Մակրոնը լավատես է Արցախյան հակամարտության կարգավորման առաջընթացի հարցում
31 Հունվար 2020 Մենք ամբողջ տարին աշխատում ենք Ֆրանսիայի քաղաքական վերնախավի հետ: Վերջին մի քանի տասնյակ տարիներին մշակեցինք քաղաքական և անձնական կապեր պատգամավորների, նախարարների և, վերջապես, նախագահների հետ. այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:Հունվարի 29-ին Փարիզում տեղի ունեցավ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքը, որին ներկա էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Իր՝ մոտ 35 րոպե տևողությամբ ելույթում Մակրոնը անդրադարձավ Արցախյան հակամարտությանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու ժխտման անթույլատրելիությանը և այլն:

Մեր այն այն հարցին, թե ինչ ուղերձներ էր պարունակում Ֆրանսիայի նախագահի ելույթը՝ հատկապես Արցախի վերաբերյալ, Մուրադ Փափազյանը նշեց. «Այս բոլորը լուրջ և հետևողական աշխատանքի արդյունք է: Հարցերը, որոնք բարձրացրինք 2019 թ. ողջ տարվա ընթացքում, վերաբերվում էին Արցախի անվտանգությանը և Արցախի Հանրապետության ճանաչմանը: Այս պարագաները մեզ համար ունեն առաջնահերթություն: Ինչու՞: Նախ և առաջ իրավունքի հարց է. Արցախի ժողովուրդն ինքը հանրաքվեով որոշել է հայեցի ապրել իր պապենական հողերի վրա: Հիշեցրինք նաև, որ Ադրբեջանի պատերազմական կեցվածքը Արցախի ժողովրդի դեմ անհնար է դարձնում որևէ քայլ: Նախագահ Մակրոնը հասկացավ և ընդունեց այս իրականությունը: Հիշեցրեցինք, որ Արցախը Հայաստանի վահանն է, և, եթե վտանգվի Արցախը, կվտանգվի նաև Հայաստանը»:
ՀՅԴ Բյուրոյի անդամը ընդգծեց՝ քաղաքական վերնախավի հետ հանդիպումների ժամանակ պահանջել են, որ կառավարության ներկայացուցիչները դադարեցնեն դատի տալ ֆրանսիական քաղաքներին, որոնք բարեկամական պայմանագրեր են ստորագրում Արցախի քաղաքների հետ: Դրանից հետո պահանջ ներկայացվեց, որ օրակարգի վրա դրվի Հայոց ցեղասպանության ուրացման դեմ օրենքի նախագիծը:
Հարցին՝ արդյոք կարելի՞ է ակնկալել, որ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը դարձյալ կդառնա քրեորեն պատժելի՝ հաշվի առնելով Մակրոնի դիրքորոշումն ու վերաբերմունքը Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ (հենց Մակրոնի նախագահության ժամանակ է Ֆրանսիայում ապրիլի 24-ը հայտարարվել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր), Մուրադ Փափազյանն ասաց՝ դա Մակրոնի խոստումներից մեկն է, և 2020 թ. պետք է դառնա աշխատանքային տարի Ֆրանսիայի կառավարության հետ:
«Մեր և իրենց մասնագետները պիտի աշխատեն՝ սահմանադրական լուծումներ գտնելու համար: Չմոռանանք, որ Թուրքիան լրջորեն աշխատում է մեր դեմ՝ վնասելու մեր աշխատանքը», – նշեց Փափազյանը:
Երեկ կայացել էր Մակրոն-Ալիև հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկման առարկա էր նաև Արցախյան հակամարտության կարգավորումը: Անդրադառնալով այդ հեռախոսազրույցին՝ ՀՅԴ Բյուրոյի անդամը նշեց. «Նախագահ Մակրոնը մեզ հաստատեց, որ Ֆրանսիան աշխատում է լրջորեն: Նախագահը բավական լավատես է և հույս ունի, որ 2020 թ. դրական տարի կլինի»:
Ընթրիքին ներկա էր նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ով առանձնազրույց ունեցավ Ֆրանսիայի նախագահի հետ. «Նախագահ Մակրոնին ներկայացրինք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին, ով գնահատեց Ֆրանսիայի և ֆրանսահայության միջև առկա բարձր մակարդակի հարաբերությունները: Նախագահ Մակրոնը տպավորվեց Հայ Յեղափոխական Դաշնակցության, որպես միջազգային կառույցի, դերով և գործունեությամբ: Մակրոնը լավագույնս հասկացավ ՀՅԴ-ի կարևորությունը՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների», – խոսքը եզրափակեց Մուրադ Փափազյանը: