Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հիմնադրվելուց անմիջապես հետո , հարաբերություններ է ստեղծել գաղափարակից տարբեր կազմակերպությունների եւ շարժումների հետ։

Այսօր, ՀՅԴ-ն լիիրավ անդամ է Ընկերվար Միջազգայնականին (Socialist International), որը համախմբում է բոլոր մայրցամաքներից ավելի քան 130 երկիրների մոտ 150 ընկերվար-ժողովրդավարական, ընկերվարական եւ աշխատավորական քաղաքական կուսակցություններ եւ կազմակերպություններ։

Ընկերվար Միջազգայնական կազմակերպությունում, ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանը կազմակերպության փոխնախագահն է։ ՀՅԴ համապատասխան կառույցները լիիրավ անդամ են Կանանց Ընկերվար Միջազգայնականին (SIW) եւ Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միությանը (IUSY)։

Եւրոպական Ընկերվարականների Կուսակցության (Party of European Socialists, PES) 10֊րդ կոնգրեսը 2015 թվականի հունիսի 12-ին հաստատեց Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամակցությունն այդ կազմակերպության, որպես դիտորդ անդամ (Եվրոմիության ոչ անդամ եւ կամ Եվրոմիության անդամակցության ոչ թեկնածու երկրների կուսակցությունները միայն այդ կարգավիճակը կարող են ունենալ։ ՀՅԴ Երիտասարդականը լիիրավ անդամ է PES-ի երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդ Եվրոպական Ընկերվարականների (Young European Socialist, YES)։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը, 2016 թվականի հուլիսի 6ին , PES֊ի Եվրոխորհրդարանի Ընկերվարականների եւ Ժողովրդավարների խմբակցության հետ համագործակցության համաձայնագիր կնքեց։

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը, 2007 թվականի հունիսի 3-ին, համագործակցության պայմանագիր է կնքել Ռուսաստանի «Արդար Ռուսաստան» կուսակցության հետ։