Հայաստան- Սփիւռք յարաբերութիւնների հոլովույթը
07 Փետրվար 2019Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհ, որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասքների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերի, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:
Չկար կանոնաւոր կապ և հաղորդակցութիւն, երբեմն էլ մեզ մօտ ապրող հայաստանցիների հարազատներից, գրաքննութեան բովից անցած, նամակները բացի կցկտուր, ոչ ճշգրիտ և խիստ հակասական տեղեկութիւններից ուրիշ բան չէին փոխանցում, մի խօսքով ակնդէտ լաւ լուրերի կարօտ էինք:
![](https://www.arfd.am/wp-content/uploads/2018/12/Թաթուլ-Օհանեան.jpg)
1943 թւին անակնկալ կերպով տեղեկացանք թէ մեր դպրոցի ճամփի վրայ գտնւող, խմորեղէն վաճառող Սիմոնի խանութի պատուհանից ներս, Հայաստանից եկած օրացոյց է փակցւած, մեծ ցնծութեամբ վազեցինք տեսնելու Հայաստանի օրացոյցը և խիստ զարմացած ոչ թէ օրացոյց այլ «Որացույց» տեսանք, նոյն պահին էլ մեզ մօտ կանգնած տղամարդկանցից մէկը հեգնանքով «Որացույց»ի «Ր» տառը, «Ռ» հնչեցնելով, խիստ ծիծաղ առաջացրեց և մեր ուրախութեան ու ոգևորութեան վրայ էլ պաղ ջուր լցրեց:
Մէկ երկու տարի յետոյ անսահման ցնծութեամբ տեղեկացանք որ շուտով Հայաստանի դռները բացւելու են և բոլոր հայերը պիտի ներգաղթեն հայրենիք և իրականանալու է հայի դարաւոր բաղձանքը՝ հայրենիք վերադառնալու համար: Նոյն օրերին մեր այս ուրախութիւնը բազմապատկեց Հայաստանի երգի ու պարի բազմանդամ պետական անսամբլի ներկայութիւնը մեր քաղաքում: Մեր Կենտրոնական, (այժմ Արմէն) դպրոցի սրահի բեմում նրա ոգեշնչող ելոյթները մեզ երջանութեան եօթներորդ երկինք էին բարձրացնում:
Ներգաղթի առաջին կարաւանը, հրաժեշտի յուզումներով և ողջագուրումներով տեղի ունեցաւ, մենք դարձեալ մնացինք տխուր ու տրտում հայրենակարօտ վիճակում: Դժբախտաբար ներգաղթի ոգեւորութիւնը մեր մէջ աստիճանաբար սկսեց մարել, ներգաղթողներից զանազան միջոցներով մեզ հասած իրենց ոչ այնքան ուրախ ու նախանձելի վիճակից, ի մասնաւորի շատ էինք տրտմում երբ լուրեր էր տարածւում որոշ ծանօթ ներգաղթողների, Հայաստանից փախնելու մասին, մտածելով միթէ այնքան վատ է Հայաստանի վիճակը, որ ցնծագին կերպով ներգաթողը, հայրենիքը թողնում ու փախնում է:
Թոյլ և ոչ ցանկալի վիճակում էին նաև Հայաստան – Սփիւռք փոխադարձ կապերն ու յարաբերութիւնները որի պատասխանատուն և իրականացնողը, 1944-64 թւերին «Արտասահամանեան երկրների (ոչ սփիւքահայերի) հետ բարեկամական ու մշակութային կապի հայկական ընկերութիւն»ն էր:
Բարեբախտաբար անձի պաշտամունքի ժամանակաշրջանից յետոյ, ստեղծւած աւելի բարենպաստ պայմաններում առաւել զարկ ստացան Հայաստան-Սփիւռք շփումները, սփիւռքի հայրենակարօտ հայրենակիցների առջև լայնօրէն բացւեցին Հայաստանի դռները, սկսւեցին խնդագին փոխադարձ այցելութիւնները, 1964 թւին հիմնւած «Սփիւռքահայության հետ մշակութային կապի կոմիտե»ի ջանքերով առաւել կանոնաւորւեցին գրքերի և հրատարակութիւնների փոխանակումները, իսկ նոյն կոմիտէի կողմից հրատարակւող «Հայրենիքի ձայն» և «սովետական Հայաստան» շաբաթաթերթի ու ամսագրի միջոցով, երկրի զանազան բնագաւառների մասին յուսադրիչ «խաբրիկներ» էինք ստանում, նոյնիսկ 1978 թւականին Սովետական Հայաստանի պաշտօնական հրաւէրով, ի շարս մի քանի երկրներում բնակւող հայրենակիցների, Իրանահայութեան կողմից ևս մի պատւիրակութիւն, մեծ խանդաւառութեամբ մասնակցեց Հայաստանում գումարւած Հայ Արւեստին նւիրւած միջազգային սիմպոզիոմին, ուրախ էինք ու հպարտ ստեղծւած այս իրավիճակից:
1991 թւին անսահման ցնծութեամբ դիմաւորեցինք, Հայաստանի անկախութիւնը, այն յոյսով որ շատ աւելի բազմակողմ բնոյթով կընդլայնւեն ու կզարգանան Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները: Ցաւօք սրտի, մեր անկախ հայրենիքի նոր իշխանաւորները, փոխան սփիւռքի հետ աւելի սերտացնելու կապերը, սփիւռքահայերին անւանեցին «նարիջ ուտողներ» և ազգային գաղափարախօսութիւնն էլ կոչեցին «կեղծ կատեգորիա» և սկսեցին անմարդկային պայքար Հայաստանում նոր վերընձիւղւած, ազգային գաղափարախօսութեամբ տոգորւած և համայն հայութեան մէջ մեծ հեղինակութիւն վայելած կուսակցութեան դէմ, ընդհուպ մինչև արգելափակում, գրասենեակների, գոյքերի, դրամների բռնագրաւում, ձերբակալութիւններ ու արտաքսում, կրկին սև ամպեր կուտակելով Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների գլխին:
1998 թւականի իշխանփոխութիւնից յետոյ, չեղեալ յայտարարւեց կուսակցութեան ապօրինի արգելափակումը, ազատ արձակւեցին անհիմն ամբաստանութեամբ ձերբակալւածները և բնականոն հունի մէջ մտան Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները, և նպատակսլաց հիմնաւորումների ու յստակ ծրագրերի մշակման ու գործադրման համար, սփիւռքի զանազան երկրների հայ համայնքների ներկայացուցչների մասնակցութեամբ, կազմակերպւեցին Հայաստան Սփիւռք մի քանի խորհրդաժողովներ, որոնց որոշումների լոյսի ներքոյ կեանքի կոչւեց Սփիւռքի նախարարութիւնը: Նախարարութիւնը «Արի Տուն» ազգանւէր ծրագրով կազմակերպեց պատանի-երիտասարդական բազմապիսի հայանպաստ միջոցառումներ, հայ մշակոյթը տարածելու և հային հայ պահելու համար, որոնք մեծ յոյս և ոգևորութիւն ներշնչեցի ցրելով Հայաստան-Սփիւռք յարաբերութեանց գլխին կուտակւած սև ամպերը:
Այսօր ցաւօք սրտի Հ.Հ.ի կառավարութիւնը, Հասյաստան-Սփիւռք յարաբերութեանց գլուխ հադիսացող՝ Սփիւռքի Նախարարութեանը լուծարքի է ենթարկել և ցայժմ էլ յստակ որոշում չկայ թէ հետագային, ինչ կառոյց է աշխատելու նրա փոխարէն:
Սփիւռքի Նախարարութիւնը ժամանակին կեանքի է կոչւել ոչ թէ քմահաճ կերպով, այլ սփիւռքի համապատասխան կառոյցների հետ համախորհուրդ, նպատակ ունենալով կրթական և մշակութային կապերի միջոցով, նպաստել սփիւռքում հայապահպանման վեհ գործին և կազմակերպել սփիւռքահայութեան աստիճանական և ծրագրւած կերպով հայրենադարձութեան այնքան կարևոր և հայրենանպաստ աշխատանքը: Արդ եթէ որևէ փոփոխութիւն պիտի կատարւի այդ բնագաւառում, բնականաբար անհրաժեշտ է ստանալ նաև սփիւռքի՝ հէնց նոյն կառոյցների հաւանութիւնը, որոնց խորհուրդով ժամանակին կեանքի է կոչւել նշեալ նախարարութիւնը, հակառակ պարագային, կնշանակի, հայ ժողովրդի աւելի քան երկու երրորդի անտեսում և նրա իրաւունքների ոտնահարում:
Յուսանք նորից ու նորից սև ամպեր չեն կուտակւել Հայաստան-Սփիռք յարաբերութեանց վրայ և մեր հայրենի իշխանաւորները գիտակցաբար, սփիւռքի հետ խորհրդակցաբար, որևէ անւան ներքոյ կառաջացնեն նախարարութեան համազօր, մի ինչ որ կառոյց որը կշարունակի սփիւռքի հետ սկսւած այնքան կարևոր համագործակցութիւնը, ի խնդիր հայապահպանման և հայրենադարձութեան վեհ նպատակների:
Թաթուլ Օհանեան
Նոր-Ջուղա
06 փետրուար 2019թ.