Արցախը պետք է մնա հայկական. Հաջորդ հանրահավաքը վաղը՝ ժամը 16-ին, Ազատության հրապարակում
12 Նոյեմբեր 2020 «Մեր պայքարն արդար պայքար է, մեր պայքարն ազնիվ պայքար է, այդ ստի, կեղծիքի մթնոլորտը, այստեղ հավաքվելով՝ կոտրենք վերջապես: Մեզ խաբել են, մեզ անընդհատ պահել են կեղծիքի մեջ:Ինչ էին խոսում և ուր հասանք, ստեղծեց երկու աշխարհ, ստեղծեցին մի վիրտուալ աշխարհ, որտեղ մենք հաղթում էինք, և իրական աշխարհ, որտեղ մենք պարտվեցինք, և սրա մեղավորը մեկ մարդ է՝ Նիկոլը»,- Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցներին այսպես դիմեց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:
Նա վստահեցրեց, որ շատերն արդեն գիտակցում են իրականությունը, և դիմելով նրանց, ովքեր դեռ չեն գիտակցում, թե ինչ է կատարվում, ասաց. «Շուտ սթափվեք, որովհետև այն, ինչ կորցրել ենք, մեզ երազանք կթվա: Եթե թողնենք՝ Նիկոլը շարունակի այս սուտը, մենք Հայաստան չենք ունենալու, ախր, ժողովո՛ւրդ, չե՛նք ունենալու. թող մեզ չխաբեն, մենք հենց դրա համար ենք այսօր հավաքվել:
Ես Ձեզ հիշեցնեմ՝ երբ մեր դեբատներն էին, երբ նոր-նոր 2018 թվականի ընտրություններն էին, ես իրեն մի հարց եմ տվել՝ եթե դու վաղը դառնաս վարչապետ, պարտավորվո՞ւմ ես հետևել ԼՂ Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդի կամքին՝ ինչը նշանակում էր՝ պահել ստատուս-քվոն այնքան ժամանակ, քանի դեռ չի ճանաչվել ԼՂ Հանրապետության անկախությունը ու չի վերականգնվել տարածքային ամբողջականությունը, ասեց՝ այո, այո, իհարկե, ու ի՞նչ մնաց դրանից»:
ՀՅԴ անդամը շեշտեց՝ թե՛ Արայիկ Հարությունյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունեն խոսել ազնվությունից, քանի որ ոտնահարել են Սահմանադրությունը. «Հենց նույն Սահմանադրությամբ ընտրվել ես նախագահ, Արայի՛կ Հարությունյան: 175 հոդվածը դու պետք է աչքի լույսի պես պահեիր, որ Ղարաբաղը մնար հայկական: Ի՞նչ արեցիր դու, հիմա շարունակում ես մարդկանց մեղադրե՞լ. օր առաջ դու իրավունք չունես այդտեղ լինելու, որովհետև դու այն նախագահն ես, որը, քո իսկ ձևավորված, ժողովրդի կողմից ձևավորված, հանրապետությունն ի չիք դարձրիր, Սահմանադրությունը ոտնակոխ արեցիր:
Ի՞նչ ես այստեղից հրահանգներ ստանում՝ պապից պապական Նիկոլ ես պաշտպանում, մինչև ե՞րբ: Ժողովուրդը հո Արցախում լավ գիտի՝ ինչ է կատարվել: Արցախի ժողովուրդը, որ էստեղ է, գիտի, չէ՞. Ո՞նց կարող է վերադառնալ Ղարաբաղ, եթե Ղարաբաղը մնաց թուրքի լծի տակ, ո՞ր ղարաբաղցին կվերադառնա. նա տեսել է դա, Նախիջևան ենք տեսել, մի հայ մնա՞ց Նախիջևանում: Այս ի՞նչ ողբերգություն դուք բերեցիք այս ազգի գլխին:
Այսօր Շուշիում նամազ են հնչեցնում: Այն բոլոր վարձկանները, ջիհադիստները, որ եկել էին, եկել իրենց խրախճանքն են անում: Մենք թողեցինք Ղազանչեցոցը, մեր սրբությունները»:
Արմեն Ռուստամյանը պայքարի կոչ հղեց Հայաստանում ու Սփյուռքում ապրող՝ իրավիճակով մտահոգ բոլոր քաղաքացիներին. «Ով սրբություն է հարգում, նա պետք է այս հրապարակ գա, ով որ ուզում է, որ մեր ժողովրդի ապագան իր ձեռքից չխլեն, նա պետք է այս հրապարակ գա:
Մեր պայքարը ժամանակ չի ճանաչում, տարածություն չի ճանաչում. ամբողջ հայությունն աշխարհով մեկ պետք է նույն խնդիրը դնի, որ այս մարդը հասկանա, որ ինքը չի կարող ղեկավարել ժողովրդին»:
Արմեն Ռուստամյանն վերջում տեղեկացրեց, որ վաղը կրկին հանրահավաք են կազմակերպելու Ազատության հրապարակում ժամը 16-ին:
