
Արմենակ Ղազարյան - Հրայր Դժոխք, Ուրվական

Ծնվել է Սասունի Խուլփ գավառի Ահրոնք գյուղում: Եղել է ազգային ազատագրական շարժման գործիչ, ղեկավար, ֆիդայի, ուսուցիչ ու քարոզիչ:
Հաճախել է Ղզլղաճ գյուղի, Սրբ. Կարապետ վանի և Միացյալ Ընկերության դպրոցները:
Մեկնել է Կովկաս, կամավորներ ու զինամթերք հայթայթելու: 1895 թվականին Կառնինու Մկրտիչի հետ գնում է Ռումինիա, որտեղից 50 հայ պանդուխտ երիտասարդների հետ (որոնց շարքում էր Անդրանիկն ու Աղբյուր Սերոբը) վերադառնում է Երկիր:
Սասունում գործակցել է Թաթուլի հետ:
Ջրհոր գյուղում կառուցել է Արմենակի աղբյուրը, հայ գյուղացիներին ազատելով ջրի տագնապից:
Զոհվել է Սասունի հերոսամարտին, Շենիքի բարձունքում՝ 40 տարեկան հասակում:
-13 Ապրիլ 1904-ին նահատակուեցաւ Հրայր Դժոխքը (Արմենակ Ղազարեան)-«ԴՐՕՇԱԿ»
Թուման Թումյանց - Թորգոմ

Ծնվել է Շուշիում: Ավարտել է տեղի թեմական դպրոցը. Հաճախել է Մոսկվայի համալսարանը և սովորել բնական գիտություն՝ որպես ազատ ունկնդիր:
Ռուսական բանակի սպա էր։ Գործիչ Կորսում, որտեղ նաև գործել են իր երբեմնի ընկերները՝ Արամը, Իսաջանը, Մենակը, Նիկոլը: 30 փորձառու զինվորներից եւ խմբապետներից կազմել է «Մրրիկ» ձիավորների խումբը, որն իրեն Կարսից ապահով առաջնորդել է Սասուն․ 15 օր շարունակ ցերեկները թաքնվելով եւ գիշերները ճամփորդելով:
Վերադարձել է Կարս ու երբ ավելի մեծ ՝ «Որսկան» խմբով փորձել է օգնության հասնել ապստամբ Սասունին, Օլթիի մոտ սպանվում է ռուս կոզակների կողմից։ Խմբից շատ քիչ մարդ է ազատ արձակվում։ Թորգոմը 25 տարեկան էր:
Իսաջան Առաքելյան

Ծնվել է Ղարաբաղում. Ավարտել է Շուշվա թեմական դպրոցը, որտեղ իր ընկերներն են եղել Թորգոմը, Մենակն ու Իշխանը:
Կամավոր մտել է զինվորական ծառայության, ապագա գործունեության պատրաստվելու նպատակով և ավարտել որպես պահեստի սպա:
Անցել է Բաքու, որտեղ մոտ մեկ տարի աշակերտական խմբերի հետ պարապել է գրականությամբ, պատմությամբ և ազգային ոգի ներշնելով:
Անցել է սահմանի մյուս կողմ՝ Բասեն ու ամիսներ շարունակ քարոզչական աշխատանք է վարել շրջակա գյուղերում, ու վերադարձել Կարս:
Իսաջանը զոհվում է մոտ 23 տարեկանում, իր ընկերոջ Վարդան Տոնոյանի բնակարանում, ռումբի պատրաստության պահին՝ իր չորս երիտասարդ ընկերների հետ.- կարսեցի Վարդան Տոնոյան, տրապիզոնցի Պողոս Պողոսյան, Խարբերդի Հյուսեյնիկ գյուղացի, Ամերիկայից վերադարձած Հովհաննես Նահիկյան եւ ռոստովցի Սարգիս. զոհվում է նաև պոլսեցի, Բուլղարիայում ապաստանած Թագվոր Չաքլճյանը:
Եգոր Առստամյան - Մենակ

Ծնվել է Ղարաբաղի Կռասնի գյուղում: Ավարտել է Շուշվա թեմական դպրոցը, որտեղ իր ընկերներն են եղել Թորգոմը, Իսաջանն ու Նիկոլը. Ավետիք Իսահակյանի մոտիկ բարեկամն էր, ով քերթված է ձոնել Մենակին:
Բաքվի բանվորական խմբերում եղել է Դաշնակցական քարոզիչ:
Ստանձնել է մի վտանգավոր գործ՝ ուսումնասրիել Բասեն-Սասուն 200-300 կիլոմետր ճանապարհները: Որպես ծպտյալ գյուղացի երկար ժամանակ ապրել է Բասենում եւ գյուղացիների հետ մի քանի անգամ հասել է Սասուն:
Իր ճանապարհային ցուցմունքով Թորգոմի «Մրրիկ» խումբը ապահով հասել է Սասուն: Մաս առ մաս, Կարսից-Բասեն փոխադրել է տալիս ռազմամթերք, որը պատրաստել էին Իսաջանը, Արամն ու Հակոբ Չիլինկարյանը:
Գյուղացի Մենակի մի ոտքը Բասենում էր, մյուսը Կարսում։ Երբ մի քանի զինված գյուղացիների հետ գնում է Նևրուզի խմբին օգնության՝ սպանվում է 21 տարեկան հասակում:
Սերոբ Վարդանյան - Աղբյուր Սերոբ

Ծնվել է Ախլաթի Սոխորդ գյուղում: Ֆիդայի:
Հետապնդվելով թուրք իշխանության կողմից, անցել է Պոլիս ապա՝ Ռումինիայի Սուլինա քաղաքը, որտեղ դարձել է սրճեփ:
Շնորհիվ Հրայրի ու Կառնինու Մկրտիչի երկրի մասին տված տեղեկություններին, պանդուխտ Սերոբը Կովկասի ճանապարհով, 27 հոգանոց զինված խմբով շտապել էր իր ծննդավայր ու լծվել մարտական աշխատանքի:
Կռիվներ է վարել թուրք կանոնավոր զորքի դեմ, Բաղեշի մոտ: Փրկել է բազմաթիվ հայ գյուղեր կոտորածից ու թալանից:
35 տարեկան հասակում դավադրաբար թունավորվել է ծխախոտի միջոցով, Սասունի Գելիգուզան գյուղում, և սպանվել է իր երկու եղբայրների ու 16 տարեկան որդու՝ Հակոբի հետ: Վիրավորվել ու գերևարվել է իր կինն ու զենքի ընկերը՝ Սոսեն:
Արամ Արամյան - Աշոտ, Թաթուլ

Ծնվել է Կարինում, Հովասափյանների ընտանիքում: Հաճախել է Արզնյան, ապա Սանասարյան վարաժարանները:
Եղել է ՀՅԴ գործիչ եւ ահաբեկիչ:
Կարսի ու Բասենի շրջաններում գործել է Հրայրի հետ, ժողովրդի զինման ու հեղափոխական խմբերի համար Կարս-Սասուն անցման կայաններ հասատատելով: Թաթուլը եղել է առաջին դաշնակցական գործիչը Սասունում:
Բասենի Քյոփրի-քոյ գյուղում ձերբակալվում է որպես հեղափոխական ու Կարինում կախաղան բարձրացվում: Արամյանը 28 տարեկան էր:
Բաղդասար Մալյան - Գուրգեն

Ծնվել է Ագուլիսի Զոկ գյուղում, եղել է Ռոստոմի հայրենակիցը ու ռուսական բանակի զինվոր:
Երկիր անցնելու նպատակով մեկնել է Պարսկաստան:
Բուլղարացի Պետոյի խմբի հետ եկել է Վան. մասնակցել է «Պստիկ» կռիվներին:
Բաղեշում ահաբեկել է հայատյաց ոստիկանապետ Հիլմին:
Անցել է Ախլաթ, օժանդակելու Աղբյուր Սերոբին. հիմնել է Սալնո-Ձորի Կենտրոնական Կոմիտեն, ու կազմակերպել է կուսակցական Կարմիր Խաչի կանանց խմբերը:
Կազմակերպական գործով մեկնել է Սասուն. Երբ Ցրոնք գյուղում, Սասուն փոխադրելու նպատակով պատրաստել էր տալիս սպիտակ վառոդ, մատնվում, պաշարվում եւ սպանվում է 26 տարեկանում:
Արիստակես Զորյան - Կարո

Ծնվել է Գողթն գավառի Ցղնա գյուղում. Ռոստոմի կրտսեր եղբայրն է:
Երկրորդական ուսումը ստացել է Թիֆլիսում, որտեղ նաև սովորել է զինագործություն՝ Գալուստ Ալոյեանի «Կովկաս» արհեստանոցում:
Թավրիզի «Խարիսխ» զինգործարանի հիմնողներից է․ հաճախ էր ճամփորդում ու հրացանի մասեր առնում ռուս պետական զինանոցի բանվորներից։
Իբրեւ Ախպերի օգնական հարյուրապետ մասնակցել է Խանասորի արշավանքին, որտեղ էլ նահատակվում է։ Կարոն 26 տտարեկան էր:
-«Արիստակէս Զօրեան (Կարօ) 1871-1897. Խանասորի արշաւանքի նահատակը»-«ԴՐՕՇԱԿ»
Մարիամ Մակարյան - Մարո

Ծնվել է Դերբենտում՝ Տաղստան:
Փոքր տարիքում որբացել է։ Խնամքով մեծացրել են եղբայրները։ Ուսում ստացել է տեղական վարժարանում։
Անցել է Թավրիզ, ապա Սալմաստ, որտեղ վարել է ուսուցչական պաշտոններ։ Անդամակցել է Հ.Յ. Դաշնակցությանը։ Մասնակցել սահմանագլխից զենք փոխադրելու գործին:
1896-ին երբ Թիֆլիսի Ռայոնական ժողովը որոշել է կազմակերպել Խանասորի արշավանքը, շատերի կարգին Կարոն էլ կհառակվի այդ ձեռնարկին, ինչը Մարոյին մտածելու առիթ է տվել, որ իր եւ Կարոյի փոխադարձ սիրո զգացումն է պատճառը:
Ինքնասպան է եղել արշավանքի նախօրեին՝ որպեսզի Կարոն կաշկանդված չլինի:
Պետրոս Փարյան - Բաբկեն Սյունի

Ծնվել է Ակնի Բինկյան գյուղում։ Ավարտել է Պոլսի Կենտրոնական վարժարանը։ Մեկ տարի ծառայել է որպես նավաստի:
Հ. Յուսուֆյանի դաստիարակած դաշնակցական սերնդից էր: Պոլսի Կենտրոնական Կոմիտեի անդամ էր:
Նախաձեռնել և կազմակերպել է Պոլսի Բանկ Օթոմանի գրավումը։ Նրան են վստահել ձեռնարկի ընդհանուր ղեկավարությունը։ Զոհվել է դրամատան մուտքի մոտ՝ սանդուխքների վրա՝ 24 տարեկանում։