ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Հայոց եկեղեցին և քրիստոնեական ազգային արժեքային համակարգի ձևավորումը

26 Հոկտեմբեր 2020 Քրիստոնեական ազգային արժեքային համակարգի ձևավորումը տեղի է ունեցել ո՛չ մեկ տարում և ո՛չ էլ մեկ հարյուրամյակում: Այս գործընթացը, Հայաստանում սկիզբ առնելով առաքելական քարոզչության տարիներից, անցել է դարերի ու հազարամյակների միջով և ձգվում է մինչև մեր օրերը: Այդ ընթացքում, ինչպես ցույց է տալիս մեր ժողովրդի պատմությունը, ձևավորվեցին և վերջնականապես կայացան այն ազգային քրիստոնեական հիմնարար արժեքները, որոնք կազմում են հայ մարդու աշխարհայացքի առանցքը: Այդ արժեհամակարգը մեր ժողովրդին հնարավորություն է տվել պահպանելու իր հայրենիքը, հավատը, մշակույթը, ազգային ինքնագիտակցությունը և վերականգնելու անկախ պետականությունը:

Քրիստոնեական ազգային արժեքային համակարգի
մշակման կենտրոնի ստեղծումը


Հայաստանի առաջին բաժանումից (387 թ.) և Արշակունյաց թագավորության անկումից (428 թ.) հետո հայ հասարակությունը հայտնվեց մի կողմից` քրիստոնեական-բյուզանդական, մյուս կողմից` զրադաշտական-պարսկական արժեքային համակարգերի անմիջական ազդեցության տակ, ինչը վտանգում էր հայկական էթնիկական ընդհանրության նույնականությունը: Անհրաժեշտ էր մշակել արժեքային այնպիսի համակարգ, որը ոչ միայն ունակ կլիներ պահպանելու հայ հասարակության նույնականությունը, այլև պայմաններ կստեղծեր նրա հետագա զարգացման համար: Պետականության բացակայության պայմաններում այդ արժեքների մշակման խնդիրն իր վրա վերցրեց Հայոց եկեղեցին:

301 թ. Հայաստանում քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն արդեն իսկ կանխորոշել էր հայ հասարակության մշակութա-արժեքային կողմնորոշումը: Կրոնական համակարգի փոփոխությունը պատահական չէր և պայմանավորված էր հայ հասարակության հոգևոր, մշակութային զարգացման օրինաչափություններով, ինչպես նաև էթնիկական ինքնապաշտպանության պահանջով: Քրիստոնեության ընդունումից հետո անհրաժեշտ էր նոր ուսմունքի դրույթների, հիմնական գաղափարների և խորհրդանիշների հիման վրա կառուցել հայ հասարակության հոգևոր-մշակութային կյանքը:

Վարդան Ղանդիլյան
պատմաբան

Հայաստանում քրիստոնեության տարածման և հաստատման ժամանակ հայ հասարակությունն արդեն բավական բարձր կազմակերպված էթնիկական ընդհանրություն էր: Հայոց եկեղեցին քրիստոնեական ազգային արժեքային նոր համակարգի ձևավորման ժամանակ պահպանեց էթնիկական ինքնագիտակցության մեջ արմատացած, հայկականությունը բնորոշող հատկանիշները: Օրինակ` ազգային ինքնագիտակցության այդ հատկանիշները լավագույնս են պահպանվել Մովսես Խորենացու «Հայոց Պատմության» մեջ, որում Պատմահայրը մեծ գովեստով ու հարգանքով է ներկայացնում Հին Հայաստանի հայրենասեր, հայրենիքը շենացնող արքաներին, հայոց քաջ նախնիներին: Նաև գիտենք, որ որոշ քրիստոնեական տոնակատարություններ ներառել են մինչքրիստոնեական ժողովրդական ավանդույթներ և սովորություններ, օրինակ` Վարդավառը, Տեառնընդառաջը, Խաղողօրհնեքը և այլն:

Միաժամանակ քրիստոնեական ուսմունքի շրջանակներում ձևավորվել էր հասարակական-պետական կյանքի կազմակերպման այնպիսի մոդել (բնորդ), որը ուսուցանում ու նաև պահանջում էր քրիստոնեական բարոյականության հիմքերի վրա կառուցել ներհասարակական, ներպետական կյանքը` արքունիք-նախարարներ, իշխաններ-հպատակներ փոխհարաբերությունները և այլն:

Քրիստոնեական ազգային արժեքային համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ էր ունենալ արժեքների, խորհրդանիշների, գաղափարների մշակման կենտրոն: Պետականության գոյության պայմաններում եկեղեցին սովորաբար այդպիսի կենտրոն ձևավորում էր երկրի մայրաքաղաքում: Հայ հասարակության համար նման կենտրոն դարձավ Էջմիածինը: Հետագայում, անկախ այն հանգամանքից, որ կաթողիկոսական աթոռը տեղից տեղ էր տեղափոխվում, Էջմիածինը միշտ պահպանում էր արժեհամակարգը խորհրդանշող և պահպանող իր կարգավիճակը:

Ինչպիսի՞ խնդիրներ էին ծառացած Հայոց եկեղեցու առջև

Հայկական քրիստոնեական արժեքային համակարգի մշակման ժամանակ հայ հասարակության մեջ առկա էին տարբեր` հեթանոսական, զրադաշտական, քրիստոնեական, ասորական, հունական և մշակութային այլ կողմնորոշումներ: Կենտրոնի խնդիրն էր ոչ միայն ձևավորել միասնական մշակութային մոդել, այլև ապահովել այդ մոդելի կենսագործումը: Այս նպատակով արժեքային համակարգի կենտրոնը ստեղծեց նաև ենթակենտրոններ` թեմեր, գաղթավայրերի հոգևոր- մշակութային կենտրոններ և այլն:
Նոր արժեքային համակարգը պետք է ունենար նույնաբնույթ հոգևոր տարածք, որի հիմնական հատկանիշներն էին լեզուն, հավատը, դավանանքը (հավատով` քրիստոնյա, դավանանքով` հայ առաքելական):

Հայոց եկեղեցին աշխարհիկ իշխանության (արքունիք) օժանդակությամբ ձեռնամուխ եղավ հայոց այբուբենի ստեղծմանը: Հայոց լեզուն ստանձնում է ազգային արժեքային համակարգը ձևավորող կարևոր գործառույթ: Քրիստոնեության համընդհանրական գաղափարն ազգայնացվում և հայ հասարակության գիտակցության մեջ ներդրվում էր լեզվի միջոցով: Արժեհամակարգի մշակման ժամանակ հայերեն թարգմանվեց «Աստվածաշունչը», ինչպես նաև քրիստոնեական մեծածավալ գրականություն:

Յուրաքանչյուր էթնիկական ընդհանրություն ունի աշխարհի վերաբերյալ մշակած պատկերացումներ, աշխարհայացք: Հայ հասարակությունը նույնպես մշակել և ժառանգաբար կանոնակարգված փոխանցում էր իր փորձը, սովորույթները, բարքերը: Սակայն ոչ մի հասարակություն, այդ թվում` և հայկականը, ի վիճակի չէր գոյատևելու առանց փոփոխությունների:

Ընտանեկան և կենցաղային սովորույթները քրիստոնեության սկզբունքներին համապատասխանեցնելու նպատակին էին ուղղված Աշտիշատի (354 թ.), Շահապիվանի (444 թ.) և հետագա մի շարք այլ ժողովների որոշումներն ու կանոնները: Այսպես, Աշտիշատի ժողովն արգելեց հեթանոսական այնպիսի սովորույթներ (մերձավորների ամուսնությունը, հանդերձներ պատռելով մեռելներ թաղելը, հարբեցողությունը, պոռնկությունը), որոնք հարիր չէին հասարակության կազմակերպման նոր պատկերացումներին և սկզբունքներին:
Հայոց եկեղեցին փորձեց վերակառուցել արտաքին միջավայրն այնպես, որ այնտեղից վտանգ չսպառնար: Հարևան ժողովուրդների մեջ քրիստոնեությունը տարածելու նպատակով հայ հոգևոր գործիչները գործնական քայլեր արեցին և հասան որոշակի հաջողությունների: Դեռևս Գրիգոր Լուսավորչի և նրա հաջորդների օրոք քրիստոնեությունը տարածվեց Աղվանքում և Վիրքում, փորձ արվեց այն տարածելու նաև Պարսկաստանում և մասքութների երկրում:

Ավանդական պատկերացումների ներառումը քրիստոնեական արժեհամակարգում: Քրիստոնեական ազգային հայեցակարգի մշակումը

Սովորաբար ավանդական են համարվում այն պատկերացումները, որոնք ձևավորվում են անցյալի որոշակի ժամանակահատվածում և հաստատում են անցյալի օրինականությունն ու գոյության իրավունքը: Քրիստոնեական ազգային արժեքային համակարգի մշակման համար անհրաժեշտ էր մտովի վերադառնալ նաև մինչքրիստոնեական անցյալ և այդտեղից «բերել» կերպարներ, երևույթներ, իրադարձություններ, գաղափարներ, որոնք նոր հասարակության համար կլինեին ինքնաճանաչման, ինքնադրսևորման, էթնոսի կենսագործունեության ապահովման հարատև ազդակներ: Այս խնդիրը լուծեց Մովսես Խորենացին իր «Հայոց Պատմություն»-ով, որում ընդգրկված են հայերի և՛ նախաքրիստոնեական, և՛ քրիստոնեական ժամանակաշրջանները: Հայոց պատմությունը ներառելով ժամանակագրական համակարգի մեջ` Մովսես Խորենացին սահմանեց հայոց արժեհամակարգի պատմական հիմքերը: Պատմահայրը ցույց տվեց, որ հայոց արմատները սկիզբ են առնում Ադամ նախահորից, և նկարագրելով հայերի ծագումը Հայկ Նահապետից՝ հիմնավորեց հայ ազգի պատվավոր տեղը հնագույն ազգերի շարքում:

Յուրաքանչյուր ժողովրդի կազմակերպման հիմքում նախ և առաջ դրվում են հավատի, լեզվի, ինքնուրույն մշակույթի և անկախ պետականության գաղափարները: Սրանք դրվեցին նաև հայոց քրիստոնեական ազգային արժեհամակարգի ձևավորման հիմքում` որպես հասարակության գործողությունները պայմանավորող նպատակներ:

Հայոց եկեղեցին արժեքային համակարգում ներառված երեք կարևորագույն հատկանիշներ` հայրենիքը, հավատը և լեզուն, հռչակեց սրբություններ և սահմանեց դրանց խորհրդանիշ-սրբերին` Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Մեսրոպ Մաշտոց և Ս. Սահակ Պարթև, Ս. Վարդանանք:

Քրիստոնեության պատկերացումները տիեզերքի և մարդու մասին արմատապես տարբերվում էին հեթանոսական աշխարհայացքից: Քրիստոնեության ընդունումից հետո դրանք պետք է դրվեին հասարակության կազմակերպման հիմքում: Այս խնդրի լուծման համար հայ հոգևոր գործիչները (թարգմանիչներ, պատմիչներ, մեկնողներ, ջատագովներ և այլք) IV դարից (սկսած թարգմանիչներից) աշխատում էին ազգայնացնել, ժողովրդի սեփականությունը դարձնել քրիստոնեությունը:

Ազգային արժեհամակարգի մշակումը խոչընդոտում էին ոչ միայն հեթանոսությունն ու սնոտի հավատալիքները, այլև զրադաշտականությունն ու աղանդավորական, թյուր փիլիսոփայական անընդունելի ուղղությունները: Այս հոսանքների քննադատության, դրանց գաղափարների մերժման խնդիրը լուծեց Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց» աշխատությամբ:
Այս պատկերացումների հիման վրա Հայոց եկեղեցին քրիստոնեական արժեհամակարգի շրջանակներում առանձնացրեց «մենք» և «մեր հարևանները», մշակեց նրանց հետ վարվելիք հարաբերությունների ձևերն ու սկզբունքները:

Արժեքային համակարգի հիման վրա հասարակությունը մշակում է արտաքին վտանգին դիմակայելու և այն հաղթահարելու մեխանիզմներ: Ազգային արժեքային համակարգը ներառում է տեղեկություններ ոչ միայն սպասվող վտանգի ձևի (ռազմաքաղաքական, կրոնական, գաղափարախոսական, մշակութային և այլն), այլև այն հաղթահարելու ուղիների մասին:

Այսպիսով` հայ գործիչները կարողացան ստեղծել միասնական հավատ, ազգային գիր ու գրականություն, հասարակական կյանքի կազմակերպման միասնական ձևեր ու սկզբունքներ: Այս արժեքների հիման վրա ձևավորվեց ազգային-հոգևոր այնպիսի նկարագիր, որը խիստ անհրաժեշտ էր արտաքին աշխարհի հետ մշտապես քաղաքական և մշակութային առճակատման մեջ գտնվող հայ հասարակությանը:

Հայկական էթնիկական ընդհանրության նույնականությունը պահպանելու համար հայկական մշակույթը, հենվելով նոր արժեհամակարգի վրա, առանձնացավ ընդհանուր քրիստոնեական մշակույթից և ձևավորվեց որպես քրիստոնեական ազգային մշակույթ:

Ազգային եկեղեցական կյանքի կազմակերպման ձևերն ու սկզբունքները

Հայաստանում քրիստոնեության` պետական կրոն ընդունումից հետո քրիստոնեական վարդապետությունը (ուսմունքը), Հայոց եկեղեցու դավանանքը, խորհրդանիշները դարձան հայ ժողովրդի ազգային գաղափարախոսության, ինքնահաստատման հզոր կռվանները: Ի տարբերություն հեթանոսական կրոնի` քրիստոնեական վարդապետությունը մարդուն հռչակեց արարչագործության թագն ու պսակը և հոգևոր-բարոյական կատարելության ուղին սահմանեց որպես մարդու երկրային կյանքի առաքելություն:

Հայոց եկեղեցու առջև դրվում են երկու կարևորագույն խնդիրներ. նախ` ուսուցանել քրիստոնեական վարդապետությունը Մեծ Հայքի ողջ տարածքում, նոր քրիստոնեական ուսմունքից բխող հարաբերություններ և սկզբունքներ ներդնել երկրի վարչաքաղաքական համակարգում, մյուս կողմից` այնպես կազմակերպել փոփոխությունները, որ դրանք հասարակության համար անշրջելի բնույթ ստանան: Այս նպատակով Հայոց եկեղեցին իր վրա է վերցնում հոգևոր-մշակութային կյանքի կազմակերպման հիմնական ձևերի, սկզբունքների մշակման խնդիրը:

Ազգային եկեղեցական կյանքի կազմակերպումը

Յուրաքանչյուր կազմավորված հասարակություն` որպես մեկ ընդհանուր համակարգ, բաղկացած է մի քանի` տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ ենթահամակարգերից: Յուրաքանչյուր ենթահամակարգ, ինչպես այժմ, այնպես էլ նախկինում մյուսից տարբերվում էր իրեն բնորոշ առանձնահատկություններով, հիմնախնդիրներով, նպատակներով, ուղղվածությամբ, արժեքների նկատմամբ ունեցած դիրքորոշումով: Հայոց եկեղեցին կարողացավ գտնել հասարակական կյանքի կազմակերպման այնպիսի ձևեր և սկզբունքներ, որոնք այս կամ այն չափով ընդունելի էին բոլոր կողմերի համար:

Եկեղեցին կարճ ժամանակում սերտաճեց քաղաքացիական համայնքի հետ և հասարակության հոգևոր ու աշխարհիկ կյանքի կազմակերպման գործում ստանձնեց ամենաակտիվ դերակատարությունը: Յուրաքանչյուր համայնքում գոյություն ունեին եկեղեցի և հոգևորական-պաշտոնյա, կազմակերպվում էին աստվածաշնչյան ուսուցումներ, տոնական և ծիսական արարողություններ, բացվում էին դպրոցներ և այլն:

Եթե հեթանոսական տաճարները համարվում էին աստվածների բնակատեղիներ, և այնտեղ միայն քրմերն էին մուտք գործում, ապա քրիստոնեական տաճարների դռները բաց էին բոլոր հավատացյալների համար:
Բնակչության հասարակական-եկեղեցական կյանքը կազմակերպելու համար Հայոց եկեղեցին քրիստոնեության շրջանակներում ընդգրկեց գոյություն ունեցող ազգային սովորույթների, ավանդույթների, տոնակատարությունների այն մասը, որը չէր հակասում քրիստոնյայի բարոյական նկարագրին, քրիստոնեական գաղափարախոսությանը:

Հասարակական-եկեղեցական կյանքի կազմակերպման հայկական մոդելը աշխատում էր, իսկ հաճախ նաև ստիպված էր լինում իր գործունեության մեջ ներառել հասարակական, պետական, քաղաքական, մշակութային, մի խոսքով` ազգային բոլոր հիմնախնդիրները: Այսինքն` եկեղեցին և ժողովուրդը միաձուլվել և դարձել էին մեկ ամբողջություն:

Պետականության բացակայության պայմաններում բնակչության աշխարհիկ կյանքի կազմակերպման մի շարք հիմնախնդիրներ ևս անցան եկեղեցուն:

Պատմական դեպքերի բերումով հայ հասարակության զգալի մասը բնակություն էր հաստատել Հայաստանից դուրս: Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ազգի տարբեր հատվածների միջև բացակայում էին տարածա-սահմանային շփումները, ուստի էթնո-քաղաքական և մշակութային տարբեր միջավայրերում հայտնված հայ բնակչության էթնիկ նույնականությունը պահպանելու համար եկեղեցական կյանքի կազմակերպումը կարևոր նշանակություն ուներ: Հայության տարբեր հատվածների ազգային, հասարակական, եկեղեցական կյանքի կազմակերպման, հայրենիքի հետ կապի խնդիրները նույնպես լուծում էր Հայոց եկեղեցին: Հասարակական-եկեղեցական կյանքին մասնակցելու ժամանակ էր անհատը առավել հստակ գիտակցում իր ազգային-դավանական պատկանելությունը: Այս հանգամանքը շատ կարևոր էր, որովհետև պետականության բացակայության պայմաններում հասարակական-եկեղեցական կյանքի կազմակերպման գործըթացում կատարված յուրաքանչյուր շեղում վտանգում էր ազգի էթնիկական նույնականությունը:

Հասարակական-եկեղեցական կյանքի կազմակերպումը կարելի է ստորաբաժանել երկու` տեսական (գաղափարական) և գործնական (պրակտիկ) բնագավառների: Առաջինում մշակվում էին հասարակական-եկեղեցական կյանքի կազմակերպման համար անհրաժեշտ կանոնները և սկզբունքները: Այս բնագավառը ուներ կենտրոնի կարգավիճակ` ոչ միայն որպես որոշակի գաղափարների հավաքատեղի, այլև կառուցվածքային առումով: Հայ հասարակության եկեղեցական կյանքի կազմակերպման համահայկական կենտրոնի կարգավիճակի դերը սովորաբար ստանձնում էր հայոց կաթողիկոսությունը, որը համահայկական հոգևոր-մշակութային, իսկ պետականության բացակայության ժամանակ նաև քաղաքական կենտրոն էր: Վերջինս համահայկական խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով պարբերաբար հրավիրում էր ազգային եկեղեցական ժողովներ:

Միաժամանակ գործում էին նաև մի շարք վարդապետարան-համալսարաններ, վանքեր, որոնք առանձին դեպքերում այս կամ այն հարցի առնչությամբ կարող էին ունենալ վճռորոշ դերակատարություն (օրինակ` միարարական շարժման ժամանակ տեղի ունեցած դեպքերը և այլն):

Գործնական բնագավառում կենսագործվում էին կենտրոնի մշակած գաղափարները, որոնք կարելի է բաժանել երկու կարգի` համաքրիստոնեական և հայկական: Առաջին խմբի մեջ մտնում էին հասարակական-եկեղեցական կյանքի կազմակերպման այն սկզբունքները, որոնք ընդհանուր էին քրիստոնեական բոլոր ուղղությունների համար: Համաքրիստոնեական սկզբունքներից Հայոց եկեղեցու համար ընդունելի էին առաքելական կանոնները, առաջին երեք տիեզերական (325 թ. Նիկիայի, 381 թ. Կոստանդնուպոլսի, 431 թ. Եփեսոսի) և մի շարք տեղական ժողովների կանոնները:

Երկրորդ խումբը ներառում էր այն ամենը, ինչը տիպական էր միայն հայ հասարակությանը:

Արդեն VIII դ. փորձ արվեց համակարգելու ընդունված համաքրիստոնեական և հայկական կանոնները: Այս խնդրի լուծումը հայ հասարակության համար դարձել էր պատմական անհրաժեշտություն, քանզի Հայաստանի մեծ մասը գտնվում էր Արաբական խալիֆայության տիրապետության տակ, իսկ մյուս մասը տնօրինում էր Բյուզանդիան: Երկու հատվածներում էլ հայ հասարակության նույնականությունը վտանգված էր, քանզի և՛ իսլամը, և՛ հունական եկեղեցին փորձում էին հայության մեջ ներդնել հասարակական կյանքի կազմակերպման իրենց ձևերն ու սկզբունքները: Մյուս կողմից` դա ուղղված էր պավլիկյան աղանդավորական շարժման գաղափարախոսության դեմ, որը կարող էր պառակտել ժողովրդի միասնությունը: Այս պայմաններում կազմվեց «Կանոնագիրք Հայոց» ժողովածուն, որը հետագայում անընդհատ լրացվում էր նոր կանոններով:

Հայոց եկեղեցին ի վերջո ստեղծեց ազգային եկեղեցական սեփական համակարգ: Այդ համակարգը, հենվելով քրիստոնեական ազգային արժեհամակարգի վրա, անցնելով հարյուրամյակների փորձություններով, կարողացավ պահպանել հայոց ազգային-հոգևոր նկարագիրը և այժմ էլ շարունակում է իր պատմական առաքելությունը:

Ազգային-հոգևոր նկարագրի ձևավորման գործընթացը

Քրիստոնեական ազգային արժեհամակարգի ձևավորմանը զուգընթաց ձևավորվում էր նաև հայերի ազգային-հոգևոր նկարագիրը (ազգային-հոգևոր նկարագիրը յուրահատուկ համակարգ է, որում խտացված են տվյալ էթնիկ ընդհանրությանը բնորոշ լեզվական, դավանական, հոգեբանական, մշակութային, ընտանեկան-կենցաղային և այլ հատկանիշներ): Այդ գործընթացը բաղկացած է միմյանց հետ սերտորեն փոխկապակցված երեք` տեսական, գործնական և սոցիոլոգիական (ընկերաբանական) մասերից: Առաջինի մեջ մտնում են ազգային-հոգևոր նկարագրի անբաժան մաս կազմող գաղափարախոսությունը, պատկերացումները, խորհրդանիշները: Գործնական մասը ներառում է այդ գաղափարների կենսագործումը և վերարտադրությունը, որոնք հիմնականում իրականացվում են կրթության, դաստիարակության, ծեսերի ու սովորույթների միջոցով: Սոցիոլոգիական մասը ներառում է այն միջավայրը, որտեղ դրանք կատարվում են, և այն կառույցները, որոնք իրագործում են դրանք: Այդ միջավայրերն են տունը, եկեղեցին, ուսումնական հաստատությունները և այլն:

Արժեհամակարգի ձևավորման գործընթացը տեղի էր ունենում հասարակական կյանքի բոլոր` քաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգևոր և մշակութային բնագավառներում, ժամանակ առ ժամանակ փոփոխվող արտաքին միջավայրի պայմաններում, ուստի ազգային-հոգևոր նկարագիրը բազմաշերտ կառուցվածք ունի:

Ազգային-հոգևոր կենտրոնի խնդիրն էր պահպանել էթնիկական նույնականությունը և թույլ չտալ վտանգավոր ձևախախտումներ: Այս հանգամանքը առանձնակի կարևորություն էր ստանում պետականության բացակայության ժամանակ, երբ հայությունը զրկվում էր քաղաքական կենտրոնից և կազմակերպվում որպես մշակութակենտրոն հասարակություն, կամ այն ժամանակ, երբ հայ ժողովրդի մի մասը բնակություն էր հաստատում պատմական հայրենիքից դուրս: Անհրաժեշտություն էր առաջանում հասարակության հիշողության մեջ պահպանելու այն արժեքները, որոնք նա պատմական հանգամանքների բերումով կորցրել էր, սակայն դրանց վերականգնումը պատմական անհրաժեշտություն էր: Օրինակ` ուշ միջնադարում հոգևոր ազգային միտքը իրականացրեց անկախ պետականության գաղափարի վերականգնումը հասարակական գիտակցության մեջ:

Ազգային-հոգևոր նկարագրի կառուցվածքը

Ազգային-հոգևոր նկարագրի հատկանիշների ձևավորման վրա առավել մեծ է ազգային հոգեբանության, հավատի, լեզվի, բնակլիմայական պայմանների և ավանդական գիտակցության ազդեցությունը:

Հասարակության տնտեսական զբաղմունքի տեսակները, կենցաղը, որոշ սովորույթների ձևավորումը հաճախ պայմանավորվում են աշխարհագրական միջավայրով: Այն որոշակի ազդեցություն է թողնում նկարագրի ձևավորման վրա: Աշխարհագրական միջավայրի որոշ բաղադրատարրեր, կապված տվյալ ժողովրդի կյանքում բախտորոշ նշանակություն ունեցած դերի հետ, դառնում են այդ ժողովրդի հոգևոր պատկանելության խորհրդանիշներ: Օրինակ` հայ հասարակության համար նման խորհրդանիշների դեր են կատարում Արարատ լեռը, Արածանի և Արաքս գետերը: Միջավայրը ներազդում է նաև հասարակության պատմական ընթացքի վրա: Միջավայրը մեծ նշանակություն ունի նաև արտաքին աշխարհի հետ այդ էթնոսի հարաբերությունների ձևի առաջացման առումով: Հոգևոր նկարագրի ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողնում նաև այն հանգամանքը, թե էթնիկ ընդհանրության զբաղեցրած տարածքը ինչ հաճախականությամբ է ենթարկվում թշնամական հարձակումների, և ովքեր են նրա հարևանները: Հայոց պատմության ընթացքից հայտնի է, թե ինչ ուժերի կողմից է հարձակումների ու ներխուժումների ենթարկվել Հայաստանը տարբեր ժամանակաշրջաններում, և որ ժողովուրդներն են եղել հայերի հարևանները: Բացի այդ` հայության տարբեր հատվածներ տարբեր պատճառներով հայտնվում էին հայրենիքից դուրս` նոր միջավայրում, որտեղ ստեղծվում էին հայկական իշխանություններ, թագավորություն (Կիլիկիա), գաղթավայրեր:

Յուրաքանչյուր հասարակություն սովորաբար բաղկացած է մարդկանց տարբեր խմբերից, որոնք ունեն ավանդական գիտակցության տարբեր տեսակներ: Հասարակության մեջ դրանց առկայությունը միշտ անհրաժեշտ է, որպեսզի արտաքին վտանգի դեպքում այդ հասարակությունն ունենա պաշտպանական մեխանիզմների մի քանի տարբերակներ: Օրինակ` VII-VIII դարերում արաբական տիրապետությունից հայ ժողովրդի ազատագրման ուղիների վերաբերյալ հայ հասարակության մեջ կային երկու մոտեցումներ. Մամիկոնյան նախարարները գտնում էին, որ դա հնարավոր է իրականացնել զինված ապստամբության միջոցով և որքան հնարավոր է արագ, իսկ Բագրատունիները և Հայոց եկեղեցին նախապատվությունը տալիս էին դիվանագիտական մարտավարությանը: Այս դիրքորոշումները հայ ազգային-քաղաքական մտքի մեջ պահպանված ավանդական մտածողության դրսևորումներ էին: Տվյալ դեպքում Մամիկոնյանները հանդես էին գալիս որպես մարտական և ռազմական մտածողության կրողներ, իսկ Բագրատունիները` քաղաքական-դիվանագիտական:

Այս ճանապարհով հասարակությունն անընդհատ կատարելագործում է ավանդական պատկերացումները, որպեսզի վերափոխված իրականության վերաբերյալ ճշգրիտ պատկերացումներ ունենա: Փոխվում էր թշնամին կամ նրա գործելակերպը, ուստի անհրաժեշտություն էր առաջանում պայքարի նոր ձևեր ընտրելու: Օրինակ` Բյուզանդական կայսրությունը փորձում էր քաղկեդոնականություն պարտադրել, կամ ասպարեզ էին գալիս տարբեր աղանդավորական շարժումներ: Անհրաժեշտ էր ընտրել պայքարի համապատասխան ձևեր:

Ազգային-հոգևոր նկարագիրը ձևավորող ամենակարևոր հատկանիշներից է լեզուն: Յուրաքանչյուր ժողովուրդ իր մշակույթը ստեղծում, պահպանում և փոխանցում է լեզվի միջոցով: Հայոց այբուբենի ստեղծումից քիչ անց հայ հոգևոր, քաղաքական գործիչները ձեռնամուխ եղան հայերենով հայոց պատմության շարադրմանը: Հայոց նորաստեղծ գրերը դառնում են ազգային ինքնության պատմական հիմքերն ուսումնասիրելու և ի հայտ բերելու միջոց: Այս գործընթացը ժամանակի ընթացքում ընդհատումներ չի ունեցել, ինչի հետևանքով ձևավորվում է հայկական պատմագիտական դպրոցը:

Ազգային-հոգևոր նկարագրի ձևավորման գործընթացում մեծ է նաև հավատի նշանակությունը: Այս նպատակով ստեղծվում է կրթադաստիարակչական համապատասխան համակարգ` ուսումնական հաստատություններ, դպրոց, համալսարան, մշակվում են աշխարհայացքային և գաղափարական դրույթներ ու տեսակետներ: Սա առավել կարևորվում էր հայ հասարակության համար, քանզի պետականության բացակայության պայմաններում այս խնդիրներով հիմնականում զբաղվում էր Հայոց եկեղեցին: Օրինակ` Գրիգոր Տաթևացին այդ նպատակով գրեց «Գիրք հարցմանց», «Ամարան հատոր», «Ձմերան հատոր» երկասիրությունները: Ստեղծվում էին դպրոցներ, որոնք մասնագիտանում էին հոգևոր պատրաստության այս կամ այն ուղղությամբ: Սյունիքում ձևավորվել էր քերթողական, մեկնողական գործի բազմահմուտ դպրոց:

Հայոց եկեղեցին, փաստորեն, ազգային-հոգևոր նկարագրի կարևորագույն հատկանիշներից մեկը դարձրեց հավատը (դավանանքը):
Հոգևոր նկարագրի ձևավորման ժամանակ կարևորագույն դեր են խաղում նաև էթնիկական հոգեբանության որոշ հատկանիշներ, երբ անհատը հոգեբանական տեսանկյունից գիտակցում է իր պատկանելությունը «մենք» հանրությանը և աշխատում է յուրացնել նրան բնորոշ հատկանիշները: Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իրեն բնորոշ հոգեբանություն, որը փոխանցվում է մշակութային ժառանգության յուրացման ճանապարհով: Այս պատճառով ազգային-հոգևոր նկարագրի ձևավորման գործընթացը տրոհվում է ընտանեկան և հասարակական միջավայրերում: Սրանցից յուրաքանչյուրն ունի կրթադաստիարակչական, ծիսական, ավանդական կանոնակարգված սկզբունքներ ու նորմեր, որոնք դրվում էին մարդու ազգային-հոգևոր նկարագրի ձևավորման հիմքում:

Ազգային-հոգևոր նկարագրի բաղադրատարրերից են ընտանիքի ձևավորման սկզբունքները, սովորույթները, կենցաղը: Հոգևոր նկարագրի ամբողջացման մեջ զգալի դեր են խաղում հարսանեկան, ծննդյան, թաղման սովորույթները և ծեսերը: Սովորույթները պարզ ու կոնկրետ իրավիճակներում անհատի առօրյա կյանքը կարգավորող վարվելակերպի նորմեր են: Ծեսերը խորհուրդ պարունակող արարողություններ ու գործողություններ են, որոնք վարվեցողության կարգավորման առավել բարդ ու խիստ ձևերն են:
Հասարակության սովորութային և ծիսական կյանքը սովորաբար կազմակերպվում էր երեք` տուն, եկեղեցի, համայնք, միջավայրերում:
Ծիսական կյանքի կազմակերպումը հիմնականում գտնվում է եկեղեցու ձեռքում:

Հայաստանում քրիստոնեության տարածման և հաստատման ժամանակ որոշակի փոփոխություններ տեղի ունեցան նաև ծեսերում և սովորույթներում: Նախ` քրիստոնեությունն իր հետ բերեց և ստեղծեց նոր ծեսեր, տոներ (Թարգմանչաց տոն, Վարդանանց տոն և այլն) ու սովորույթներ և դանդաղորեն դրանք ներդրեց հասարակության գիտակցության մեջ: Մյուս կողմից` այն որդեգրեց արդեն ավանդույթ դարձած որոշ ծեսեր և սովորույթներ, թույլատրեց դրանց կատարումը, սակայն դրանց տրվեց նոր բովանդակություն:

Ազգային-հոգևոր նկարագրի կառուցվածքում կարևոր տեղ են զբաղեցնում նաև տնտեսական-մշակութային հատկանիշները, մասնավորապես` կենսաձևը (նստակյաց, կիսաքոչվորական) և աշխատանքի գործիքները: Դարեր շարունակ հիմնականում հողագործությամբ զբաղվող հայ շինականի համար մեծ նշանակություն է ունեցել գութանը, որին նվիրվել են երգեր և այլն:

Հոգևոր նկարագրի հատկանիշների ամբողջացման շարքում ուրույն տեղ են զբաղեցնում նաև կենցաղային հատկանիշները` բնակարանը, հագուստը, սնունդը, ինչպես նաև վարվելակերպի նորմերը:

Այսպիսով` ազգային-հոգևոր նկարագիրն ամբողջանում և ավարտուն տեսք է ստանում մշակութային, մասնավորապես` լեզվական, դավանական, հոգեբանական, ընտանեկան, կենցաղային որոշակի հատկանիշների հիման վրա: Յուրաքանչյուր ժողովրդի հոգևոր նկարագրի, ազգային տարատեսակի հիմնական հատկանիշներն արտահայտվում են մշակույթի բնագավառում, ուստի այնտեղ կենտրոնացված են մյուս մշակույթների համեմատությամբ ունեցած տարբերակիչ առանձնահատկությունները:

«Դրօշակ», թիվ 10 (1644), հոկտեմբեր, 2020 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իսրայէլի Թիրախը Հարաւի Ապազինումէն Անդ

Նախ եւ առաջ Իրանի իսլամական հանրապետութեան վրայ շղթայազերծուած պատերազմին գծով

21 Մայիս 2026
Ակնարկ. Փեքինը` Ուաշինկթընի Եւ Մոսկուա

Միացեալ Նահանգներու նախագահին չինաստանեան այցելութենէն անմիջապէս ետք Ռուսիոյ Դ

21 Մայիս 2026
Կոչ

Հայաստանի անկախութեան եւ հանրապետութեան կերտումի 108-ամեակի տօնակատարութիւններ

20 Մայիս 2026
Հայաստանը սփյուռքի համար բարոյական ար

Մայիսի 18-ին Hraparak TV-ի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Տարոն Տեր-Խաչատուրյանը

20 Մայիս 2026
Փաշինյանի իշխանությունը միացել է Ադրբե

Հայաստանում նախընտրական շրջանում խորացող տարաձայնություն է առաջացել գործող իշխ

20 Մայիս 2026
Հայ Դատը Գործնական Քայլեր Կ՛առնէ՝ Ձախո

Թեքսասի Հայ Դատի յանձնախումբը, գործակցութեամբ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի

20 Մայիս 2026
Հասարակական բևեռացման մանիպուլյացիայից

Հայաստանի ներկա ներքաղաքական իրականության մեջ այս միտումները հստակ տեսանելի են

20 Մայիս 2026
Ոչ Յաղթական, Ոչ Պարտեալ

Երկար ժամանակէ ի վեր Միացեալ Նահանգներու նախագահ Թրամփ կը փնտռէր միջոց մը Իրան

20 Մայիս 2026
Կմնա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը պաշտոնում

Աշխարհասփյուռ հայությունը ուշադիր հետևում է Հայաստանի խորհրդարանական ընտրությո

19 Մայիս 2026
Թշնամանքի սերմանումը թուրք-ադրբեջանակա

Վերջին օրերին արցախցիների հանդեպ ընդգծված և խորը ատելությունը գործող իշխանությ

19 Մայիս 2026
Ակնարկ. Շրջանցելով Եւ Խախտելով Սահմանա

Նախընտրական քարոզարշաւի ընթացքին գործող մեծամասնութեան առաջնորդը վերահաստատեց

19 Մայիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մ

18 Մայիս 2026
Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակո

Մայիսի 15-ին Կիպրոսում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ապրիլին Փարիզում տեղ

18 Մայիս 2026
Փաշինյանը պատրաստվում է նոր տարածքներ

«Այս չարիքի իշխանությունը, երբ որ խոսում է ինքնիշխանությունից, տարածքային ամբո

17 Մայիս 2026
Հաւատքի Մարդը՝ Թաթուլ Սոնենց-Փափազեան

Լուսանկար՝ Նանոր Պարսումեանի Մայիս 6-ին իր մահկանացուն կնքեց Հայ Յեղափոխակա

16 Մայիս 2026
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրոն իր խորին ցաւակցութիւնը կը յայտնէ Դաշնակցութեան մեծ ընտանիքին, ընկեր

16 Մայիս 2026
Ակնարկ. Հորմուզը` Չինաստան Այցելութենէ

Միացեալ Նահանգներուն եւ Չինաստանի նախագահներուն միջեւ կայացած հանդիպումին վերա

16 Մայիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դե

15 Մայիս 2026
Կցանկանայի տեսնել ավելի համերաշխ Հայաս

Կարծում եմ՝ բոլոր ընդդիմադիր առաջնորդները պետք է հստակ հայտարարեն, որ Փաշինյան

14 Մայիս 2026
Գերիները Բաքվում են Փաշինյանի ցանկությ

Նիկոլ Փաշինյանին օժանդակող օլիգարխներն ու գործարարներն օգնում են նրան կատարել

14 Մայիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company