ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Սփյուռքի փոխնախարարի հետ
10 Մայիս 2019 Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնում տեղի ունեցավ հանդիպում Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ՝ նրա խնդրանքով։Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՅԴ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը և ՀՅԴ ՄՈՀ գրասենյակի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։
ՀՅԴ ներկայացուցիչներն իրենց ափսոսանքն ու սկզբունքային ահնամաձայնությունը հայտնեցին կառավարության նոր կառուցվածքի առնչությամբ՝ դարձյալ շեշտելով և ներկայացնելով նախապես հրապարակայնացված իրենց մոտեցումներն ու տեսլականը։ Հատկապես շեշտվեցին քաղաքական, իրավական-ինստիտուցիոնալ և բարոյահոգեբանական այն մարտահրավերներն ու խոչընդոտները, որոնք անարդյունավետ են դարձնելու Սփյուռքի նախարարության փոխարեն վարչապետի աշխատակազմում ստեղծվելիք` Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը։
Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը ներկայացրեց դեռևս տեսլականի փուլում գտնվող իրենց պատկերացումները ապագա կառույցի առնչությամբ։
yerkir.am