Լրացում՝ հօգուտ Արցախի վերաբերյալ «Ռոյս-Էնգելի» առաջարկի
02 Հուլիս 2019 ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն լրացում է ներկայացրել հօգուտ Արցախի վերաբերյալ «Ռոյս-Էնգելի» առաջարկի։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է հօգուտ «Ռոյս-Էնգելի» առաջարկի լրացումը զորքերի շփման գծում դիպուկահարներին հեռացնելու եւ ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին։

Նշենք, որ համաձայն նախաձեռնության՝ առաջարկվում էր նաեւ սահմանների երկայնքով տեղակայել հատուկ տեխնիկա՝ լոկատորներ, որոնք կհայտնաբերեն հրադադարի ռեժիմը խախտողին։
«Ռոյս-Էնգելի» առաջարկները, որոնք առաջին անգամ առաջադրվել են Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախկին նախագահ Էդ Ռոյսի եւ կոմիտեի ներկայիս նախագահ Էլիոթ Էնգելի կողմից 2015-ի աշնանը, ստացել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամի աջակցությունը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կարգի կանոնների կոմիտեն կդիտարկի հարցն այն մասին, թե արդյոք հավանության կարժանանա Ջուդի Չուի լրացումը։