Կուկունյանի արշավանքը
22 Սեպտեմբեր , 1890
Այս արշավանքը հանդիսանում է հայ հեղափոխական շարժման առաջին լայնածավալ ձեռնարկը, որի նպատակն էր անցնելով ռուս-թուրքական սահմանը, Կովկասից մեկնել ու պատժել Բասենի, Ալաշկերտի ու Խնուսի թուրք եւ քուրդ հրոսակներին, գնալ Մուշ, Սասուն, Վասպուրական ու բարձրացնելով հայության կորովը, նախապատրաստել եւ մղել ինքնապաշտպանության:
Շտապ պատրաստված արշավանքը ձախողվում է: Սահմանը հազիվ անցած հայ մարտիկները մնում են մի կողմից իրենց դիմացից հանդիպած թուրք զորքերի եւ քրդերի, իսկ թիկունքից՝ ռուս սահմանապահ զինվորների կրակոցների միջև:
Արշավանքի մասնակից 125 անձնուրացների մեծ մասը, ովքեր դիմադրելով թուրքերին, չեն պատասխանում ռուս զինվորների կրակոցներին, բարեկամ ռուսների կողմից ձերբակալվում են, բանտարկվում ու դատվում, որոնցից 29-ը դատապարտվելուց հետո աքսորվում է Սիբիր:
Միայն խմբի մի փոքր մասն է ազատվում՝ նահանջելով Կովկաս: Նորկազմ Դաշնակցությունը համաձայն լինելով արշավանքի գաղափարին, դրա գործադրությունը համարում էր վաղաժամկետ, ու աջակցություն է ցուցաբերում միայն բարոյապես։ Արշավանքին մասնակցել են Եփրեմը, Քեռին, Բալաջանը, Փայլակը, Զմմառացի Եղոն, Ջալլադը եւ ուրիշներ, ովքեր հետագայում դարձան անվանի դաշնակցական ղեկավարներ: Կովկասահայության շրջանում Կուկունյանի արշավանքը մեծ հուզում և խանդավառություն է առաջացնում, նաև նպաստում է հեղափոխական ծավալուն խմորումների զարգացմանը: