Արյան գնով մեր շահածը չի մսխվի դիվանագիտական սեղանների շուրջ
17 Հունվար 2019ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը Արցախում անցկացնելը աջակցության ևս մեկ ձև է հայկական երկրորդ հանրապետությանը և վերահաստատելու, որ արյան գնով պատերազմի դաշտում մեր շահածը չի մսխվի դիվանագիտական սեղանների շուրջ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը՝ մանրամասնելով, որ իրենք շատ առիթներով են եղել Արցախում, ունեցել համագումարներ, սակայն առաջին անգամն է, երբ Ընդհանուր ժողովը հենց այստեղ է անցկացվում:
«Հայ Դատի հիմնական խնդիրները այսօր էլ շարունակում են մնալ նույնը: Դրանք սահմանվում են չորս կետերում և Հայաստանի պարագայում վերաբերում են պետական հիմքերը ամրապնդելուն, իսկ Արցախի պարագայում՝ ինքնորոշման իրավունքին և անկախության ճանաչմանը հասնելուն: Երկրորդը ցեղասպանության և պահանջատիրության հարցն է առհասարակ: Դրան հաջորդում են մեր երիտասարդության քաղաքականացման խնդիրներին վերաբերող և հայապատկան հողերի մեջ տարվող աշխատանքներին վերաբերող հարցերը: Բարեբախտաբար, պատմությունը ցույց է տվել, որ Դաշնակցության կարևորությունը պայմանավորված չէ միայն ընտրություններով: Մենք պետք է հանդիսանանք արտախորհրդարանական ընդդիմություն՝ իր չափի մեջ ճիշտը ասելով և սխալը գնահատելով»,- ավելացրել է Հակոբ-Տեր Խաչատրյանը: