Խանասորի արշավանք
25 Հուլիս , 1897Վասպուրականի 800 երիտասարդի կոտորածը ծանր հարված էր հայ հեղափոխական շարժման համար: Հայությունը հուսալքվում էր և հեղափոխության հանդեպ հավատը մարում էր։
1896 թվականի վերջերին գումարված Հ.Յ.Դ. Ռայոնական ժողովը որոշում է զինվորական մեծ գործողությամբ պատժել հայ հեղափոխականների ջարդարար քուրդ Մազրիկ ցեղը: Արշավանքի ծրագրի հեղինակը Նիկոլ Դումանն էր:
Ամիսներ տևած լուրջ պատրաստությունից հետո կազմվում է 250 հոգանոց արշավախումբ, որի հրամանատար է նշանակվում Սարգիս Մեհրաբյանը:
1897-ի հուլիս 2-ի գիշերը Սալմաստի շրջանի Հավթվան գյուղում ֆիդայինները երդվում են եւ ֆիդայի քահանայից ստանում են իրենց օրհնությունը։ Հրամանատարը շեշտում է արշավանքի անհրաժեշտությունը, կարևորությունը, Նիկոլ Դումանը հիշեցնում է ֆիդայու վեհանձնությունը՝ «կանանց եւ երեխաներին ձեռք տալու չէ վրիժարու քաջ ֆետան»:
Արշավախումբը բարձր տրամադրությամբ մեկնում է, անցնում է թուրք-պարսկական սահմանը, եւ հուլիսի 25-ի առավոտյան արշալույսին պաշարում է Խանասորի դաշտում հաստատված Մազրիկ ցեղի վրանները: Ամբողջ օրը հայ մարտիկները հերոսական կռիվ մղելուց հետո, երբ արդեն ծանր հարված էին հասցրել քուրդ ավազակախմբին, վերջինները նահանջելով անցնում են սահմանը եւ հետ վերադառնում Պարսկաստան:
Հ.Յ. Դաշնակցությունը 20 թանկագին զոհ տվեց այդ արշավանքի ընթացքում, որոնց մեջ էր աննման Կարոն (Արիստակես Զորյան) եւ Կրետացին (Աստվածատուր Միրզայան):
Թվով և տարողությամբ արշավանքը հանդիսանում է Հ.Յ. Դաշնակցության առաջին յոթամյակի ամենածավալուն ձեռնարկը: Դրա թողած տպավորությունը մեծ է։ Հայի հավատքը դեպի հեղափոխություն՝ վերահաստատվեց։ Դա եղավ նաև խիստ ահազանգ քրդերին, որոնք դրանից հետո հարգանքով լցվեցին ջան-ֆիդայինների նկատմամբ: