ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Հայ դատ

Ամփոփագիր Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված հիմնական աշխատանքների

01 Փետրվար 2021

(Հունվար, 2021 թ.)

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակը պարբերաբար հրապարակում է Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների գործունեության ամփոփագրեր, որոնք լրատվամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրույթներին հնարավորություն են տալիս կենտրոնացված և հավաստի տեղեկատվություն ստանալ ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի գործունեության վերաբերյալ, իրազեկ լինել սփյուռքի քաղաքական գործունեության ընթացիկ արդյունքներին և առաջադրված խնդիրներին։

Նախորդ ամփոփագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Պայմանավորված նոր վարչակազմի ձևավորմամբ և քաղաքական հիմնարար փոփոխություններով՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի և, ընդհանրապես, Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների կառույցի աշխատանքային ակտիվությունը շարունակում է բարձր մնալ։ Հունվարի 7-ին հանձնախումբը, առանձին հաղորդագրությամբ, շնորհավորեց մեր ժողովրդի մեծ բարեկամ, Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի համահեղինակ, սենատոր Ռոբերտ Մենենդեզի՝ Սենատի առանցքային հանձնաժողովներից մեկի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ընտվելու առթիվ։

Հունվարի 13-ին Հայ դատի հանձնախմբին հղված նամակով սենատոր Շելդոն Ուայթհաուսը, լիովին կիսել է հանձնախմբի մտահոգությունները՝ կապված խաղաղ հայ բնակչության հանդեպ հարձակման ժամանակ Ադրբեջանի կողմից օգտագործված թուրքական անօդաչուների կազմության մեջ ամերիկյան արտադրամասերի առկայության հետ։ Սենատորը կարծիք է հայտնել, որ ամերիկյան ընկերությունները պետք է ձեռնպահ մնան, այնպիսի արտահանումներից, որոնք կարող են օգտագործվել հանցագործությունների կամ մարդու իրավունքների խախտումների համար։

Հունվարի 19-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ հեռացող վարչախմբին՝ Թուրքիայի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու համար, ըստ որի ԱՄՆ-ն ընդունում է Թուրքիայի իրավունքները իր տարածքում այլ ժողովուրդների հսկայական մշակութային ժառանգության նկատմամբ։ Հայ դատի հանձնախմբի քննադատությանը միացել են նաև ամերիկահունական ղեկավարների խորհուրդը և Քրիստոնյաների պաշտպանության կազմակերպությունը։

Հունվարի 19-ին Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկումներ են եղել ԱՄՆ Սենատում՝ նախագահ Բայդենի կողմից, իբրև պետքարտուղարի թեկնածու առաջադրված Էնթնի Բլինքենի թեկնածության քննարկման ժամանակ։ Մասնավորապես, սենատոր Ռոբերտ Մենենդեզը ուշադրություն է հրավիրել Թուրքիայի ապակառուցողական կեցվածքի վերաբերյալ իրեն հարակից գրեթե բոլոր տարածաշրջաններում՝ Սիրիայում և Լիբիայում, Հունաստանի բացառիկ տնտեսական գոտու և Կիպրոսի սուվերեն ջրային տարածքներում։ Մենենդեզը հատուկ ուշադրություն դարձրեց Ղարաբաղյան վերջին պատերազմի վրա՝ դատապարտելով Թուրքիայի կողմից Ադրբեջանի զինումը ու պատերազմական գործողություններ հրահրելը:

Սենատորը հետաքրքրվեց, թե արդյո՞ք Բայդենի վարչակազմը Թուրքիային «բաց աչքերով» է նայում, ինչին ի պատասխան Բլինքենն ասաց. «Մենք «բաց աչքերով» ենք նայում: Թուրքիան դաշնակից է, որը, ինչպես Դուք ասացիք, շատ առումներով չի գործում այնպես, ինչպես պետք է գործի դաշնակիցը: Սա մեզ համար շատ կարևոր մարտահրավեր է, և մենք դրան շատ հստակ ենք նայում»։

Մենենդեզը նաև հույս է հայտնել, որ Սպիտակ տան վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ նկատելով, թե ինչ դժվար է Հայաստանում ԱՄՆ դեսպանների համար այցելել Ցեղասպանության հուշահամալիր և չարտասանել ցեղասպանություն բառը։ Սենատորը նաև կարծիք է հայտնել, որ Թրամփի վարչակազմը Էրդողանին «գուրգուրում էր»։

Հունվարի 20-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, պաշտոնավարումը ստանձնելու առթիվ շնորհավորելով նախագահ Բայդենին, հրապարակել է ամերիկյան նոր վարչակազմի հետ աշխատանքի առաջնահերթությունները։ Դրանք են՝ 250 միլիոն ԱՄՆ դոլարի մարդասիրական օժանդակության փաթեթ Արցախին, Թուրքիային և Ադրբեջանին ռազմական օժանդակության և ռազմական նշանակության արտադրանքի վաճառքի արգելք, Ալիևի և Էրդողանի վարչակարգերի նկատմամբ պատժամիջոցների կիրառում, Ադրբեջանի կողմից հայ բանտարկյալների ազատ արձակման գործում ամերիկյան գործուն դերակատարություն, Քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանություն, Արցախի անկախության ճանաչում, Հայաստան-Ամերիկա միջպետական հարաբերությունների վերակտիվացում։

Բլինքենի հետ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները շարունակվել են նաև այլ՝ գրավոր հարց-պատասխանի ձևաչափով։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզի քառամաս հարցմանն ի պատասխան՝ Բլինքենը «աջակցություն է հայտնել Հայաստանի անվտանգությանը, ժողովրդավարական կառավարման ամրապնդմանն ու տնտեսական աճի խթանմանն ուղղված օգնության տրամադրմանը, նկատելով, որ դրանք կօգնեն ամրապնդել Հայաստանի անվտանգությունն ու կայունությունը»: Բլինքենը նաև ավելացրել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունների համատեքստում, վարչակազմը կվերանայի ամերիկյան անվտանգային աջակցությունը Ադրբեջանին՝ նկատելով, որ եթե որոշ հանգամանքներ հաստատվեն, Բայդեն-Հարիս վարչակազմը կկասեցնի Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի պահանջների կատարումից հրաժարման գործընթացը։ Բլինքենը ընդգծել է իր հանձնառությունը՝ աշխատել Կոնգրեսի և պաշտպանության դեպարտամենտի հետ՝ որոշելու տարածաշրջանի և Հայաստանի անվտանգության կարիքները բավարարելու համար ԱՄՆ օժանդակության մակարդակը։

Ի պատասխան հանձնաժողովի նախագահ Մենենդեզի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում ԱՄՆ-ի վերակտիվացման և նաև Հայաստանի հետաքրքրություններն արտահայտող լուծման հասնելու վերաբերյալ հարցին՝ Բլինքենը հաստատել է, որ ինքը «կխթանի ԱՄՆ ներգրավածությունը՝ հասնելու Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծմանը, որը կապահովի Ղարաբաղի անվտանգությունը և կբացառի նոր պատերազմի բռնկումը։ Ասվածը ներառում է Մինսկի խմբի միջոցով մեր ներգրավվածության ակտիվացումը, որի համանախագահ է Միացյալ Նահանգները, և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք` երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար»:

Եվրոպա

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հունվարի 15-ին հանդես եկավ հայտարարությամբ, որը վերաբերում էր հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությանը, որը, ըստ գրասենյակի, անտեսում է հայկական կողմի կարիքները և խորացնում է անվտանգության վերաբերյալ անորոշությունը: Գրասենյակն իր խորը մտահոգությունն է հայտնում եռակողմ հանդիպման արդյունքի վերաբերյալ, որը 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթղթի 8-րդ կետի, այն է՝ հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի խնդրի ուղղությամբ որևէ առաջընթաց չգրանցեց:

Գրասենյակը նաև ուշադրություն է հրավիրել Հայաստանի միջոցով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կառուցման հարցում Հայաստանի համաձայնության հետ՝ նկատելով, որ դա այս փուլում բազմաթիվ հարցեր է առաջացնում Հայաստանի ավելի լայն անվտանգության և ինքնիշխանության տեսանկյունից:

Անցնող ամսվա ընթացքում կարևոր նշանակություն ունեցան Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունված ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության (CFSP) և ԵՄ ընդհանուր անվտանգային և պաշտպանական քաղաքականության (CSDP) տարեկան զեկույցներում ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող շեշտադրումները։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է այս երեք զեկույցները, որտեղ կարևոր հարցեր են բարձրացվում։ Օրինակ, CFSP-ն նախատեսում է, որ խաղաղության հասնելու և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագա կարգավիճակը որոշելու գործընթացը պետք է ղեկավարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից և հիմնված լինի կարգավորման հիմնարար սկզբունքների վրա:

Զեկույցը նաև ընդգծում է Արցախում հայ բնակչության և մշակութային ժառանգության անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև հումանիտար օժանդակության տրամադրման հրատապ անհրաժեշտությունը։
Եվրոպական Խորհրդարանն ընդհանուր առմամբ նաև խստորեն քննադատում է Թուրքիայի կործանարար դերը պատերազմի ընթացքում, ինչպես նաև Սիրիայից օտարերկրյա ահաբեկիչների փոխադրումը Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանին օժանդակելը։

Այս զեկույցների վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել, թե իբր զեկույցներից մեկում օգտագործվում է «Լեռնային Ղարաբաղի օկուպացիա» ձևակերպումը։ Այդ և ադրբեջանական քարոզչամեքենայի այլ ապատեղեկատվությունները հերքել և ընդունված բանաձևերի իրական բովանդակությունը և քաղաքական շեշտադրումները Արմենպրեսի հետ զրույցում ներկայացրել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանը։

Հայ դատի Եվրոպայի գրասենյակից նաև տեղեկացնում են, որ հունվարի 22-ին Եվրոպական ժողովրդավար իրավաբանների և մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների ասոցացիան Բելգիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ կազմակերպել էր բողոքի ցույց՝ ընդդեմ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի։ Նրանք նաև դատապարտել են Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան և երկրի իշխանություններին կոչ արել հավատարիմ մնալ մարդու իրավունքների հանդեպ հարգանքին։ Պայմանավորված մարդու իրավունքների վիճակով՝ Ադրբեջանն այս տարի հայտնվել է այդ ասոցացիայի գործունեության դիտանկյունում։

Մեծ Բրիտանիա

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի ջանքերով հունվարի 18-ին Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկում անցկացվեց Լորդերի պալատում։ Հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ կառավարությանը հարցում է կատարել բարոնուհի, մեր ժողովրդի մեծ բարեկամ Քերոլայն Քոքսը։ Քննարկվել են Ադրբեջանին պատասխանատվության կանչելու վերաբերյալ ՄԹ անելիքները և հումանիտար այնպիսի կազմակերպությունների՝ Արցախ մուտքի հնարավորության հարցը, ինչպիսին Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունն է, որպեսզի հնարավոր լինի խուսափել էթնիկ զտումներից։ Բազմաթիվ խորհրդարանականներ դեմ են արտահայտնել ցեղասպանական գործողություններին, մշակութային հուշարձանների ոչնչացմանը, պատերազմական հանցագործություններին, ռազմագերիների պահմանը և առնչակից այլ հանգամանքների։

Բաքվում հայկական ջարդերի 30-ամյակի կապակցությամբ հանձնախումբը տարածել է հատուկ հաղորդագրություն՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը շարունակում է իր հիմնական նպատակի՝ Արցախի բնակչությանը ցեղասպանության ենթարկելու ուղղությամբ քաղաքականությունը։

Հունաստան

Հայ դատի Հունաստանի հանձնախումբը հունվարի 7-ին հայտնեց՝ ՀՅԴ Հունաստանի երիտասարդական կազմակերպության հետ համատեղ Հայաստան ուղարկվող երկրորդ հումանիտար օժանդակության մասին։ Օժանդակությունը գոյացել էր տարբեր բարերարների և կազմակերպությունների նվիրատվությունների շնորհիվ, իսկ փոխադրմանն օժանդակել էր Հունաստանի պետությունը։

Կիպրոս

Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ հունվարի 13-ին Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հետ ԵԽ բարեկամության խմբի համանախագահ Լուկաս Ֆուրլասը Եվրոպական հանձնաժողովին է ներկայացրել Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու նկատմամբ ադրբեջանական հարձակման փաստը՝ կոչ անելով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց ու պաշտամունքային կենտրոնները։

Կիպրական Պաֆոս քաղաքում դեռևս առկա էր մի փողոց, որն անվանակոչված էր Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Թալեաթ փաշայի անունով։ Հանձնախմբի ջանքերով և Պաֆոսի քաղաքային խորհրդին հասցեագրված նամակի արդյունքում փողոցը վերանվանվեց Տիկեոսինիսի (արդարության) փողոցի։

Հաշվի առնելով, որ Լառնագա քաղաքի փողոցներից մեկը կրում է BOZ KURT (գորշ գայլեր) անվանումը, դիմեց Լառնագայի քաղաքապետարան, հայտնելով հանձնախմբի վրդովմունքը։ Փոխքաղաքապետի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում ներկայացվել են փողոցի անվանափոխության համար հիմք հանդիսացող պատճառները։ Փոխքաղաքապետը խոստացել է, որ հարցը քննարկվելու է քաղաքի ավագանու կողմից։ Հայ Դատի հանձնախումբն ուշադրությամբ հետևում է գործընթացին։

Հունվարի 28-ին Հայ դատի Ավստրիայի և Գերմանիայի հանձնախմբերի նախաձեռնությամբ կայացավ առցանց քննարկում, որին, որպես բանախոսներ, մասնակցում էին ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի պատասխանատու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը և Վիեննայի հայ աառաքելական համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տէր Անդրեաս քահանա Իսախանյանը։ Քննարկմանը մասնակցում էին Ավստրիայում և Գերմանիայում գործող համայնքային կառույցների միությունների շուրջ 55 ներկայացուցիչներ։

Քննարկվեցին Հայաստանում և Արցախում տեղի ունեցած բոլոր ներքին և արտաքին զարգացումները, մասնավորապես, պատերազմի հետևանքներն ու սահմանագծման գործընթացը, ռազմագերիների և անհետ կորածների հարցերը, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օրեցօր ահագնացող վտանգները և դրանք դիմագրավելու համար հայության կողմից ձեռնարկվելիք քայլերը։

Կանադա

Հայ դատի Կանադայի, Ամերիկայի, Եվրոպայի և Ավստրալիայի հանձնախմբերի կազմակերպմամբ հունվարի 16-ին անցկացվեց «Պատերազմական հանցագործություններ, մշակութային ցեղասպանություն և կրոնական ազատություններ» խորագրով հանրային առցանց քննարկում։ Քննարկման բանախոսներն էին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան, ներկայումս ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դոկտոր Էլլիզաբեթ Փրոդորմոն, Կոլորադոյի համալսարանից Սիմոն Մաղաքյանը և Քարդուսի համալսարանից Հայր Անդրյու Բեննեթը։

Ավստրալիա

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը շուրջ երկու ամիս առաջ հանրային խնդրագիր (petition) էր հրապարակել, որով ավստրալիական խորհրդարանին և կառավարությանը կոչ էր արվում ճանաչել Արցախի ժողովրիդի ինքնորոշման իրավունքը։ Հունվարի 13-ի դրությամբ, երբ խնդրագրի լրացման վերջնաժամկետը սպառվեց, դրան միացած անձանց թիվը 3164 էր։ Խնդրագիրը տեղադրված էր Ավստրալիայի Խորհրդարանի պաշտոնական էջում։

Հանձնախմբից նաև հայտնում են, որ Ավստրալիայի Խորհրդարանի պատգամավոր, Հայաստան-Ավստրալիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ջոնաթան Օ՛դին խստիվ քննադատել է Ադրբեջանում տիրող ատելությունը հայ բնակչության և հայկական մշակութային ժառանգության հանդեպ, ինչը դրսևորվում է հատկապես Արցախում։ Խորհրդրարանականը, իբրև հակամարտության լուծման բանաձև, վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված կարգավորման երեք հիմնարար սկզբունքները։

Մերձավոր Արևելք

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը հունվարի 25-ին Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպամ Ուալիտ Պուխարիին հղված նամակով ողջունեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից «Կրոնական վայրերը պաշտպանելու համար խաղաղության և հանդուրժողականության մշակույթի խթանում» խորագրով բանաձևի ընդունումը։ Բանաձևը ներկայացվել էր Սաուդյան Արաբիայի կողմից։ Այն դատապարտում է կրոնական վայրերի և խորհրդանիշների նկատմամբ բռնությունները, սպառնալիքները, այդ վայրերի քանդումը, դրանք վնասելը կամ վտանգելը:
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը հիշեցրեց, որ ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի հայկական մշակութային և կրոնական կոթողներին հասցվում են դիտավորյալ վնասներ, որոնք հիշեցնում են 2005-2006 թթ. ադրբեջանական բանակի կողմից Հին Ջուղայի հազարավոր խաչքարերի քանդումը։

Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքները՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք արդեն իսկ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունումների։

Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների կողմից շարունակվում են արտասահմանյան պատվիրակությունների, մեր ժողովրդի օտարազգի բարեկամների եւ լրագրողների այցելությունների կազմակերպումը դեպի Արցախ, որպեսզի նրանք տեղում ծանոթանան առկա իրավիճակին և առավել առարկայորեն կարողանան օգտակար լինել և/կամ իրավիճակը ներկայացնել միջազգային հանրաությանը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
01.02.2021

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company