Բեկորի մահվան 27-րդ տարելիցն է
24 Օգոստոս 2019 «Ամեն հայ պետք է զգա, որ առանց իրեն հայրենիքը կփլվի»: Այս խոսքերի պատկանում են ԱՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, ՀՅԴ անդամ Բեկոր Աշոտին (Աշոտ Ղուլյան, Ասկոլկա):
Արցախի հերոսի հիշատակի օրը՝ օգոստոսի 24-ին, Ստեփանակերտում տեղադրված նրա հուշարձանի մոտ իրենց հարգանքի տուրքն են մատուցել ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ ոստիկանապետ Լևոն Մնացականյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները, Բեկորի մարտական ու կուսակցական ընկերները, ընտանիքի անդամները, նրա անունը կրող դպրոցի ուսուցիչները, աշակերտներ, մարզիկներ:
Միջոցառման ընթացքում կատարվել է Աշոտ Բեկորի հիշատակին Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ կազմակերպված հուշամրցաշարի բացումը: Հուշամրցաշարին մասնակցում են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ավելի քան 150 մարզիկներ:
Այս տարի լրանում է Բեկորի մահվան 27-ամյակը: Բեկորի այրի Նելլի Ղուլյանը նշել է, որ այդ տխուր հիշատակի օրը ընտանիքի իրենց համար մեծ սփոփանք է, որ մենակ չեն:
Աշոտ Ղուլյանի անունը կրող Ստեփանակերտի թիվ 2 դպրոցի ուսուցչուհի Կարինե Դադայանն իր խոսքում կարևորել է Բեկորի ու նրա մարտընկերների օրինակով մատաղ սերնդին դաստիարակելը: «Նրանց կենդանի շունչը ամեն օր ոգի է տալիս հայ մանուկներին և մեզ»,- ասել է Կարինե Դադայանը:
Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ, ազատամարտիկ Վահրամ Ղահրամանյանը իր ելույթում նշել է, որ Աշոտ Ղուլյան արժեքը ներկայացնում է մեր անցած ամբողջ մարտական ուղին, ամբողջացնում հաղթանակի ճանապարհը. «Աշոտ Ղուլյանը բոլորիս մտապատկերում մնացել է նույն ժպտերես, ծաղկուն դեմքով տղան, մենք կմեծանանք, կծերանանք, բայց ինքը մեր բոլորի մտապատկերում կմնա նույնը»:
ԱՀ ՊԲ զորամասերից մեկի սարկավագ, գնդերեց Մանավազդ սարվավագ Մկրտչյանն անդրադարձել է Բեկորի մարդկային բարձր տեսակին.
«Բեկորը և նրա նմանները զոհեցին ամենաթանկը՝ հանուն այն հայրենիքի, որում այսօր մենք ապրում ենք: Աշոտ Ղուլյանն իր կյանքը բեկորների բաժանեց և նվիրեց մեզ և նրա բեկորներն այսօր անթեղված են բոլորիս սրտերում ու հոգիներումև արտահայտվում են մեր գործերի տեսքով»:

aparaj.am