Մեր խորհրդանշանները մեր ժողովրդի ինքնության վկայականներն են
19 Սեպտեմբեր 2025
Սեպտեմբերի 18-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Անդրադարձ է կատարվել ազգային խորհրդանշաններին և դրանց ճակատագին՝ կապված Արարատ լեռան ուրվագիծը հայկական վիզաների դրոշմակնիքի վրայից հեռացնելու ՀՀ իշխանությունների որոշման հետ:
Ըստ Հայկազուն Ալվրցյանի՝ ազգային խորհրդանշանները կամայական պատկերներ չեն, դրանք մեր ժողովրդի, ազգի ինքնության վկայագրերն են, որոնցում արտացոլված են մեր ծագումը, մեր աշխարհագրական տարածքը, լինեկլության համար մեր պայքարն ու մաքառումը: «Իսկ այն, ինչ այս իշխանություններն այսօր փորձում են անել կամ արդեն իսկ անում են մեր խորհրդանշանների հետ, ոչ ավել ոչ պակաս թշնամություն է հայ ազգի նկատմամբ՝ աղավաղել, պղծել, ոչնչացնել մեր հազարամյա պատմությունը, խեղաթյուրել մեր ազգային ինքնությունը»,- նշել է Հայկազուն Ալվրցյանը և մտահոգություն հայտնել, որ շուտով հերթը կհասնի ՀՀ զինանշանին և օրհներգին՝ մեր պետականության խորհրդանշաններին:
Անդրադառնալով Արարատ լեռան պատկերից հրաժարվելու՝ ՀՀ իշխանությունների պատճառաբանություններին՝ Հայկազուն Ալվրցյանն ընդգծել է, որ Արարատը ընդամենը 100 տարի է, ինչ թուրք-բոլշևիկյան համաձայնությունների արդյունքում գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ մնացած տարածքում: Դա աշխարհագրական առումով Արևելյան Հայաստանի մի մասն է: «Արարատը դրանով չի դադարում հայկական լեռ լինելուց և, բացի այդ, ոչ ոք չի կարող ասել, թե ինչ տեղի կունենա ևս 100 տարի անց և, արդյոք, հանգամանքներն այնպես չեն դասավորվի, որ Արարատը կրկին անցնի Հայաստանի տիրապետության տակ»,- նշել է նա:
Հարցին՝ կկարողանա՞, արդյոք, հայ ժողովուրդն ի վերջո կանգնեցնել ՀՀ իշխանությունների կործանարար ընթացքն ու Հայաստանը հեռու պահել ահագնացող աշխարհաքաղաքական վտանգներից, Հայկազուն Ալվրցյանը պատասխանել է. «Ուժային կառույցների վրա կառուցված այս բուրգի ողջ ծանրությունը կրող աղյուսը Նիկոլ Փաշինյանն է, իր նեղ շրջապատով: Այդ աղյուսը հիմքում ամրացված չէ: Բավական է այն դուրս քաշել բուրգի տակից, և բուրգն ամբողջությամբ կփլուզվի: Կարծում եմ՝ մեր ժողովուրդը կանի դա: Եվ դա պետք է անել այնպես, որ այդ փլուզումից չօգտվեն իրենց շահերի հետևից տարածաշրջան եկած գերտերություններն ու օտար կազմակերպությունները, և արդյունքում մենք չունենանք ավելի վատ իշխանություն, քան արդեն եղածն է»:
Մանրամասները՝ տեսանյութում
