Մոմավառություն՝ Եռաբլուրում
01 Օգոստոս 2019ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հոգեհանգստի արարողություն և մոմավառություն էր կազմակերպել` Ապրիլյան պատերազմում զոհվածների շիրմաքարերի պղծումից հետո: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ատենապետ Արգիշտի Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ ցերեկվանից զոհվածների հարզատներն ու ընկերները եկել և մաքրում էին գերեզմանաքարերը:
«Այդ ամենից հետո մենք որոշեցինք երեկոյան մոմավառություն կազմակերպել: Կարծում եմ, որ անկախ երկրում տիրող քաղաքական և սոցիալական իրավիճակից Հայաստանի Հանրապետությունում կան բացարձակ արժեքներ, որոնք պետք չէ մոռանալ»,- ասաց Արգիշտի Գևորգյանը:
Դաշնակցական երիտասարդներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ անհրաժեշտության դեպքում իրականացնել շուրջօրյա հերթափոխություն Եռաբլուրի տարածքում:
Հիշեցնենք, որ այսօր համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են անհայտ անձինք պղծել Եռաբլուր զինվորական պանթեոնում ապրիլյան պատերազմի զոհերի շիրիմները:Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
https://youtu.be/LiH_9uj4BUQ