Հայ համայնքին մի առանձնացրեք Սիրիայի ժողովրդից
12 Փետրվար 2019
«Ողջունելի է մարդասիրական օժանդակությունը Սիրիայի ժողովրդին»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սիրիա գործուղված հայ մասնագետների հումանիտար խմբին, ասաց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:
Մեկնաբանելով ՀՀ-ում մի շարք քաղաքական գործիչների եւ փորձագետների մտահոգություններն այն մասին, որ Ռուսաստանի հովանու ներքո դեպի Սիրիա հումանիտար խմբի գործուղումը կարող է խնդիրներ առաջացնել ՀՀ-ի համար, Ժիրայր Ռեիսյանը միայն նշեց. «Ռուսաստանը Սիրայի դաշնակից եւ աջակից երկիրն է եւ դրական ներդրում է ունեցել: Սիրիայի կառավարությունը գործակցում է Ռուսաստանի հետ»:
Ինչ վերաբերում է կարծիքներին, թե սիրիահայ համայնքը կթիրախավորվի իսլամիստների կողմից, հայ պատգամավորն ընդգծեց. «Հայ համայնքը մասն է Սիրիայի ժողովրդի, հետեւաբար՝ առանձնացնելը ճիշտ չէ, այդպես մի արեք: Եթե սիրիացի ժողովրդին մարդկային օժանդակություն ցուցաբերող խումբ է եկել, հայ համայնքին առանձնացնելը ճիշտ չէ, հայ համայնքն այսօր առանձնապես վտանգված չէ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ