դրոյի գործը՝ բ. Աշխարհամարտի օրերուն // Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, հ. Դ, 1995, էջ 339-347:
16.Վարուժան Ոսկանյան, Շշուկների մատյան, Եր., 2014, էջ 188:
17.Տե՛ս Ս. Վրացեան, նշվ. աշխ., էջ 212:
18.Վարուժան Ոսկանյան, նշվ. աշխ., էջ 206:
19.Տե՛ս Մարտիրոս Աբրահամյան (Բաշգառնեցի Մարտիրոս), Իմ հիշելի հուշերը, Եր., 2016 թ., էջ 244:
20.Այդ առումով Դրոն նախանձելի վիճակում է, եթե նրան համեմատում ենք, օր., Քրիստափոր Միքայելյանի, Ս. Զավարյանի և Ռոստոմի հետ, որոնց գործը ծանոթ չէ ոչ միայն հայության լայն շրջանակներին, այլև՝ մտավորականությանը: Անուններ, որոնք հայոց պատմության նոր շրջափուլի իրական դարբիններն են, և առանց որոնց ո՛չ Անդրանիկը կլիներ Անդրանիկ, ո՛չ Արամը՝ Արամ և ո՛չ էլ Դրոն՝ Դրո:

«Դրօշակ», թիվ 5 (1639), մայիս, 2020 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company