Նիկոլ Աղբալյան-150
12 Սեպտեմբեր 2025
Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ և ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի համագործակցությամբ սեպտեմբերի 12-ին կայացավ Նիկոլ Աղբալյանի երկերի առաջին հատորի շնորհանդեսը։
Հատորը նվիրված է Նիկոլ Աղբալյանի ծննդյան 150-ամյակին։ Այն կազմել է գրականագետ Արմեն Մանուկյանը, խմբագրել` Լուսինե Ավետիսյանը։
Շնորհանդեսը կազմակերպվեց գրականության ինստիտուտի դահլիճում, որտեղ ներկա էին Համազգային հայ կրթական և մշակութային միության անդամներ, Գրականության ինստիտուտի գիտաշխատողներ, բ.գ դոկտորներ ու գրողներ։
Միջոցառումը բացվեց Գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանի ողջույնի խոսքով։ Նա ներկաներին շնորհավորեց գրքի լույս ընծայման առիթով` շեշտելով Համազգային հայ կրթական և մշակութային միության դերը այս կարևոր աշխատանքի իրականացման գործում։
Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության խոսքը ներկաներին փոխանցեց Համազգայինի ԿՎ ատենապետ Զաքար Քեշիշյանը։
Նիկոլ Աղբալյան մտավորականի գործունեությանը և նորընծա հատորին անդրադարձան Համազգայինի ԿՎ անդամ Արտաշես Շահբազյանը, լիբանանահայ վաստակաշատ մանկավարժ Տիգրան Ջինբաշյանը, գրականագետներ` Արմեն Մանուկյանը, Արշալույս Գալստյանը, Ավիկ Իսահակյանը, Լուսինե Ավետիսյանը, Պետրոս Դեմիրճյանը, Սուսաննա Հովհաննիսյանը, Հայկական հանրագիտարան հրատարակչության տնօրեն Հովհաննես Այվազյանը։
Նրանք իրենց խոսքում կարևորեցին գրքի ծնունդը` նշանավորելով այն որպես հարգանքի տուրք հայ մեծանուն մտավորական, հասարակական քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանի հիշատակին։ Սա ևս մի առիթ էր անդրադառնալու նրա թողած ժառանգությանը, նրա գործունեությանը կրթության, գիտության, ազգային դաստիարակության ասպարեզում։
Ճշմարիտ ու գաղափարական հայը կանգնած է նաև Համազգայինի աշխարհասփյուռ կառույցի ստեղծման ակունքներում։ Մի կառույցի, որը թե Սփյուռքում և թե Հայրենիքում միշտ եղել է ազգային ինքնության պահպանման առանցքում և նույն առաքելությամբ շարունակում է իր գործունեությունը։










