Հարկավոր է դիմանալ ընդամենը մեկ շաբաթ
01 Նոյեմբեր 2020
Քանի որ ազգովի հայտնվել ենք Նիկեի ու Նեմեսիսի արանքում
Պատերազմի ինչպես ռազմական-քարտեզային տրամաբանությունն, այնպես էլ արտաքին ֆոնը վկայում են, որ առաջիկա մեկ շաբաթը մեզ համար վճռական է լինելու հաղթանակի ու պարտության երկընտրանքի եւ դրանց զույգ խորհրդանիշ աստվածուհիների՝ Նիկեի ու Նեմեսիսի միջեւ ընտրության առումուվ։
Հետագայում տասնամյակներով քննարկելու ենք ներկա դաժան երկընտրանքը, որի զույգ խորհրդանիշերը՝ հաղթանակի աստվածուի Նիկեն ու պարտությանը հետեւող վրեժի աստվածուհի Նեմեսիսը հարցական հայացքներով նայում են մեզ, որպեսզի պարզեն թե այս անգամ իրենցից ո՞ւմ ենք ընտրելու։ 20-րդ դարասկզբին՝ Մեծ եղեռնի եւ ապա՝ Հայաստանի Հանրապետության անկման արդյունքում մենք ընտրեցինք Նեմեսիսին ու բավարարվեցինք սոսկ վրեժ լուծելով՝ մեր հայրենիքը մեզանից խլած թուրքից։
Առաջիկա մեկ շաբաթի ընթացքում թշնամին մեզ փորձելու է սեղմել Բերձորի ու Շուշիի արանքում ու նրանցից մեկն ու մեկը գրավելով, մյուս ճակատներում եւս ռազմաքաղաքական առումով անելանելի վիճակ ստեղծել մեզ համար՝ նախքան ներքին՝ ռազմական ու արտաքին՝ դիվանագիտական իրավիճակների արմատական փոփոխությունը։
Պատճառն այն է որ՝
Ա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում վերջնականապես փակվելու է ռազմաճակատի երկինքը՝ չեզոքացնելով հակառակորդի առավելությունը օդում։
Բ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում վերջնականապես հստականալու է արտաքին ուժերի դասավորությունը՝ նոյեմբերի 3-ի ԱՄՆ նախագահական ընտրությունների եւ դրանց հետ կապված Ռուսաստանի իրական դիրքորոշման լուսարձակման առումով։
Գ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում վերջնականապես սպառվելու է նաեւ հակառակորդի հարձակողական ներուժը՝ դրանից բխող մեր հակահարվածի հնարավորության առարկայացման առումով։
Ուրեմն՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, եթե մենք առաջնորդվենք ոչ մի քայլ հետ նշանաբանով, ապա հաղթանակի աստվածուի Նիկեն մերը կլինի։
Գեւորգ Խուդինյան
