Փաշինյան – Ալիեւ հանդիպումը բանակցային գործընթացի վրա որեւէ դրական ազդեցություն չի ունեցել
24 Փետրվար 2020 Անցյալում էլ, երբ մարդիկ խոստանում էին գումարներ, միշտ չէ, որ խոստացված գումարները կարողանում էինք հավաքել, ֆինանսական խնդիր միշտ ունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայ Դատը ֆինանսական խնդիրներ ունի՞, կա՞ն մեծահարուստներն են, որոնք նախկինում ֆինանսավորել են, իսկ այժմ ներկայիս իշխանությունների հորդորով այլևս չեն ֆինանսավորում:«Օրինակ՝ տարբեր ժամանակներում եղել են դրամական խոստումներ, հաջողել ենք Հայաստանից կամ այլ վայրերից խոստացած գումարների կեսը կամ 60 տոկոսը գոյացնել: Այնպես չէ, որ աշխատելու հնարավորություն չունենք, բայց եթե ավելի շատ գումար լինի, ավելի շատ աշխատանք կարող ենք անել»,- ասաց նա:
Կիրո Մանոյանի խոսքով՝ երբ հրապարակեն հանգանակության ցուցակը, պարզ կդառնա, որ գումար խոստացածների քանակը Հայաստանից նախորդ անգամվա համեմատ պակասել է: Իսկ թե ինչով է դա պայմանավորված, նա ասաց, որ դա հատուկ որևէ բանի հետ չեն կապում, բայց փաստն այն է, որ մարդիկ կային, գալիս էին, խոստանում էին, հիմա չեն գալիս ու չեն խոստանում:

Դիտարկմանը՝ գուցե իրենց աշխատանքից են դժգոհ, Մանոյանն ասաց. «Գուցե դժգոհ են, չի բացառվում, գուցե իրենց վիճակը լավ չէ, հարկեր են վճարել, գուցե քաղաքական ճնշում կա և չեն ուզում Դաշնակցության հետ առնչվել, այդ բոլորն էլ հնարավոր է»:
Անդրադառնալով Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանավեճին և վարչապետի հասցեին արված քննադատություններին, բանախոսն ասաց, որ չի կիսում այն մոտեցումը, որ նման հրապարակային բանավեճի ժամանակ ասում են՝ սա ասաց, սա չասաց: «Դա բանակցություն չէ, դա ընդամենը սահմանափակ ժամանակով, սահմանափակ հնարավորություններով բանավեճ է. թե բանավեճն ինչ տվեց, դա ուրիշ հարց է: Բանավեճը կողմերից ոչ մեկի շահերից չէր բխում, ոչ էլ բանակցությունների շահերից էր բխում, այն պարզապես կազմակերպիչների շահերից էր բխում: Կազմակերպիչները հաջողեցին կողմերից երկուսի ղեկավարներին հրապարակավ բանավեճի հանել, այդքանը: Բայց ասել, որ սա ասաց մեր վարչապետը, այն չասաց մեր վարչապետը, դա չէ չափանիշը որոշելու՝ այս իշխանությունների քաղաքականությունն ինչ է»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/gyX53NQR73Y