Պատգամավորները հնարավորություն չունեն բյուջեի նախագծին ամբողջությամբ ծանոթանալու. Գեղամ Մանուկյան
12 Հոկտեմբեր 2021
Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները «Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի» նիստերում մի քանի անգամ փորձ են արել գործունեությունը տեղափոխել բովանդակային դաշտ, բայց ամեն անգամ հանդիպել են եւ՛ հանձնաժողովի նախագահի, եւ՛ իշխանական պատգամավորների կողմից բոյկոտին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«44-օրյա պատերազմից հետո իշխանությունը պարբերաբար խոսել է անվտանգային հարցերի մասին, խոսել է ԶՈՒ-երում բարեփոխումների անհրաժեշտության մասին, բայց 2 ամսից ավելի է ՀՀ կառավարությունից որեւէ նախաձեռնություն ԱԺ չի եկել անվտանգային հարցերի շուրջ։ Այսինքն՝ այն ամենը, ինչը իշխանության ներկայացուցիչները խոսում են ամբիոններից, դա իրականում գործնական դաշտ չի տեղափոխվել։ Արտահերթ նիստ գումարելու այսօրվա նախաձեռնությունն արդեն երկրորդ փորձն է։ Ընդդիմությունն է, որ փորձում է ԱԺ-ն գունավորել գործնական աշխատանքին, որը հանդիպում է հանձնաժողովի նախագահի եւ կառավարության խոչընդոտին»,- ընդգծեց Մանուկյանը։
Գեղամ Մանուկյանը հայտնեց նաեւ, որ պատգամավորները հնարավորություն չունեն բյուջեի նախագծին ամբողջությամբ ծանոթանալու. «Պատգամավորները պարտավոր են եւ իրավունք ունեն գաղտնիության ստորագրություն դնել, որից հետո իրավունք ունեն ծանոթանալ եւ՛ բյուջեի նախագծի գաղտնի բաժնին՝ անվտանգության ծախսերի հետ կապված, եւ՛ բազմաթիվ այլ հարցերի. մինչեւ այժմ մեզանից որեւէ պատգամավոր դեռ օգոստոսից դիմած՝ մինչեւ հիմա այդ իրավունքը չեն ստացել։ Հիմա բյուջեի նախագիծը եկել է ԱԺ, մենք հնարավորություն չունենք՝ ամբողջությամբ ծանոթանանք»։
Ասուլիսի ժամանակ Գեղամ Մանուկյանն անդրադարձավ Անդրանիկ Քոչարյանի տարածած ապատեղեկատվությանը:
«Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց 2011 թվականին տեղի ունեցած առերևույթ կոռուպցիոն գործարքի մասին: Նա հանձնաժողովի նիստից մեկ օր առաջ ամբողջ Հայաստանի հեռուստադիտողի աչքերին նայելով՝ Պետրոս Ղազարյանի հետ զրույցի ժամանակ սուտ խոսեց, ապատեղեկատվություն տարածեց՝ ասելով, որ դա տեղի է ունեցել 2011 թվականին Սեյրան Օհանյանի ժամանակ, հաջորդ օրը հանձնաժողովի նիստում Տիգրան Աբրահամյանը շտկում մտցրեց, որ այդ գործարքը իրականում տեղի է ունեցել ոչ թե 2011 թվականին, այլ 2018 թվականի դեկտեմբերին: Իսկ Անդրանիկ Քոչարյանը, որպեսզի արդարացնի իր՝ հանրության առաջ սուտ խոսելը, խորհուրդ տվեց ԱԱԾ վկայություն տալ, և ամբողջ քրեական գործի այդ մանրամասները, որ հրապարակվեց»,-ասաց Գեղամ Մանուկյանը:
Նշենք, որ այսօր, հոկտեմբերի 12-ին Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի «Հայաստան» դաշինքի անդամները հանդես են եկել մամուլի ասուլիսով։
