ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Կոչ
  • Հայտարարություններ

Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովի կոչ-հայտարարությունը

12 Ապրիլ 2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում կայացավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողով՝ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքի 26 երկրներից ժամանած ավելի քան 150 հեղինակավոր մտավորական, քաղաքական, հանրային եւ համայնքային գործիչների մասնակցությամբ: Խորհրդաժողովը հանգամանալից քննեց համազգային մարտահրավերների եւ աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկայիս պատկերը եւ համահայկական օրակարգերի շուրջ զորաշարժի անհրաժեշտությունը:

Խորհրդաժողովի բացման նիստին տեսաերիզով իրենց ողջույնի խոսքերը հղեցին Գարեգին Բ եւ Արամ Ա Վեհափառները, Արցախի հանրապետության խորհրդարանի նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը: Խորհրդաժողովին հաջողության մաղթանք փոխանցեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Չորս կետերից բաղկացած օրակարգի շուրջ քննարկումից հետո խորհրդաժողովը կատարեց համապատասխան հաստատումներ, ընդգծեց առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Ա. ՍՓՅՈՒՌՔԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ

Սփյուռքի դերը հայության առջեւ ծառացած հիմնահարցերի լուծման մեջ ունի ռազմավարական կարեւոր նշանակություն: Այսօր, երբ հայկական պետականությունը գտնվում է անվտանգային լուրջ սպառնալիքների առջեւ, եւ թիրախավորվում են ազգային ինքնության հիմնասյունները, հրամայական է ազգային օրակարգերի շուրջ համահայկական զորաշարժը:
Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերը եւ նպատակները անքակտելի են։

Ներկա հանգրվանում Սփյուռքի քաղաքական օրակարգի առաջնահերթություններն են.

Հայաստանի պետականության հզորացում. Հայաստանի Հանրապետության հզորացման եւ անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրային համապարփակ ռազմավարության մշակում եւ գործադրում:
Հայոց Ցեղասպանության ճանաչում եւ հատուցում.Հակառակ Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության, Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հատուցման գործընթացը մնում է հրամայական:

Արցախյան հիմնահարց. Արցախի հարցը շարունակում է մնալ օրակարգի վրա՝ ընդգրկելով հետեւյալ գործնական քայլերը.

  • Գերիների անհապաղ ազատ արձակման հարցի հետապնդում։
  •  Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքի միջազգայնացում:
  •  Բռնագրաված Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն:
  •  Արցախի պետական կառույցների գործունեության լիարժեք աջակցություն։
  •  Արցախի հանրապետությունից բռնի տեղահանված հայրենակիցների՝ ՀՀ-ում քաղաքացիական իրավունքների պաշտպանության եւ ընկերային-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ։

Բ. ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԵՋ

Հայկական ինքնությունը խարսխված է հայոց պատմության, Հայոց եկեղեցու, լեզվի, մշակույթի եւ ազգային արժեքների վրա, որոնք սփյուռքահայության գոյության հիմնական հենասյուներն են։ Ներկա օրհասական պայմաններում Հայոց եկեղեցին, ինչպես անցյալում, այսօր եւս շարունակում է մնալ ոչ միայն հոգեւոր խարիսխ, այլ նաեւ հայ ժողովրդի ազգային եւ հոգեւոր ինքնության հիմնաքար։

Դատապարտելով ՀՀ իշխանությունների սանձազերծած պայքարը հայկական արժեքների եւ Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ անհրաժեշտ է նկատի ունենալ հետեւյալ առաջնահերթությունները.

– Դիմադրություն. Ազգային ինքնության դեմ ուղղված որեւէ քայլ եւ գործողություն պետք է արժանանա կազմակերպված եւ միասնական հակազդեցության։
– Համախմբում. Կանխել պառակտումը եւ ստեղծել ամուր համախմբում Եկեղեցու շուրջ։
– Կրթություն եւ դաստիարակություն. Ամրապնդել եւ ընդլայնել սփյուռքահայ կրթական, մշակութային ու հոգեւոր-արժեքային համակարգն՝ ի խնդիր ավելի մեծ թվով նոր սերունդների հայեցի ինքնության եւ դաստիարակության։ Նոր սերնդի մոտ պետք է զարգացնել ազգային ընդհանուր շահերը գիտակցելու եւ նրանց տեր կանգնելու կամքը։

Գ ՀԱՅԱՍՏԱՆ–ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ ԵՎ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ

Ազգային արժեքային համակարգը Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ հայ ազգի ուժի հիմնական աղբյուրն է: Այն պետք է համարել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մշակման եւ համահայկական օրակարգի անփոխարինելի հիմքը: 44-օրյա, ինչպես նաեւ Արցախի վերջին պատերազմներից եւ հայաթափումից հետո, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը սփյուռքահայության մոտ առաջացրել է խոր հիասթափություն եւ հուսախաբություն, որի հետեւանքները նկատելի են Սփյուռքի՝ Հայրենիքից հեռանալու մտահոգիչ միտումներում: Խիստ դատապարտելի է ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից կազմակերպված Սփիւռքն անտեսելու, պառակտելու եւ Հայրենիքին նրա զորակցությունն արհամարհելու վնասակար քաղաքականությունը: Մտահոգիչ է նաեւ ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքը Միջին Արեւելքի գոյութենական վտանգներ ապրող հայկական գաղութների նկատմամբ: Առ այդ, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առաջնահերթություններն են.

– Հայաստան-Սփյուռք ռազմավարական գործակցություն. Վերականգնել եւ որակական նոր մակարդակի բարձրացնել կառույցային (ինստիտուցիոնալ) կապերը Սփյուռքի հետ։
– Համահայկական կարողականության եւ ցանցային հնարավորությունների օգտագործման արդյունավետ մեխանիզմների ստեղծում. Ապահովել Սփյուռքի մասնագիտական մարդուժի առավելագույն մասնակցությունը պետական զանազան նախագծերում եւ օղակներում՝ պատասխանատվություններ ստանձնելու հեռանկարով։
– Հայաստան-Սփյուռք միասնական տարածքի ձեւավորում. Քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, գիտական, ռազմարդյունաբերական, տեղեկատվական եւ կրթամշակութային միասնական քաղաքականության մշակում եւ գործադրում։ Այս իմաստով մեծ է Սփյուռքի մասնագիտական մարդուժի դերը հայկական փափուկ ուժի կիրառման մեջ։
– Արեւմտահայերենի վտանգված լինելու պարագան. Արեւմտահայերենի պաշտպանության ու զարգացման գործը ենթադրում է ոչ միայն Սփյուռքի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության ներգործոն դեր:
– Սփյուռքի դերակատարության բարձրացում. Մասնագիտական քննարկման նյութ դարձնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ համահայկական հարցերի հետապնդման մեջ սփյուռքահայության դերակատարության հնարավոր տարբերակները՝ հասնելու համար ՀՀ-ում համազգային համախոհության եւ երկրի քաղաքական համարգից ներս իրավական լուծումների։
Դ. ՍՓՅՈՒՌՔԻ ԶՈՐԱՇԱՐԺ ԵՎ ՎԵՐԱՇԽՈՒԺԱՑՈՒՄ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ
Համահայկական օրակարգերի նկատմամբ Սփյուռքի միասնականության, հզորացման եւ վերակազմակերպման անհրաժեշտությունն աներկբա է:
Հրամայական է է սփյուռքահայության համախմբումը համազգային նպատակների շուրջ, սփյուռքյան կառույցների եւ առհասարակ գործելակերպի արդիականացումը, գաղութների միջեւ ուղղակի համագործակցությունը եւ ներուժի հետեւողական ամրապնդումը: Սփյուռքի վերակազմակերպման գործընթացում հատկապես կենսական է երիտասարդության լիարժեք ներգրավումը:

Սփյուռքի զորաշարժը պետք է կատարվի ռազմավարական ծրագիրների շուրջ՝ նկատի ունենալով հետեւյալ առաջնահերթությունները.

  •  Աշխարհասփյուռ հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հզորացում՝ իբրեւ մեկ ազգի երկու բաղադրամասեր։
  • Ազգային պետություն կերտելու գործընթացի սատարում։
  •  Հայ Դատի եւ համազգային նպատակների հետապնդում:

Վերոնշյալ հաստատումների եւ մատնանշված առաջնահերթությունների լույսի տակ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողովը շեշտում է, որ ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում Սփյուռքի կենսունակությունն ու հզորությունն անքակտելիորեն կապված են Մայր հայրենիքին։

Մեր միասնականությունը պետք է խարսխվի հավերժական ազգային արժեքների եւ պետականության ամրապնդման տեսլականի վրա՝ իբրեւ համընդհանուր օրակարգ։ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերը եւ նպատակները անքակտելի են։

Մենք մերժում ենք ներկայիս իշխանությունների որդեգրած պառակտիչ եւ վանողական մոտեցումները։

Փոխարենը, կոչ ենք ուղղում՝ ստեղծելու առողջ, համակարգված եւ հավասարակշռված հարաբերություններ, որոնք միակ երաշխիքն են հզորացնելու հայ ազգը եւ անսասան պահելու հայկական պետականությունը։ Մեր ներուժը պետք է ծառայի բացառապես համազգային նպատակներին՝ ապահովելով հայության անվտանգ եւ երաշխավորված ապագան։

Առ այդ, կարեւորում ենք ՀՀ բոլոր քաղաքացիների, անկախ իրենց գտնվելու վայրից, մասնակցությունը ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին։ Կոչ ենք անում արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին իրենց միջոցներով գնալ Հայաստան եւ մասնակցել ընտրություններին։

Անհրաժեշտություն է փոխել ՀՀ գործող իշխանությունների ապազգային ուղեգիծը եւ հաստատել պետության զարգացման ազգային-պետական ուղեգիծ։

ՍՓՅՈՒՌՔԻ ԶՈՐԱՇԱՐԺԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ
Փարիզ, Ապրիլ 11-12, 2026թ.

Արեւմտահայերենը՝ ստորեւ

Կոչ-յայտարարութիւն Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովի

Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովը կայացաւ Ապրիլի 11-12, 2026-ին, Փարիզի մէջ, Հայաստանէն, Արցախէն եւ Սփիւռքի 26 երկիրներէ ժամանած աւելի քան 150 հեղինակաւոր մտաւորական, քաղաքական, հանրային եւ համայնքային գործիչներու մասնակցութեամբ։

Խորհրդաժողովը հանգամանօրէն քննեց համազգային մարտահրաւէրներու եւ աշխարհաքաղաքական նոր իրողութիւններու պայմաններուն մէջ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններու ներկայ պարզած պատկերը եւ համահայկական օրակարգերու շուրջ զօրաշարժի անհրաժեշտութիւնը։

Խորհրդաժողովի բացման նիստին իրենց ողջոյնի խօսքերը յղեցին Գարեգին Բ. եւ Արամ Ա. Վեհափառները, Արցախի Հանրապետութեան խորհրդարանի նախագահ, Արցախի Հանրապետութեան նախագահի պաշտօնակատար Աշոտ Դանիէլեանը։ Խորհրդաժողովին յաջողութեան մաղթանք փոխանցեց Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը:

Չորս կէտերէ բաղկացած օրակարգերուն շուրջ քննարկումներէ վերջ, խորհրդաժողովը կատարեց համապատասխան հաստատումներ, ընդգծեց առաջնահերթութիւններն ու այդ ուղղութեամբ ձեռնարկուելիք քայլերը։

Ա. ՍՓԻՒՌՔԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԵՐԸ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ

Սփիւռքի դերը հայութեան առջեւ ծառացած հիմնահարցերու լուծման մէջ ունի ռազմավարական կարեւոր նշանակութիւն։ Այսօր, երբ հայկական պետականութիւնը կը գտնուի անվտանգային լուրջ սպառնալիքներու առջեւ եւ կը թիրախաւորուին ազգային ինքնութեան հիմնասիւները, հրամայական է ազգային օրակարգերու շուրջ համահայկական զօրաշարժը։ Հայաստանի, Արցախի և հայ ժողովուրդի ազգային-պետական շահերու եւ նպատակներու անքակտելիութիւն…

Ներկայ հանգրուանին, Սփիւռքի քաղաքական օրակարգի առաջնահերթութիւններն են.

– Հայաստանի պետականութեան հզօրացում. Հայաստանի Հանրապետութեան հզօրացման եւ անվտանգութեան ամրապնդմանն ուղղուած ծրագրային համապարփակ ռազմավարութեան մշակում եւ գործադրում։
– Հայոց Ցեղասպանութեան ճանաչում եւ հատուցում. Հակառակ Հայաստանի ներկայ իշխանութիւններու վարած քաղաքականութեան, Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ հատուցման գործընթացը կը մնայ հրամայական։
– Արցախեան հիմնահարց. Արցախի հարցը կը շարունակէ մնալ օրակարգի վրայ՝ ընդգրկելով հետեւեալ գործնական քայլերը.

  • Գերիներու անյապաղ ազատ արձակման հարցի հետապնդում։
  •  Արցախի ժողովուրդի իրաւունքներու պաշտպանութիւն եւ հաւաքական վերադարձի իրաւունքի միջազգայնացում։
  • Բռնագրաւուած Արցախի հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւն։
  •  Արցախի պետական կառոյցներու գործունէութեան լիարժէք աջակցութիւն։
  • Արցախի Հանրապետութենէն բռնի տեղահանուած հայրենակիցներու՝ ՀՀ-ի մէջ քաղաքացիական իրաւունքներու պաշտպանութեան եւ ընկերային-տնտեսական խնդիրներու լուծման ուղղութեամբ աշխատանքներ։

Բ. ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԷՔՆԵՐՈՒ ԵՒ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՒՈՅ ԴԵՐԸ ՍՓԻՒՌՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԷՋ

Հայկական ինքնութիւնը խարսխուած է հայոց պատմութեան, Հայց. եկեղեցւոյ, լեզուի, մշակոյթի եւ ազգային արժէքներու վրայ, որոնք սփիւռքահայութեան գոյութեան հիմնական յենասիւներն են։ Ներկայ օրհասական պայմաններուն մէջ, Հայց. եկեղեցին, ինչպէս անցեալին, այսօր եւս կը շարունակէ մնալ ոչ միայն հոգեւոր խարիսխ, այլ նաեւ հայ ժողովուրդի ազգային եւ հոգեւոր ինքնութեան հիմնաքար։

Դատապարտելով ՀՀ իշխանութիւններու սանձազերծած պայքարը հայկական արժէքներու եւ Հայց. Առաքելական եկեղեցւոյ դէմ՝ անհրաժեշտ է նկատի ունենալ հետեւեալ առաջնահերթութիւնները.

– Դիմադրութիւն. ազգային ինքնութեան դէմ ուղղուած որեւէ քայլ եւ գործողութիւն պէտք է արժանանայ կազմակերպուած եւ միասնական հակազդեցութեան։
– Համախմբում. կանխել պառակտումը եւ ստեղծել ամուր համախմբում Եկեղեցւոյ շուրջ։
– Կրթութիւն եւ դաստիարակութիւն. ամրապնդել եւ ընդլայնել սփիւռքահայ կրթական, մշակութային ու հոգեւոր համակարգը՝ ի խնդիր աւելի մեծ թիւով նոր սերունդներու հայեցի ինքնութեան եւ դաստիարակութեան։ Նոր սերունդին մօտ պիտի զարգացնել ազգային ընդհանուր շահերուն գիտակցելու ու ատոնց տիրութիւն ընելու կամքը։

Գ. ՀԱՅԱՍՏԱՆ–ՍՓԻՒՌՔ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ ԵՒ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ.

Ազգային արժէքային համակարգը Հայաստանի Հանրապետութեան եւ ամբողջ հայ ազգի ուժի հիմնական աղբիւրն է: Զայն պէտք է համարել Հայաստան-սփիւռք յարաբերութիւններու մշակման եւ համահայկական օրակարգի անփոխարինելի հիմքը: 44-օրեայ, ինչպէս նաեւ Արցախի վերջին պատերազմներէն եւ հայաթափումէն ետք, Հայաստանի իշխանութիւններու վարած քաղաքականութիւնը սփիւռքահայութեան մօտ ստեղծած է խորունկ հիասթափութիւն եւ յուսախաբութիւն, որուն հետեւանքով անոր մօտ կը նկատուին հայրենիքէն ներքնապէս հեռանալու մտահոգիչ միտումներ: Խիստ դատապարտելի է ՀՀ ներկայ իշխանութիւններուն կողմէ՝ կազմակերպուած սփիւռքը անտեսելու, պառակտելու եւ հայրենիքին նկատմամբ անոր զօրակցութիւնը արհամարհելու վնասակար քաղաքականութիւնը: Մտահոգիչ է նաեւ ՀՀ իշխանութիւններու ձեռնածալ մնալը՝ Միջին Արեւելքի գոյութենական վտանգներ ապրող հայկական գաղութներուն նկատմամբ: Առ այդ, Հայաստան-սփիւռք յարաբերութիւններու առաջնահերթութիւններն են.

– Հայաստան-սփիւռք ռազմավարական գործակցութիւն. վերականգնել եւ որակական նոր մակարդակի բարձրացնել համակարգային (ինստիտուցիոնալ) կապերը սփիւռքի հետ։
– Համահայկական կարողականութեան եւ ցանցային հնարաւորութիւններու օգտագործման արդիւնաւէտ մեքանիզմներու ստեղծում. ապահովել Սփիւռքի մասնագիտական մարդուժի առաւելագոյն մասնակցութիւնը պետական զանազան նախագիծերու եւ օղակներու մէջ՝ պատասխանատուութիւններ ստանձնելու հեռանկարով։
– Հայաստան-սփիւռք միասնական տարածքի ձեւաւորում. քաղաքական, դիւանագիտական, տնտեսական, գիտական, ռազմարդիւնաբերական, տեղեկատուական եւ կրթա-մշակութային միասնական քաղաքականութեան մշակում եւ գործադրում։ Այս իմաստով, մեծ է սփիւռքի մասնագիտական մարդուժին դերը հայկական փափուկ ուժի կիրառումին մէջ։
– Արեւմտահայերէնը վտանգուած է. արեւմտահայերէնի պաշտպանութեան ու զարգացման գործը կ՚ենթադրէ ոչ միայն Սփիւռքի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետութեան ներգործօն դեր:
– Սփիւռքի դերակատարութեան բարձրացում. մասնագիտական քննարկումի նիւթ դարձնել Հայաստանի Հանրապետութեան պետական կառավարման եւ համահայկական հարցերու հետապնդման մէջ սփիւռքահայութեան դերակատարութեան հնարաւոր տարբերակները՝ հասնելու համար համազգային համախոհութեան եւ ՀՀ-ի քաղաքական համարգէն ներս իրաւական լուծումներու։

Դ. ՍՓԻՒՌՔԻ ԶՕՐԱՇԱՐԺ ԵՒ ՎԵՐԱՇԽՈՒԺԱՑՈՒՄ ՅԱՆՈՒՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՒ

Համահայկական օրակարգերու նկատմամբ Սփիւռքի միասնականութեան, հզօրացման եւ վերակազմակերպման անհրաժեշտութիւնը աներկբայ է:

Հրամայական է սփիւռքահայութեան համախմբումը համազգային նպատակներու շուրջ, սփիւռքեան կառոյցներու եւ առահասարակ գործելակերպի արդիականացումը, գաղութներու միջեւ ուղղակի համագործակցութիւնը եւ ներուժի հետեւողական ամրապնդումը:

Սփիւռքի վերակազմակերպման գործընթացին մէջ յատկապես կենսական է երիտասարդութեան լիարժէք ներգրաւումը:

Սփիւռքի զօրաշարժը պէտք է կատարուի ռազմավարական ծրագիրներու շուրջ՝ նկատի ունենալով հետեւեալ առաջնահերթութիւնները.

  • Աշխարհասփիւռ հայ ժողովուրդի եւ Հայաստանի Հանրապետութեան հզօրացում՝ իբրեւ մէկ ազգի երկու բաղադրամասեր։
  • Ազգային պետութիւն կերտելու գործընթացի սատարում։
  • Հայ Դատի եւ համազգային նպատակներու հետապնդում:

Վերոնիշյալ հաստատումներու եւ մատնանշուած առաջնահերթութիւններու լոյսին տակ Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովը կը շեշտէ, որ ներկայ աշխարհաքաղաքական բարդ պայմաններուն մէջ, սփիւռքի կենսունակութիւնն ու հզօրութիւնը անքակտելիօրէն կապուած են մայր հայրենիքին։

Մեր միասնականութիւնը պէտք է խարսխուի յաւերժական ազգային արժէքներու եւ պետականութեան ամրապնդման տեսլականին վրայ՝ իբրեւ համընդհանուր օրակարգ։ Հայաստանի, Արցախի և հայ ժողովուրդի ազգային-պետական շահերը եւ նպատակները անքակտելի են։
Մենք կը մերժենք ՀՀ ներկայ իշխանութիւններու որդեգրած պառակտիչ եւ վանողական մօտեցումները։

Փոխարէնը, կոչ կ՚ուղղենք ստեղծելու առողջ, համակարգուած եւ հաւասարակշռուած յարաբերութիւններ, որոնք միակ երաշխիքն են հզօրացնելու հայ ազգը եւ անսասան պահելու հայկական պետականութիւնը։ Համազգային պատասխանատուութեան գիտակցութեամբ, եւ, մեր ներուժը պէտք է ծառայէ բացառապէս համազգային նպատակներու՝ ապահովելով հայութեան անվտանգ եւ երաշխաւորուած ապագան։

Այս նպատակով կը կարեւորենք ՀՀ բոլոր քաղաքացիներու-անկախ իրենց գտնուած վայրէն-մասնակցութիւնը ՀՀ Ազգային ժողովի ընտրութիւններուն, առ այդ կոչ կ՚ընենք, Հայաստանի Հանրապետութեան բոլոր քաղաքացիներուն—ներառեալ արտերկիր գտնուողներուն, իրենց միջոցներով երթալ Հայաստան—մասնակցիլ ընտրութիւններուն։

Անհրաժեշտութիւն է փոխել ՀՀ գործող իշխանութիւններու ապազգային ուղեգիծը եւ հաստատել պետութեան զարգացման ազգային-պետական ուղեգիծ։

ՍՓԻՒՌՔԻ ԶՕՐԱՇԱՐԺԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ
Փարիզ, Ապրիլ 11-12, 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company