Օսմանյան Բանկի գրավումը

14 Օգոստոս , 1896

Սասունի առաջին ապստամբության անհաջողությունը, 1895-1896 թվականների ջարդերի պատճառած հուսալքությունը, հակազդեցության դիմելու ուժեղ տրամադրություններ են ստեղծում Հ.Յ. Դաշնակցության ղեկավարության մոտ:

ՀՅԴ Արևմտյան Բյուրոյի և կուսակցական մի շարք մարմինների համաձայնությամբ, Կ. Պոլսի Կենտրոնական Կոմիտեն նախաձեռնում է Բանկ Օթոմանի գրավվումը: Ձեռնարկի նպատակն էր առաջին հերթին ցնցիչ հարված տալ Օսմանյան պետությանը, հետո վնասել Թուրքիայում եվրոպական դրամագլուխը ու ստիպել արևմտյան պետություններին միջամտել՝ ի նպաստ Հայկական Հարցի և հայկական գավառներում բարենորոգումների իրագործմանը:

1896 թվականի օգոստոսի 14-ին, 26 դաշնակցական անձնուրացներ զենքի ուժով գրավում են Պոլիսի Օսմանյան դրամատունը, ու 24 ժամ պահում են իրենց ենթակայության տակ, միաժամանակ սպառնալով անձնակազմի հետ, ռումբով պայթեցնել՝ եթե Սուլթանը անմիջապետ չդադարեցնի հայկական կոտորածը:

Եվրոպական պետությունների դեսպանները անմիջապես սկսում են բանակցել հեղափոխականների հետ եւ խոստանում են անել հնարավորը՝ հեղափոխականների պահանջները գոհացնելու համար: Ռուսաստանի դեսպանի տված երաշխավորությամբ դաշնակցական մարտիկները դուրս են գալիս բանկից եւ ֆրանսիական նավով նրանց տանում են Ֆրանսիա, բանտարկում, ապա կարճ ժամանակ հետո ազատ են արձակում:

Այս ձեռնարկի ոգին համարվող Բաբգեն Սյունիի հետ,  գործի գլխավոր կազմակերպիչներից են եղել Արմեն Գարոն, Հրաչը, Վռամյանը, Վարդգես Սերենկյուլյանը, Սարգիս Մինասյանն ու Բասկալը: Այս հանդուգն նախաձեռնությունը եղել է Հ.Յ. Դաշնակցության հարձակողական առաջին ձեռնարկը:

Դեպքը ահ ու վախի մատնել Սուլթան Աբդուլ Համիդին և մեծ աղմուկ առաջացրել եվրոպական մամուլում: Թեև կոտորածները չեն դադարում, բայց հայությունը գոտեպնդվում է ու հեղափոխական գործը նոր թափ է ստանում:
Զոհվում են չորս հայ մարտիկներ, որոնցից մեկը Բաբգեն Սյունին: Սպանվում են հարյուրավոր թուրք զինվորներ:

-«…Մեզ խաբեցին եւրոպական պետութեանց ներկայացուցիչները»-Վահե Անթանեսյան

-«Պանք Օթոմանի գրաւման հերոսական յանդգնութիւնը»-Ն.

-«Պանք Օթոմանի Գրաւման Անժամանցելի Դասերը»-Ն.