Լիբանանի նոր կառավարությունը երկու հայ նախարար ունի
01 Փետրվար 2019Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին 9 ամսվա խորհրդակցություններից հետո հաջողվել է կազմել Լիբանանի նոր կառավարությունը: Երեսուն նախարարներից կազմված կառավարության կազմում կա երկու հայ նախարար:
Լիբանանում հրատարակվող «Ազդակ» օրաթերթը տեղեկացնում է, որ հայ համայնքից Ավետիս Կիտանյանը կզբաղեցնի զբոսաշրջության, իսկ Ռիչարդ Կույումջյանը՝ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը:
Ըստ Լիբանանի Ազգային պակտի՝ երկրի նախագահը պետք է լինի մարոնի քրիստոնյա, վարչապետը՝ իսլամի սուննի ուղղության ներկայացուցիչ, իսկ խորհրդարանի նախագահը՝ շիա։
Լիբանանի խորհրդարանը նույնպես բաշխված է սուննի և շիա մահմեդականների, ալևիների, դրուզների և քրիստոնյաների միջև: Գործող խորհրդարանում այժմ կա երեք հայազգի պատգամավոր: