Փետրվարյան Ապստամբություն

18 Փետրվար,1921

1921թ.-ի Փետրվարյան ապստամբությունը համաժողովրդային հիասթափության և արդար ցասումի արտահայտություն էր: Իր մարդկային իրավունքները վերականգնելու հայ ժողովրդի գերագույն ճիգն էր՝ ընդդեմ նենգամիտ, դավադիր հեղկոմին (բոլշեւիկների հեղափոխական կոմիտե) եւ գազանաբարո Չեկային (դատական գերագույն մարմին):

Մինչև ապստամբության նախօրյակը՝ 1921թվականի փետրվարի 17-ն, Հայաստանի բոլշևիկյան իշխանությունը մի շարք բռնարարքներ էր իրականացրել, օրինակ՝

-1920 դեկտեմբերի 6-ին, Չեկան ձերբակալում ու բանտարկում է Հ.Յ.Դ. Բյուրոյի եւ Կենտրոնական Կոմիտեի 18 անդամ:

-1920 դեկտեմբերին Բաքու են արտաքսվում  70 հայ զինվորական: 1921 հունվարի 10-ին՝ Բաքու, ապա Ռուսաստան է աքսորվում  Զորավար Դրոն: Հունվարի 24-ին աքսորվում են հայկական բանակի 1200 սպա, որոնց մեջ էին նաև զորավարներ Թ. Նազարբեյանը, Մ. Սիլիկյանը եւ Ղամազյանը:

-Գրավվում են որբանոցների պարենն ու դեղորայքը

-Արգելվում է խոսքի, մամուլի, հավաքների ազատությունը

-Լրտեսությունն ու մատնությունները դառնում են  պետության կողմից ամենից գնահատված ծառայությունները

-Հետևելով  «Հեղափոխությունը զոհ կպահանջե» կարգախոսին, գնդակահարվում են իշխանության կողմից անբաղձալի համարված անձերը

-Մինչեւ 1921թվականի փետրվարի 17-ը  Հայաստանի բանտերում կար 2000 հոգի:

-Փետրվարի 17-ի գիշերը, Երևանի բանտում Չեկան կացնահարում է հայ ազատագրական պայքարի երախտավոր մարտիկ Համազասպ Սրվանձտյանին, գնդապետ Ղորղանյանին ու իրենց ընկերներներին

Հայ ժողովուրդն ընդվզում է այս ոճիրների դեմ, իր արժանապատվությունը վերկանգնելու նպատակով ըմբոստանում է եւ զենքը ձեռքին ոտքի է կանգնում  տապալելու բոլշեւիկյան իշխանությունը։

1․ Փետրվարի 9-10-ը մի շարք գյուղեր ըմբոստանում են։ Ազատ մնացած դաշնակցական ղեկավարներն անցնում են  ընդհատակ: Ոմանք մնում են Երևանում, ոմանք էլ անցնում են  գավառներ: Կոտայքում կազմվում է «Հայրենիքի Փրկության Կոմիտե»-ն, որը որոշում է  ընդհանուր ապստամբություն կազմակերպել:

2․ Փետրվարի 11-ին Արամուսի ապստամբներին ձերբակալելու գնացած բոլշեւիկ զինյալներն իրենք են ձերբակալվում ըմբոստների կողմից։

3․ Փետրվարի 11-14-ը բախումներ տեղի ունեցան Բաշ Գառնիի, Ախտայի, Կոտայքի գյուղացիների եւ բոլշեւիկների միջեւ: Փետրվարի 14-16-ը՝ Կոտայքի, Աշտարակի, Ախտայի, Բաշ Գյառնիի ըմբոստները միահամուռ զինվորական գործողություններ են սկսում:

4․ Փետրվարի 15-ին բուռն կռիվներ են տեղի ունենում Բաշ Գառնիում։ Խմբապետ Խնկոյի մարտիկները անակնկալ հարձակումով շփոթության են մատնում Բոլշեւիկյան ուժերին, որոնք խուճապահար փախնում են դեպի Բոյուք (մեծ) Վեդի ու Ղամարլու:

5․ Փետրվարի 15-ին ապստամբները գրավում են Ախտան:

6․ Սասունցի զինյալներն Ապարանից եւ Ուջանից գիշերը հարձակվում են  եւ փետրվարի 16-ին գրավվում են Աշտարակը:

7․ Նույն օրը, սասունցի 750 ուրիշ զինյալներ, Թալինից, Ագարակից ու Աղավնատնից արշավում են դեպի Էջմիածին եւ բուռն կռիվներից հետո ջախջախում են բոլշեւիկ ուժերը ու փետրվարի 17-ին գրավում են քաղաքը: Նրանք շարունակում են իրենց առաջխաղացումը և նույն օրը գրավում են Փարաքարը:

8․ Փետրվարի 17-ին Ախտայի եւ Կոտայքի ուժերը համադրված գործողություններով գրավում են Քանաքեռը:

9․ Փետրվարի 18-ի վաղ առավոտյան, Քանաքեռից ու Բաշ Գյառնիից ապստամբ ուժերը ներխուժում են Երևան: Նրանց են միանում մայրաքաղաքի ու Զանգիբասարի զինյալները: Նրանց միահամուռ կրակի տակ խորտակվում է Երեւանի բոլշեւիկ ուժերի դիմադրությունը։ Ջախջախված ու խուճապահար փախնում են Շարուր: Հաղթական ապստամբները գրավում են պետական հաստատությունները եւ բանտը, ազատելով մահվան սարսափ ապրող հայ ղեկավարությանը։ Եռագույնը կրկին ծածանվում է Երևանի շենքերի վրա եւ Հայրենիքի Փրկության Կոմիտեն հայտարարվում է ազատագրված Հայաստանի կառավարություն:

Հայաստանի այս վերջին անկախությունը կարճ է տևում։ Վրաստանը գրավելուց հետո, փետրվարի 25-ին բոլշեւիկները Թիֆլիսում Խորհրդային իշխանություն են հաստատում և ուշադրությունն ուղղում են Հայաստան։  Նրանք համախմբում են բոլշևիկյան ցրված զինվորական ուժերը եւ Կարմիր բանակի օգնական զորքի հետ, հյուսիսից և հարավից արշավում են Երեւանի վրա: Հայրենիքի Փրկության Կոմիտեի  ուժերը դիմադրում են: Սակայն բոլշևիկների գերազանց թվով բանակին հաջողվում է խորտակել հայոց դիրքերը եւ մոտենում են Երևանին:

Նոր արյունահեղությունից խուսափելու եւ հայ ժողովրդին հավելյալ տառապանք չպատճառելու նպատակով, կառավարությունը որոշում է  հեռանալ: Ապրիլի 2-ին, կառավարության անդամները, անվանի մտավորականները, զորք ու ժողովուրդ՝ շուրջ 10,000 հոգի, ձյան միջով մեկնում են Երևանից։ Բաշ Գյառնի, Միլլի Ձորի, Դարալագյազով, անհուն դժվարություններ հաղթահարելով, հաճախ իրենք հետապնդող բոլշեւիկ զորքի դեմ պաշտպանվելով հասնում են Սյունիք։

Հայաստանը կրկին հայտնվում է բոլշեւիկների բռնապետութեան տակ:

-«18 Փետրուար 1921. Հայ ժողովուրդի Ըմբոստ Ոգիին Շղթայազերծումը՝ Ազատատենչ Եւ Արդարադատ»-Նազարէթ Պէրպէրեան

-«Փետրուարեան ապստամբութեան անկապտելի ոգին»-Ն.

«Փետրուարեան ապստամբութեան խոստումով»-Սեդօ Պոյաճեան