ԱՄՆ կառավարությունը մտադիր է դադարեցնել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը
31 Հուլիս 2019 Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մտահոգիչ հաղորդագրություններ է ստացել այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է երկու ամսում դադարեցնել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որի տրամադրումն ավելի վաղ հաստատվել էր Կոնգրեսի կողմից:Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ 2020թ.-ի ֆինանսական տարում օտար երկրներին տրամադրվող ֆինանսական աջակցության շրջանակում հաստատվել էր USAID-ի կողմից Արցախին տրամադրվելիք աջակցությունը:

Աջակցության վերաբերյալ օրենքի նախագիծն առաջին անգամ ԱՄՆ օտար երկրներին տրամադրվող ֆինանսական աջակցության շրջանակում ներառվել է 1998թ.-ի ֆինանսական տարում՝ Կալիֆոռնիա նահանգից դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանի ջանքերով, իսկ հաջորդ տարվա ֆինանսական տարում դրա ներառումն ապահովել էր դեմոկրատ կոնգրեսական Թի Քոքսը:
Ամերիկայի հայտ դատի հանձնախումբը արշավ է նախաձեռնել, որի շրջանակներում խնդրում էր ամերիկաբնակ հայերին զանգով աջակցել երկու կոնգրեսականների՝ USAID-ին ուղղված նամակին, որը աջակցության ծրագիրը շարունակելու հորդոր է պարունակում:
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանն իր հերթին տեղեկացրել է, որ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող օգնությունը, որի նպատակն է ականապատված տարածքների ականազերծումը։
«Սա USAID-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի դադարեցումը լուրջ քաղաքական մեսիջ է իր մեջ պարունակում։ Կոչ եմ անում ամերիկաբնակ ընկերներիս միանալ Հայ Դատի գրասենյակի կազմակերպած արշավին: Նորից եմ ասում, սա լրջագույն քաղաքական հետևանքներ է ունենալու: Սա դառնալու է քաղաքական և իրավական նախադեպ, որի հետևանքները բոլորս ենք գիտակցում:
P.S. ԱՄՆ-ն աշխարհի միակ պետությունն է ՀՀ-ից հետո, որ չճանաչելով Արցախի անկախությունը ուղիղ ֆինանսական աջակցություն է տրամադրում Ստեփանակերտին»,-գրել է Սուրեն Սարգսյանը:
tert.am