Կարեւորվել են Արցախի միջազգային ճանաչման եւ անվտանգության ապահովման և հարցերը
21 Ապրիլ 2019 Ապրիլի 19-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցությունն իր հերթական հանդիպումն ունեցավ ԱՀ Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի բնակիչների հետ:ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը ներկայացրեցին Ազգային ժողովի և խմբակցության իրականացրած աշխատանքներն ու անելիքները։
Վահրամ Բալայանը հիշեցրեց ապրիլի 23-ին Ստեփանակերտում Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական և «Արամ Մանուկյան» ուսանողական միությունների նախաձեռնությամբ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերթի մասին, ողջունեց Ասկերանի շրջանի որոշ գյուղերի դպրոցականների՝ ջահերթին մասնակցելու ցանկությունը, որը մեր միասնականության կամքի դրսևորման չափանիշն է։
![](https://www.arfd.am/wp-content/uploads/2019/04/ՀՀ-ԱԺ-ՀՅԴ-1-1024x487.jpg)
ԱԺ փոխնախագահը մեր երկրի առաջնային խնդիրների մեջ կարևորեց Արցախի միջազգային ճանաչման և անվտանգության հարցերը։ Նա առանձնացրեց Հայ Դատի գրասենյակների դերը Արցախի ճանաչման գործընթացում, որն աշխարհին ինտեգրվելու և միջազգային կառույցների միջոցով պատերազմը կանխելու լավագույն ճանապարհն է։ Այս հարցում նա ընդգծեց նաև «Բարեկամություն» հանձնախմբերի ստեղծումը՝ ի նպաստ Արցախի անվտանգության ապահովման և միջազգային ճանաչման գործընթացի ակտիվացմանը:
Վահրամ Բալայանն անդրադարձավ նաև բանակաշինության և անվտանգության հարցերին, խոսեց բանակաշինության զարգացման համար խմբակցության օժանդակությունների, ինչպես նաև՝ զինակոչիկների և զոհվածների ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին։
Կրթական և մշակութային ծրագրերի շրջանակներում նա արժևորեց մեր ազգային հոգեկերտվածքի և կենսունակության երաշխիք հանդիսացող ազգային կրթության և մշակույթի պահպանման նախադրյալները։
Պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանն անդրադարձավ տնտեսական քաղաքականության մեջ ձեռքբերումներին և ընթացիկ աշխատանքներին։ Ըստ նրա՝ վարկային քաղաքականության շնորհիվ տարեցտարի զարգանում է գյուղատնտեսությունը, որի մեջ արդյունավետ համարեց ջերմոցային տնտեսության զարգացումը։
Պատգամավորները նշեցին, որ ԱՀ 52 գյուղերում լուծվել են խմելու ջրի մատակարարման հարցերը։ Ալյոշա Գաբրիելյանը խոսեց «Արի» ծրագրի մասին, որը գործում է ԱՀ երկու շրջանների՝ Քաշաթաղի և Շահումյանի գյուղատնտեսության զարգացման համար։
Հանդիպման վերջում հարցեր հնչեցրեցին գյուղատնտեսական խնդիրների, վարկային հարցերի դրական և բացասական ազդեցությունների մասին, տարակարծիքներ արտահայտեցին Մարտի 8-ը աշխատանքային օր դարձնելու որոշելու հարցում։
Պատգամավորները հուսադրեցին, որ ներկայացված հարցերին իրենց ուժերի ներածին չափով լուծումներ կտան: