Բողոքի ցույց՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող հայ գերիների
05 Փետրվար 2026
Այսօր՝ փետրվարի 5-ին Ազգային ժողովի դիմաց տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող հայ գերիների։
Ցույցը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի՝ ՀՀ խորհրդարան այցի առիթով։ Մասնակցում էին քաղաքացիներ, հոգեւորականներ, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։
«Իլհամ Ալիևն իր ու իր փոքրիկ գործընկեր Նիկոլ Փաշինյանի ամենաթողությամբ փորձում է տարածաշրջանում հաստատել հակաժողովրդավարական համակարգ։ Մենք այսօր եկել ենք բարձրաձայնելու այն անարդարությունների մասին, որոնք տիրում են։ Դրա մասին լռելը, չխոսելը հավասարազոր են հանցագործության, դրա դեմը չառնելը հավասարազոր է հանցագործության»,- ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը։
ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կոչ արեց բոլոր կազմակերպություններին և պատկան մարմիններին, որոնք աչք են փակում ՀՀ–ում տիրող իրավիճակի վրա անհապաղ միջոցներ ձեռնարկել ազատ արձակելու թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի բանտերում պահվող հայերին։
«ՀՀ-ում այլևս ազատ խոսքը քրեականացված է: Այն մարդիկ, ովքեր դեմ են այս իշխանություններին, հայտնվում են անազատության մեջ։ Միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատական տա այս ամենի վերաբերյալ։ Անչափ կարևոր է հիշել բոլոր այն մարդկանց, ովքեր հիմա ապօրինաբար պահվում են անազատության մեջ»,- ասաց Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, թե այս իրավիճակը չի կարող հանդուրժելի լինել։
Նրա խոսքով՝ պետք է երկակի ստանդարտներով չառաջնորդվել, հստակ գնահատական տալ, աչք չփակել այն իրավիճակի վրա, որն առկա է Հայաստանում։
«Չի կարելի մրցանակ շնորհել մի բռնապետի, որը տևական ժամանակ գերության մեջ է պահում մեր հայրենակիցներին»,- շեշտեց Գառնիկ Դանիելյանը։
Սաղմոսավանքի հոգևոր հովիվ տեր Փառեն քահանա Առաքելյանը, ով նույնպես մասնակցում է բողոքի ցույցին, իր հերթին նշեց, որ հոգևորականները միշտ հանդես են եկել անարդարության և անօրինականության դեմ։ «Մեր եղբայրներն ու հայրերը կալանքի տակ են գտնվում միանգամայն անհիմն կերպով։ Եվ այսօր մեր պարտքն է լինել այստեղ և դիմել այն մարդկանց, ովքեր պատրաստ են մեզ լսել»,- ասաց նա։
Տեսանյութն՝ այստեղ









