Թուրք պատմաբան Թաներ Աքչամը ներկայացրել է «Ցեղասպան պետության ակունքները» գիրքը
29 Ապրիլ 2025
Այսօր՝ ապրիլի 29-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում կազմակերպվել է հանդիպում թուրք պատմաբան, ցեղասպանագետ, Հայկական հարցին առնչվող թեմաներով բազմաթիվ գրքերի հեղինակ, Լոս Անջելեսում գտնվող UCLA համալսարանի “Promise” հայկական ինստիտուտի Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար Թաներ Աքչամի հետ։
Թաներ Աքչամը ներկայացրել է «Ցեղասպան պետության ակունքները» գիրքը։ Մենագրության մեջ հեղինակն առաջարկում է նոր մոտեցում Թուրքիայի հիմնադրման պատմությանը, ըստ որի՝ հանրապետության ստեղծման օրվանից ի վեր Թուրքիայում հաստատված է ապարտեիդի համակարգ, որը մինչ այժմ դրսևորվում է փոքրամասնությունների նկատմամբ։
«Թեկուզ բազմաթիվ փաստաթղթեր բերեք, որ Թալեաթ փաշան հրամայել է կոտորել հայերին, միևնույն է Էրդողանը կշարունակի ուրանալ Հայոց Ցեղասպանությունը։ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը հնարավոր կլինի միայն քաղաքական պայքարով»,- ասել է Թաներ Աքչամը։
«Բացահայտել եմ փաստաթուղթ, որ հայերին ցեղասպանելու որոշումը ընդունվել է դեռևս 1914 թ․-ի դեկտեմբերի 1-ին»,- նշել է նա։
Արցախում պատերազմի դեմ բազմաթիվ ստորագրահավաքներ ենք արել, որին մասնակցել եմ․ հայտարարել է Թաներ Աքչամը՝ անդրադառնալով Արցախի խնդրին։
Նա նշել է, որ Արցախում մարդկության դեմ մեծ ոճիր է իրագործվել.«Ես աջակցում եմ, որ Արցախի ժողովուրդը կարողանա իրացնել իր իրավունքները։ Մեծ հույսեր չեմ փայփայում այդ հարցում, քանի որ դա հիշեցնում են Ցեղասպանությունից հետո իրենց իրավունքները վերագտնել փորձող հայերի դեպքերը, հիշեցնում է նաև բազմաթիվ այն պաղեստինցիներին, որոնք ցանկանում են վերադառնալ իրենց երկիր։ Ամենակարևորը, որ պետք է նշեմ, մարդու վերադառնալու իրավունքն է, որի համար պետք է պայքարել»։
Նշենք, որ պրոֆեսոր Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները․ 1918-1923 թթ․ Թուրքիայի Հանրապետության ձևավորումը եւ ապարտեիդի ռեժիմի կառուցումը» գիրքը տպագրվել է Newmag հրատարակչության կողմից։ Թարգմանությունը կատարել է հայ թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի թուրքերեն բաժնի պատասխանատու Մելինե Անումյանը։

https://youtu.be/XagNgD5Q6yU
