Ամերիկացի կոնգրեսականները միացել են Արցախին եւ Հայաստանին 100 մլն դոլարի օգնություն հատկացնելու օրինագծին
28 Մարտ 2019 Ավելի քան 35 ամերիկացի կոնգրեսականներ միացել են Արցախին եւ Հայաստանին 100 մլն ԱՄՆ դոլարի օգնություն հատկացնելու վերաբերյալ օրինագծին, որը ներկայացրել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունը:Նրանք կոչ են արել Ներկայացուցիչների պալատի հատկացումների և պետական արտասահմանյան գործառնությունների հարցերով ենթահանձնաժողովին` հավանություն տալ Հայաստանին և Արցախին տրամադրվող աջակցության փաթեթին, որը նախատեսված է 2020 ֆինանսական տարվա համար:
Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Այսպես` առաջարկվում է Արցախին տրամադրել 6 մլն դոլար` ականազերծման աշխատանքները և հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնմանն ուղղված աշխատանքներն ավարտին հասցնելու համար, նաև` 4 մլն դոլար Ռոյս-Էնգելի առաջարկների միջոցով խաղաղությանը նպաստելու համար, ներառյալ` ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող` հրազենային կրակի հայտնաբերման առաջադեմ համակարգերի տեղադրման նպատակով:
Հայաստանին առաջարկվում է տրամադրել 60 մլն դոլար տնտեսական զարգացման համար, 10 մլն դոլար` որպես ռազմական օգնություն, 20 մլն դոլար` Մերձավոր Արևելքից փախստականներին աջակցելու համար:
Կոնգրեսականները նաև պահանջում են կասեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օգնությունը և ուժեղացնել Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ լրացման կիրառումը:
Մանրամասները`տեսանյութում:
yerkir.am