Կկազմակերպվեն պատանեկան ճամբարներ՝ դաշնակցական երիտասարդների ջանքերով
03 Հուլիս 2019 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնում այսօր հյուրընկալվել էին ՀՅ Դաշնակցության Արևմտյան Ամերիկայի երիտասարդական միության անդամները, որոնք հայրենիքում են պատանեկան ճամբարներ կազմակերպելու նպատակով: Դաշնակցության «Սիմոն Վրացյան» կենտրոնում ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երիտասարդներին ներկայացրեց ՀՀ ներկա ներքաղաքական մթնոլորտը, կուսակցության քաղաքական դիրքավորումը և Դաշնակցության արժեհամակարգից բխող քաղաքական գործունեության առանձին մանրամասներ:ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի երիտասարդական միությունը ճամբարներ է կազմակերպելու ՀՀ Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Մեծ Մանթաշ համայնքներում, ինչպես նաև Արցախում: Նախատեսվում է, որ ընդհանուր առմամբ միայն Արևմտյան Ամերիկայից ժամանած դաշնակցական երիտասարդների կազմակերպած պատանեկան ճամբարներին կմասնակցեն շուրջ 1500 պատանի:
Ամռան ամիսների ընթացքում Դաշնակցության աշխարհասփյուռ կազմակերպության երիտասարդական միությունների կողմից Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներում կազմակերպվելու են տասնյակ պատանեկան ճամբարներ, որոնք ընդգրկելու են հազարավոր պատանիների: Ճամբարների նպատակն է Հայաստանի պատանիների համար ընկալելի և ճանաչելի դարձնել սփյուռքահայ երիտասարդությանը, պատանիներին փոխանցել ազգային արժեհամակարգին, մշակույթին և պատմությանը վերաբերող հիմնավոր գիտելիքներ, քաղաքացիական գիտակցություն և ամրապնդել սերն ու նվիրումը առ հայրենիք: